Մարտի 1-ի գործում որոշակի անհանգստացնող հանգամանքեր կան

- in Կեղտոտ լվացք

Զրոյական մեղադրանք է․ երեկ, կալանքից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը:

«Խոստացել են, որ մեկ ամսվա ընթացքում մեղադրանքը կհանեն»,- ասել է Գեղամ Պետրոսյանը:

ՆԶ շտաբի նախկին պետի ինքնավստահ հայտարարությունները հուշում են, որ ՀՔԾ-ն չի կարողացել հիմնավոր փաստերով ապացուցել, որ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը բացահայտված է, կամ առնվազն չի հիմնավորել, որ դրա հետ ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակիցն առնչություն ունի։ Հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, որ Հայաստանում կամ աշխարհի թեկուզև ամենադեմոկրատական երկրում փոխվի մեղադրյալի խափանման միջոց, որը մեղադրվում է սպանության մեջ։ Ավելի հիմնավոր է թվում այն վարկածը, որ Պետրոսյանի մեղադրանքը բավարար չափով հիմնավորված չէ, ու ՀՔԾ-ն սկսել է նրա մասով գործը կարճելու, այսպես ասած, «փուլային» գործընթաց։ Նման պրակտիկա որդեգրել էին նաև նախկին իշխանությունները, որոնք հաճախ ինչ-որ մեկին փակում էին, հետո տարբեր իրավական ընթացակարգերով հասնում էին գործի կարճմանը։

Եթե Գեղամ Պետրոսյանի մեղադրանքն իրապես զրոյական է՝ ինչպես պնդում է նա, ապա առաջանում է նախաքննության մարմնի պատասխանատվության հարցը։ Չի կարելի առանց լուրջ հիմքերի մարդուն սպանության մեղադրանք առաջադրել, հետո նման ոչ համարժեք ու անպատասխանատու վարքագծով «ջրել» գործը։ Ի վերջո, այստեղ ՀՔԾ-ն բարոյական խնդիր ունի ոչ միայն մեղադրյալի, այլ նաև՝ ուրիշ սուբյեկտների, առաջին հերթին՝ Զաքար Հովհաննիսյանի հարազատների առաջ, որոնք այս օրերին երկրորդ անգամ վերապրեցին իրենց մտերիմի մահվան ցավը։ Համենայն դեպս, եթե տուժող կողմը ամիսներ առաջ հավատացած էր, որ մերձավորի սպանությունը բացահայտված է, հիմա կրկին հայտնվել է անորոշության մեջ, ինչը, բնականաբար, նախաքննական մարմնի հանդեպ անվստահություն է ծնելու բոլոր տասը զոհերի հարազատների մեջ:

ՀՔԾ-ն նման էպատաժային քայլերով ապակողմնորոշում է նաև երկրի քաղաքական ղեկավարությանը, որը փաստացի ոչ հավաստի տվյալների հիմքով հայտարարում է, թե Մարտի 1-ի գործում սկսվել է սպանությունների բացահայտման փուլը, իսկ հիմա ստիպված է բացատրություններ տալ նախաքննության մարմնի ոչ այնքան պրոֆեսիոնալ գործողությունների համար։

Եվ առհասարակ՝ Մարտի 1-ի գործում որոշակի անհանգստացնող հանգամանքեր կան, որոնց առթիվ ցանկալի կլիներ լսել ՀՔԾ-ի պարզաբանումները։ Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը դատարան ուղարկելով՝ նախաքննության մարմինը մատնված է պարապուրդի։ Մինչդեռ ակնհայտ է, որ Մարտի 1-ի ոճրագործության լիարժեք բացահայտման մասին հնարավոր չէ խոսել, քանի դեռ բացահայտված չեն տասը սպանությունների հեղինակներն ու նրանց պատվիրատուները։ Այս հարթության վրա առայժմ առաջընթաց չկա, համենայն դեպս՝ նույնիսկ Զաքար Հովհաննիսյանի սպանության բացահայտման հայտարարությունը դրվում է կասկածի տակ՝ հաշվի առնելով Գեղամ Պետրոսյանի երեկվա հայտարարությունը։

Մարտի 1-ի գործի մյուս ուղղություններով ևս ՀՔԾ-ն լռություն է պահպանում։ Օրինակ՝ գաղտնալսումների հայտնի սկանդալին հաջորդած ասուլիսում Սասուն Խաչատրյանը հայտարարություններ հնչեցրեց, որոնք հուշում էին, որ շուտով բացահայտվելու է հանցագործության, այպես կոչված, քրեաօլիգարխիկ շերտը, այլ խոսքով՝ անհատականացվելու է Մարտի 1-ի արյունահեղությանը մասնակցած յուրաքանչյուր օլիգարխի մեղքը։ Սակայն անցել են ամիսներ, գրեթե՝ մեկ տարի, սակայն այս ուղղությամբ ևս որևէ նորություն չունենք։

ՀՔԾ-ի պրոֆեսիոնալիզմի պակասը, դանդակողությունն ու թափթփվածությունը շահարկումների տեղիք են տալու, որովհետև տպավորություն է, թե կոնկրետ թիրախավորված էր Ռոբերտ Քոչարյանը, որի գործը դատարան ուղարկելուց հետո նախաքննության մարմինն իր «առաքելությունն» ավարտված է համարում։