Միհրան Պողոսյանը Սոլժենիցինն է, ի՞նչ է, որ չի արտահանձնում Ռուսաստանը

- in Կարծիք

Ռուսաստանը մերժել է Միհրան Պողոսյանին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն նշեց, որ նման կերպ Ռուսաստանը նվաստացնելով արհամարհում է, ասում է՝ դուք ոչինչ չեք կարող անել, մենք ինչ ուզենք, կանենք. «Միհրան Պողոսյանը Սոլժենիցինն է ի՞նչ է, որ չի արտահանձնում Ռուսաստանը»։

«Սա արհամարհանք է, ուրիշ բան չկա: Էդտեղ քաղաքական հետապնդման ոչինչ չկա: Այդ անձը մեղադրվում է կոնկրետ հանցագործությունների մեջ՝ անկախ նրանից, թե այդ մեղադրանքը հիմնավոր է, թե ոչ: Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան իրավիճակը և քայլ անեն, ընդ որում, ոչ թե խոսքով, այլ բովանդակային առումով: Ինչքան մնանք այս վիճակում, այնքան մեզ բանի տեղ չեն դնի»,-ընդգծեց Շիրինյանը:

Դիտարկմանը, որ Միքայել Հարությունյանի դեպքում ՌԴ իշխանությունները հայտարարեցին, որ նա ՌԴ քաղաքացի է, չեն կարող հանձնել, իսկ այս դեպքում գործ ունենք ՀՀ քաղաքացու հետ, Շիրինյանն արձագանքեց. «Սա արհամարհանք է: Ամեն պատրվակ օգտագործում են իրենց ղոլամներին պաշտպանելու համար: Մեկն ուղղակի է կապված, մյուսն անուղղակի: Այստեղ մեկ ուրիշ բան էլ կա. քանի որ խոսքը տնտեսական հանցագործությունների մասին է, Հայաստանը հասել է մի եզրագծի, որը Ռուսաստանի համար շատ ավելի բարդ է: Ռուսաստանը տնտեսական լծակներով այդ ժողովուրդներին իր սայլին կպած է պահում ու հիմա մենք այդ նյարդին ենք կպել: Այստեղ գործ ունենք օլիգարխիայի, տնտեսական, քրեական տարրերի սերտաճման հետ: Դրա համար ՀՀ իշխանությունը պետք է հասկանա ստեղծված իրավիճակը և շնորհքով աշխատի, երկիրը կարգի բերի»:

Քաղաքագետը նկատեց, որ իշխանությունն իր երկրում չգիտի, թե ինչ է անում. մեկ ՍԴ-ն է ցրում, մեկ հավաքում է. «Երբ որպես պետություն ներկայանա, հարցերն էլ կլուծվեն: Ռուսաստանը ռիսկ կանե՞ր Իսրայելին չհանձներ նման մեղադրանք առաջադրված անձին: Ընդհակառակը, կհանձներ ու կասեր՝ ես գեներալի պատիվն եմ պահում, քանի որ այդ անձը գեներալի ուսադիրներն է վարկաբեկել: Երկրի իմիջը նաև զարգացվածության, կազմակերպվածության մակարդակի հետ է կապված, իշխողների արժանապատվության հետ: Ոչ մի հարց չեն կարողանում լուծել: Բա էլ ի՞նչ դաշնակից ենք ռուսների հետ»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, քաղաքագետն արձագանքեց. «Դե լավ է, որ ինչ ուզում են, տալիս ենք: Իշխող վերնախավը պետք է ինտելեկտուալ լինի, արժանապատիվ լինի: Ոնց կարող են իրենց հետ այդպես վարվել, այդպես խոսել: Լավ հարաբերությունն այն կլիներ, որ Ռուսաստանը մեզ ընդառաջ գնար որևէ հարցում: Չի եղել մի հարց, որ Ռուսաստանը մեզ ընդառաջ գա, ասի՝ կներես, այդպես չպիտի լիներ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...