BBC հեղինակավոր պարբերականի` նախօրեին արած հրապարակումը մարտիմեկյան գործի վերաբերյալ, Հայաստանում հասկանալիորեն առաջացրել է մեծ իրարանցում ու քննարկում, որքան էլ առկա տեղեկություններում չկար գործնականում մի բան, որն իրապես նորություն էր Հայաստանի հանրության համար:

Սակայն այս հանգամանքը ևս մեկ անգամ ստիպում է խորությամբ դիտարկել իրավիճակը, արձանագրելու համար, որ առկա տեղեկատվության ցանկացած նոր փաթեթավորում՝ ձևի, ժամանակի, հրապարակման հարթակի կամ որևէ այլ տեսքով, Հայաստանի հանրությունում առաջացնելու է լուրջ քննարկումներ և իրարանցում՝ միաժամանակ չպարունակելով որևէ պատասխան: Իսկ այդ հանգամանքը ևս մեկ անգամ հուշում է, թե մարտիմեկյան հանցագործությունն ինքնին ինչպիսի ազգային անվտանգության սպառնալիքի է վերածվել Հայաստանի և հանրության համար:

Այն դարձել է Հայաստանի, հանրության նկատմամբ տեղեկատվական գրոհների պատրաստի հումք, անսպառ աղբյուր: Իսկ թե ինչ նպատակներով են արվում այդ գրոհները, կամ ինչպիսի ազնիվ նկատառումներով են արվում հրապարակումները, արդեն դառնում է երկրորդական, որովհետև հանրության շրջանում այդ հրապարակումներն ունենալու են խիստ սուբյեկտիվ ընկալումներ և արձագանք, անկախ, թե որ ճամբարի կամ որ շերտի մասին է խոսքը:

Ահա այդ իրողությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մարտիմեկյան գործն ունի շուտափույթ բացահայտման կարիք, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել դատական գործընթացը, որպեսզի դադարեն մանիպուլյացիաները, և գործի նյութերը դառնան հանրության համար առավել հասանելի, ըստ այդմ նաև նվազի, այսպես ասած, մանիպուլյացիաների դաշտը: Կամ՝ նախաքննության մարմինն ու իրավապահ համակարգն ընդհանրապես պետք է շատ ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկեն գործի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերը բացառելու, ըստ այդմ՝ հնարավոր մանիպուլյացիաների դաշտը փակելու համար:

Մարտի 1-ը հանցագործություն էր պետության ու հանրության դեմ: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ հանցագործության բացահայտման գործընթացն էլ իր հերթին չդառնա պետության ու հանրության դեմ որևէ մեկի գործողությունների գործիք, առիթ, աղբյուր: Ըստ այդմ՝ պետք է թերևս բարձրանա նաև իրավապահների գործողությունների արդյունավետության նկատմամբ քաղաքական իշխանության պահանջների նշաձողը:

Կա՛մ պետական պատասխանատու օղակները կտան «Ի՞նչ էր Մարտի 1-ը» հարցի ամբողջական, սպառիչ պատասխանը, կա՛մ մենք, որպես հանրություն ու պետություն, անընդհատ կմնանք հարցերի պատանդի կարգավիճակում, և այդ պարագայում իրենց հարցերը կլուծեն ամենատարբեր խմբեր, իսկ հանրության ու պետության հեռանկարային զարգացման հարցը կմնա չլուծված:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...