ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կարող է վտանգել Հայաստանում ներդրումների ապագան: 

«Արմենպրես»ը Տիրգան Խաչատրյանի հետ զրուցել է Ամուլսարի հանքի շահագործման, դրա տնտեսական առավելությունների, բնապահպանական կանխատեսվող վտանգների, դրանց չեզոքացման ու այլ թեմաների շուրջ:

– Պարոն նախարար, շատ է խոսվում Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վտանգների մասին: Հասարակության այն մասը, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նշում են, որ այն կարող է վնաս հասցնել Սևանա լճին, Ջերմուկի ջրերի ավազանին: Ի վերջո, եթե առկա են այդ վնասակար ազդեցությունները, որքանով է նպատակահարմար հանքի շահագործումը:

-Կառավարության կողմից այս բոլոր ամիսների ընթացքում սկզբունքային կետ է նշվել, որ չպետք է ծրագիրն իր գործունեության ընթացքում ունենա այնպիսի բնապահպանական բացասական ազդեցություն, որը հասարակության տեսանկյունից անընդունելի սահմաններում է: Քննարկման եզրակացությունը հուշում է, որ այդպիսի ազդեցություն չկա: Մասնագետներն էլ հավաստիացնում են, որ այն կանխարգելիչ ազդեցությունները, որոնք կազմակերպության կողմից պետք է իրականացվեն ծրագրի շահագործման ընթացքում, բացառում են որևէ բացասական արտանետումները շրջակա միջավայր:

– Եթե, այնուամենայնիվ, հանքը չշահագործվի, որքանով դա ներդրումների առումով կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը:

– Եթե կայացվի անարդարացի որոշում, ապա կազդի հեղինակության վրա: Ամենակարևոր հարցն արդարության հարցն է, թե արդյոք ՀՀ կառավարությունն ու հասարակությունն արդար են վերաբերում այն ներդրողներին, որոնք որոշումներ են կայացրել որոշակի իրավունքներ ունենալու պայմաններում: Մենք նախորդ մեկ տարվա ընթացքում բոլորին բացատրել ենք այն շարժառիթները, որոնց պատճառով սպասել ենք վերջնական եզրակացության, և դա այն մտահոգությունն էր, որ կարող է ծրագիրն ունի այնպիսի չհասկացված բնապահպանական ռիսկեր, որոնց առկայության դեպքում պետք կլիներ բացատրել բոլորին, որ այդպես շարունակել չի կարելի: Եզրակացությունն այն է, որ այդպիսի ռիսկեր չկան: Այսինքն` մինչև հիմա ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք կառավարել նաև միջազգային կարծիքն այն կարևոր հիմքով, որ մենք վերջում արդար որոշում ենք կայացնելու: Երբ փաստ արձանագրվի, որ ռիսկեր չլինելու վերաբերյալ կարծիքը վերջնական է, ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այն ժամանակավոր լարվածությունը, որն առկա էր միջազգային ներդրողների շրջանում: Պետք է բարձր լինի այն վստահությունը, որն առկա է Հայաստանի կառավարության որոշումների և տնտեսական ապագայի նկատմամբ:

– Ամուլսարի հանքի շահագործման պայմաններում որքա՞ն կլինի դրա տնտեսական եկամուտը:

– «Լիդիան» ընկերությունը հաշվարկել է, որ հաստատված պաշարների սահմաններում կարող է գործել 10 տարի, յուրաքանչյուր տարում կարող է վերամշակել մոտ 10 մլն տոննա հանքաքար: Դրանք այն քանակային ցուցանիշներն են, որոնք ճանաչվել են պատկան մարմինների կողմից, և, որոնց հիման վրա տրվել են համապատասխան շահագործման թույլտվություններ: Այսինքն` մենք ունենք մոտ 10 տարվա գնահատված գործունեություն, յուրաքանչյուր տարում 10 մլն տոննա հանքաքարի շահագործում, 1200 դոլարով հաշված մոտ 250 մլն դոլարի արտադրանք և արտահանում: Եթե ոսկու գները մնան այսօրվանը, ապա տարեկան այդ հանքավայրի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 300 մլն դոլար արժողությամբ արտադրանք:

– Հանքի շահագործմանը կողմ ուղղված պնդումներից մեկն էլ աշխատատեղերի ստեղծումն է: Քանի՞ աշխատատեղ կստեղծվի, եթե Ամուլսարի հանքը շահագործվի:

– 750 ուղիղ աշխատատեղեր, և 4 անգամ ավելի շատ ոչ ուղիղ աշխատատեղեր, որոնք այս կամ այն կերպ կապված կլինեն այդ արտադրությունը սպասարկելու հետ: Ընդհանուր մոտ 3800 աշխատատեղ կլինի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...