Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն է

- in Տնտեսական

Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի» բիզնես ֆորումը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի ու շատ այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ Համաժողովին կներկայացվի նաև մարզի ներդրումային գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն։
Ներդրումային-բիզնես համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող գործարարների։

Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն է, այսօր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած մյուս ոլորտներով: Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած կրթությունով, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, ամեն ինչում: Հենց այդ  ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցակցությունը բարձրացնելու միակ ուղին ու գրավականը: Մեր հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լուրերից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, որ այս համաժողովների այս շարքը նույնպես շատ կարևոր է, որովհետև տնտեսության մեջ ևս շատ կարևոր է շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը: Այս համաժողովները անցկացվելու են այլ մարզերում ևս:

«Անհամբերությամբ սպասում ենք ծանոթանալու, թե ինչ հաջողություններ ունեն գործարարները Կոտայքում, ինչ ծրագրեր ունեն, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել եղած հաջողությունները: Մեր քաղաքական առաջնահերթություններից մեկն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Սա շատ նուրբ աշխատանք է, որովհետև մենք արդյունաբերությանն ու արդյունաբերողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու հնարավորություն և ոչ թե, կներեք այս կոպիտ բառի համար, նրանց նստեցնում ենք աջակցության վրա՝ թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և զարգանալու հնարավորությունները»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ Կոտայքի մարզը ինչպես արդյունաբերական, այնպես էլ զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի: Մարզում նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան, և կառավարությունը քայլեր է անում, որպեսզի այդ ընկերությունները ոտքի կանգնելու հնարավորություն ունենան: Ըստ վարչապետի՝ մարզում պետք է զարգացնել նաև արդյունաբերական գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պետք է էապես ավելանա, և սա կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի: