MHH

ՀՀ կառավարությունը 3 միլիոն 281 հազար դրամ  գումար տրամադրեց Երևանի համայնքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։

Այս որոշումը Կառավարությունն ընդունեց օգոստոսի 8-ի հերթական նիստում։

«Ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի կողմից ներկայացված նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար  անհրաժեշտ կլինի 54,2 միլիոն դրամ։ Հարցը քննարկվել է նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, ընտանիքի կողմից է եղել արձանը հենց այնտեղ տեղադրելու նախաձեռնությունը և ցանկությունը»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված դեռ շատ վաղուց որոշում կար, և նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այդ տեղը Դեմիրճյանի ընտանիքի համար պակաս ընդունելի համարվեց։

«Ի վերջո, Երևանի քաղաքապետարանն առաջարկեց արձանը տեղադրել մարզահամերգային համալիրի դիմաց։ Կառավարությունը և ընտանիքը առաջարկն ընդունեցին։ Նաև ներկայացվել է արձանի մակետը, որը, կարծես թե, ընդունելի է և՛ Երևանի քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ ժամկետներում արձանը ֆիզիկապես տեղադրված կլինի տարածքում, նախարարը ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ աշխատանքը կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...