Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվել են

- in Իրավունք
Karo Karapetyan

ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի աղմկոտ սպանության գործը կարճվել է:

Կարապետյանը սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից. նրա սպանության մեջ կասկածվում էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։ Դեպքից հետո Ղարագյոզյանը, ըստ նախնական վարկածի՝ Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում ինքնասպանություն էր գործել:

ՀՀ քննչական կոմիտեից երեկ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով (հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է): Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը եւս կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, նախաքննության ընթացքում պարզվե՞լ է՝ որն է  եղել Կարո Կարապետյանին սպանելու շարժառիթը, ՔԿ-ից պատասխանեցին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում չի պարզվել Հարություն Ղարագյոզյանի կողմից Կարապետյանին սպանելու հանգամանքը: Ըստ ՔԿ-ի՝ քանի որ վեճը եղել է հիշյալ անձանց միջեւ, իսկ նրանք մահացել են, ուստի նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել սպանության իրական շարժառիթը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Կարո Կարապետյանի սպանության պատճառը, ըստ նախնական վարկածի, գույքային հարցերի շուրջ վիճաբանությունն է եղել:

ԱԺ նախկին պատգամավոր Ղարագյոզյանը կասկածվում էր Յուվեցի Կարոյի սպանության մեջ, որովհետեւ սպանության վայրում հայտնաբերվել էր իրեն պատկանող «Պիետրո-Բերետտա» ատրճանակ, որը նա որպես պարգեւատրում ստացել էր 2001-ի մարտին՝ այն ժամանակվա վարչապետ, Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի կողմից։