serzh-robert

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հետհեղափոխական գերակա դիսկուրսը շարունակում է մնալ նոր իշխանության ու հին համակարգի միջև, տարբեր առիթներով, աշխուժության տարբեր փուլերով, տարբեր դրսևորումներով ու թեմաներով, սակայն գերակա դիսկուրսը շարունակում է մնալ դա:

Ընդ որում, այստեղ հենց հատկանշական է, որ նորի դեպքում խոսքն իշխանության մասին է, իսկ հնի դեպքում՝ համակարգի: Որովհետև կա համակարգ չդարձած իշխանության և իշխանությունից զրկված համակարգի պայքար: Հենց դա էլ դիսկուրսի գերակա շարժիչն է, որովհետև հին համակարգի հարցը հնարավոր չէ լուծել միայն իշխանությունից զրկելով կամ միայն փողից զրկելով:

Ի վերջո, պետք չէ ընկնել նաև զգայական պատրանքների գիրկն ու համարել, որ հնարավոր է զրկել փողից, վերածել «բոմժի» և լուծել հարցերը: Այդպես կարող են մտածել մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում այն համակարգից, որ գործել է Հայաստանում: Կամ հասկանում են, բայց լուծում են բոլորովին այլ խնդիրներ, այդ թվում հենց նախկին համակարգի համար անհրաժեշտ խնդիրներ: Նախկին համակարգի հետ կռվի գերակա դիսկուրսը բաց է մնալու, և գերակա է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվի նոր համակարգ:

Համակարգ հասկացությունն ու երևույթը չունի միայն վատ, չար, նենգ իմաստ: Համակարգ չի նշանակում միատարություն, միակարծություն, միագունություն: Համակարգ նշանակում է ընդհանուր արժեքների վրա խարսխված համակեցության մեխանիզմներ, որոնք միմյանց փոխկապակցված են խաղի ընդհանուր կանոններով: Նախկին համակարգի համար այդ արժեքներն ու կանոնները խարսխված էին քրեական ենթամշակույթի և անօրինականության, կոռուպցիայի ու գանձագողության վրա, նոր համակարգը ենթադրաբար պետք է ձևավորվի առաքինությունների, աշխատանքի, օրենքի, իրավունքի և քաղաքացիականության արժեքների և սկզբունքների վրա, դրանց հիմքով կառուցված տնտեսական և հանրային հարաբերությունների մեխանիզմով: Հին համակարգը այլ կերպ դուրս մղել ու մարգինալացնել հնարավոր չէ, քան նորը, էապես տարբերն ու որակապես բարձր ձևավորելը: Այդ հարցն է, որ պետք է լուծվի հետհեղափոխական փուլում՝ հեղափոխության բովանդակային ամբողջացման կամ առնվազն բյուրեղացման համար: Կասկածից վեր է, որ դա պահանջում է ժամանակ և շատ դժվար է ասել, մեկ տարին բավական էր, թե ոչ: Թերևս ավելի շուտ՝ ոչ:

Բայց հարցն այն էլ չէ՝ կա ձևավորված նոր համակարգը, թե ոչ: Հարցն այն է, թե կա՞ այդ լուծման, կամ լուծման այդպիսին լինելու անխուսափելիության համընդհանուր գիտակցում, թե՞ մեծ հաշվով բոլորին հաճելի և հարմար է՝ ամեն մեկը իր դիրքից ու կարգավիճակից ամենօրյա ռեժիմով հաղթել նախկին համակարգին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...