Մեգանպատակ վարչապետից. մարտահրավեր՝ ինչ ուտել մինչեւ 2050 թվական

- in Կարծիք

Մինչեւ 2050 թվական Հայաստանի մեգանպատակների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արժանացել է ամենատարբեր գնահատականների՝ լուրջ քննարկումներից մինչեւ հեգնանք եւ ծաղր: Դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ որեւէ հանրության ընդհանրապես: Ի վերջո, հանրային շերտերն ու մարդիկ տարբեր են, տարբեր նպատակներով ու պատկերացումներով:

 http://lragir.amԽնդիրը թերեւս այն է, թե ի՞նչն է գերակայում «դիսկուրսում», ո՞ր շերտի ընկալումը: Լուրջ քննարկումնե՞րն են կազմում կամ լցնում օրակարգը, թե՞ շահարկումը, հեգնանքը, նենգափոխումը:
Ինչ խոսք, բավականին բարդ ու դժվար է լուրջ խոսել երեսնամյա հեռավորության հնչեղ նպատակների մասին, երբ շատ ավելի մոտ՝ աչքի համար տեսանելիության ու մաշկի համար շոշափելիության մակարդակում կան ահռելի խնդիրներ, որոնք որեւէ կերպ չեն աղերսվում մեգանպատակների այդ շրջանակի հետ:

Մյուս կողմից, մեգանպատակների թիրախավորումը ամենեւին չի նշանակում առկա խնդիրների մոռացություն: Եվ ավելին, այդ նշաձողը կառավարությանը ստիպելու է էլ ավելի հաշվետու լինել ընթացիկ խնդիրների լուծման համար, որովհետեւ հռչակելով մեգանախագծերը, Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա հանրությանը էլ ավելի կենտրոնացրեց ընթացիկ նպատակների եւ խնդիրների վրա, բարձրացնելով կառավարությանն ուղղվող հարցերի ալիքը:

Իրավիճակն այդ առումով իսկապես հարաբերական է, ինչ որ իմաստով հակասական: Ամեն ինչ կախված է հանրային որակից, հանրային էլիտաների որակից: Ինչպե՞ս կաշխատեն հանրային, քաղաքական էլիտաները այն մեգանպատակների հետ, որ հռչակել է վարչապետը: Ինչպես կաշխատեն հանրային այն ուշադրության հետ, որ այդ նպատակների ֆոնին կենտրոնանում է ընթացիկ խնդիրների վրա:

Հանրային էլիտաներն այդ նպատակը կդարձնեն Նիկոլ Փաշինյանինը՝ ու կսկսեն թիրախավորե՞լ դրանք, ակնկալելով սեփական հաջողություն դրա արդյունքում, թե՞ հռչակված նպատակները կդարձնեն իրենց սեփականությունը:

Որեւէ մեկը դե՞մ է, որպեսզի Հայաստանը 2050 թվականին ունենա 5 միլիոն բնակիչ, կամ 10 միլիարդ արժեքով առնվազն հինգ տեխնոլոգիական ընկերություն: Որեւէ մեկը դե՞մ է հռչակված նպատակներին: Դրանք անիրատեսակա՞ն է համարում, թե՞ համարում է քիչ:

Եթե կան շրջանակներ, որ այդ մեգանպատակները, երեսնամյա հեռանկարի ռազմավարական սահմանումը համարում են քիչ, այդ դեպքում թող հանրությանը ներկայանան ավելի մեծ նպատակներով եւ դրանց հասնելու ավելի կոնկրետ ճանապարհով: Գուցե գնահատվի ավելի բարձր եւ բերի հաջողություն:

Եթե հռչակված նպատակներին որեւէ մեկը դեմ չէ, բայց համարում է անիրատեսական, ապա պետք է ներկայացնել իրատեսական նպատակները՝ դրանց վերաբերյալ սեփական պատկերացումը, հռչակվածը հեգնելու կամ ծաղրելու փոխարեն:

Այդպես պետք է ձեւավորվի լուրջ դիսկուրսն ազգային նպատակների եւ դրանց հասնելու ճանապարհի շուրջ, այդպես պետք է ազգային, պետական, համահայկական նպատակների համար պատասխանատվություն ստանձնի ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ հասարակական-քաղաքական էլիտան, որը հավակնում է որեւէ իշխանության եւ հանրությանը որեւէ ասելիքի:

Վերջին հաշվով, Հայաստանն անցել է իշխանության հռչակագրերը հեգնող, ծաղրող, նենգափոխող այսպես ասած ընդդիմադիր դիսկուրսի տարիների ճաապարհը, որտեղ այդ «դիսկուրսը» «ուտվում» էր այնքանով, որքանով իշխանությունն «ուտում» էր հանրային եւ պետական միջոցները:

Ներկայում կա այլ՝ «չուտող» իշխանություն, ու դա ակնառու է: Հարցն այն է, թե այդ իշխանության շրջանակից դուրս կա՞ հանրային-քաղաքական կարող էլիտա, որը գիտե, թե ինչ դիսկուրս պետք է ծավալել այդպիսի իշխանության պայմաններում: Թե՞ սեփական դիրքերի ապահովման համար պետք է դնել մի համընդհանուր ընդդիմադիր «մեգանպատակ». հասնել նրան, որ վերականգնվի «ուտող» իշխանություն երեւույթը կամ առնվազն հանրային տարածված ընկալումը՝ թե, միեւնույն է, ով էլ լինի՝ ուտելու է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան