Erdoghan Putin

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր ժամանել է Մոսկվա Վլադիմիր Պուտինի հետ Իդլիբի հարցով բանակցելու համար: Անկարան շահագրգռված չէ սիրիական կառավարական զորքերի ու նրանց աջակցող Ռուսաստանի հետ բախմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Սիրիայի Զինված ուժերի գլխավոր շտաբն օգոստոսի 23-ին հայտարարել է Համա նահանգում Խան Շեյխուն քաղաքն ազատագրելու, դեպի հյուսիս շարժվելու եւ երկրի ողջ տարածքն ազատագրելու մտադրության մասին:
Ընդ որում, օգոստոսի 19-ին թուրքական զրահատեխնիկայի շարասյունը հատել է սիրիական սահմանը եւ շարժվել պաշարված քաղաքի ուղղությամբ՝ հնարավոր է, Անկարայի վերահսկողության տակ գտնվող խմբավորումներին աջակցելու համար:

«Սիրիական ու թուրքական զորքերի ուղիղ զինված բախումը, որն ավելի իրական է դառնում, կարող է հարվածի տակ դնել ռուս-թուրքական հարաբերությունները», – գրում է ՌԻԱ Նովոստին:

Մերձավոր Արեւելքում իրադարձությունները հիշեցնում են նոր կարգի ստեղծման գործընթացի եզրափակիչը, եւ ամեն երկիր փորձում է նոր օգուտներ ստանալ կամ էլ գոնե պահպանել ունեցած դիրքերը:

Թուրքիան պատմության բերումով հայտնվել է այն կողմում, որը կարող է կորցնել նոր աշխարհակարգի պայմաններում: Անկարան ագրեսիվ ռազմական քայլեր ու դիվանագիտական «հարձակումներ» է իրականացնում: Բայց ինչ-որ բան փոխվում է, եւ եթե Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն իրոք վատանան, Թուրքիան կարող է իր դիրքերի պահպանման կարեւոր թել կորցնել: Առավել եւս, որ տարածաշրջանում վաղուց խոսում են քաղաքակրթական բաժանարար գծերի մասին:

Թուրքիան, ինչպես խոստովանում են այդ երկրի ղեկավարները, Մերձավոր Արեւելքում է հայտնվել մի քանի հարյուրամյակ առաջ եւ այդպես էլ չի մերվել տարածաշրջանին քաղաքակրթական խճանկարին:

Պատմական հարաբերությունները եւ Հայաստանի ներկայությունը Մերձավոր Արեւելքում քաղաքակրթական նշանակություն ունի, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Երեւանում դեսպանների հավաքի ժամանակ:

«Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանում և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության։ Սիրիայում գործող Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է այս մտահոգությունները հասցեագրելու նպատակով», – ասել է նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները նաեւ Ծոցի երկրների հետ։

Հայաստանը հայտարարում է Մերձավոր Արեւելքում նոր աշխարհակարգի կառուցմանը մասնակցելու մտադրության մասին: Շատ բան կախված է լինելու Մոսկվայի դիրքորոշումից՝ հերթական անգամ գործարքի կգնա՞ եղբայրական Թուրքիայի հետ՝ ի վնաս իր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի շահերի:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...