BBC-ի ռուսական ծառայության 2008 թվականի մարտի 1-ի մասին հրապարակումից հետո գործը, որը գրեթե հաջողվել էր քաղաքական-իրավական մակարդակ բարձրացնել, նորից վերադարձել է նախկին ինտրիգին:

Նոր կառավարությունն այս 1.5 տարիներին մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որ վերջապես բացահայտի մարտի 1-ի գործը ու փակի էջը. հարցաքննվել են մարդիկ, որոնք մինչ այդ ցուցմունք չէին տվել, ընդունվել է տուժողներին վնասի փոխհատուցման մասին օրենք, իսկ վերջերս կառավարությունը որոշել է փոխհատուցման չափը: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել այդ օրը պետության անունից կատարված գործողությունների համար՝ դրանով բարոյական գնահատական տալով տեղի ունեցածին: Քրեական գործ է հարուցված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, որին մեղադրում են մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Այդպիսով, նոր իշխանության ռազմավարությունը տարվում է նրան, որ մարտի 1-ի իրադարձություններին քաղաքական գնահատական տրվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատով, իսկ տուժածներին վերջապես աջակցություն կտրամադրեն:

Այս ռազմավարությունը, ըստ ամենայնի, այնքան էլ ձեռնտու չէ այն ուժերին, որոնք այս 10 տարիներին մանիպուլյացրել են մարտի 1-ի գործը: Դա կարող են լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժեր, որոնք անկյունաքար են դարձրել Հայաստանի ու Ղարաբաղի տարանջատումը՝ ղարաբաղցիներին մեղադրելով ոչ միայն Հայաստանում իշխանության գրավման, այլ նաեւ Երեւանում մարդկանց գնդակահարության մեջ:

Վերջին 1.5 տարվա ընթացքում այս կեղտոտ ռազմավարությունն սկսել էր չաշխատել, եւ գործն սկսել էր մտնել հուն, որը թույլ կտար վերջապես բացել բարդ հանգույցը: Բայց կրկին տեղի է ունենում հետընթաց նախկին ինտրիգին եւ «Երեւանում գնդակահարությունը ղեկավարել է ղարաբաղցի գեներալը» սակրալ արտահայտությանը:

Այն ժամանակ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանն իր ցուցմունքներում խոստովանել է, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել 700 զինծառայող, բայց պնդում է, որ նրանք չեն կրակել եւ այդպիսի հրաման չի եղել:

Իսկ ո՞վ է կրակել: Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Մովսես Հակոբյանին եւ նրանց, ովքեր մեղադրում են «ղարաբաղցի գեներալներին», հայտնի՞ է, թե ով է կրակել: Ու՞մ է ձեռնտու սլաքներն ուղղել ղարաբաղյան ուժայինների ուղղությամբ ինչ-որ մեկին պատասխանատվությունից ազատելու համար: Ո՞ւմ էր պետք հայտարարել, որ «Երեւանում գնդակահարությունը ղեկավարել է ղարաբաղցի գեներալը» նույն օրը, երբ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը խոսում էր համազգային օրակարգի ու կոնսենսուսի մասին:

Ի վերջո, եթե քննության նյութերում իրոք պնդվում է, որ «Սամվել Կարապետյանը ղեկավարել է գնդակահարությունը», ինչպես գրում է BBC-ն, ապա հարցեր են ծագում քննությանն ու դատախազությանը: Ինչու՞ է նա մինչ օրս ազատության մեջ: Իսկ եթե ուղիղ նյութեր չկան, ապա ինչու՞ է պետք մարտի 1-ի գործը վերադարձնել հին ինտրիգին, որն արդեն 10 տարի թունավորում է հայկական քաղաքական դաշտը: Եթե «ղարաբաղցի գեներալը չի ղեկավարել գնդակահարությունը», այդ դեպքում ու՞մ են թաքցնում այդ օրերի դեպքերի մասնակիցները: Մի՞թե իրական մարդասպանների անունները տալն ավելի սարսափելի է, քան կոշտ օստրակիզմի ենթարկվելը:

Մարտի 1-ի գործով դատական նիստը դեռ նշանակված չէ, եւ փաստ չէ, որ նիստի ժամանակ կհաջողվի բացահայտել ողջ ճշմարտությունը: Ըստ ամենայնի, ոչ ոքի պետք չէ ճշմարտությունը: Ոմանք կառչել են միֆերից, իսկ ոմանք էլ հայկական բանտի խուցը համարում են իրենց համար առավել անվտանգ վայրը: Մի՞թե նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, գերադասում են բանտ նստել, քան տալ կրակողների անունները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...