Նիկոլ Փաշինյանը ազդարարել է հենց միջազգային ընդգրկումն ու նշանակությունը, որ ունենալու է Ստեփանակերտում իր սպասվող ելույթը

- in Վերլուծական

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթի մասին ազդարարելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անկասկած, գրավել է ոչ միայն Հայաստանի հանրության, այլ, նաև առանց չափազանցության, ուժային մի շարք կենտրոնների ուշադրություն՝ թե Մինսկի խմբի համանախագահ եռյակի, թե նաև արցախյան և ռեգիոնալ լայն հարցերում շահառու, հետաքրքրություն ունեցող կենտրոնների ուշադրությունը:

Այս տեսանկյունից, վարչապետի հայտարարությունը կամ ազդարարումը անշուշտ պետք է դիտարկել ոչ միայն ներքին իրողությունների, նախկին համակարգի հետ նոր իշխանության դիմակայության, այսպես կոչված՝ հակահեղափոխության ջանքերի, Արցախի նախագահի ընտրության գործընթացում այդ հանգամանքների ներգրավվածության տեսանկյունից: Գործնականում, ազդարարելով համահայկական օրակարգի խոսակցության մասին, Նիկոլ Փաշինյանը ազդարարել է հենց միջազգային ընդգրկումն ու նշանակությունը, որ ունենալու է Ստեփանակերտում իր սպասվող ելույթը: Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյանը ելույթը մի կողմից պլանավորել է Համահայկական խաղերի բացման առիթով և դրա նախօրեին՝ ցույց տալով, որ Ստեփանակերտ այցը չի պարփակվում լոկ համահայկական շրջանակով, և պատահական չէ, որ ընդգծում է Ստեփանակերտի լեգենդար հրապարակի հանգամանքը, որտեղից գործնականում սկսվել է համաշխարհային մասշտաբի փոփոխություն:

Խոշոր հաշվով, Ստեփանակերտի հրապարակում խորհրդանշականորեն ազդարարվելու է թերևս Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության թեկուզ պայմանական կոնցեպտը: Սա, թերևս, հիմք է տալիս եզրակացնելու, որ Ստեփանակերտից սկսվելու է հայկական պետականության նոր ընթացքի ազդարարում ավելի լայն իմաստով, քան զուտ արցախյան հարցը: 2019-ի մարտի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների պատմական նիստը, առաջին համատեղ նիստը և այն էլ Արցախի մայրաքաղաքում: Եվ այդ պատմական նիստի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց արցախյան կարգավորման գործընթացում Երևանի նոր մոտեցումներն ու հարցադրումները Մինսկի խմբի համանախագահներին, որը քաղաքական իրական տողատակի առումով պարզապես համանախագահներին ուղղված ազդակ էր, որ հայկական կողմը մերժում է Մադրիդյան սկզբունքները:

Սա, իհարկե, երկարատև և լուրջ քաղաքական, դիվանագիտական աշխատանք պահանջող գործընթաց է, որը, սակայն, չի կարող լինել ինքնին առանձին գիծ:

Հարցի ընդգրկումն ու արժեքը հայկական պետականության համար այնպիսին է, որ ենթադրում է համազգային ռազմավարության շրջանակ, և Փաշինյանը գործնականում ազդարարել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում այդ նոր շրջանակի մատուցման մտադրությունը, համահայկական քաղաքականության նոր շրջանակի մատուցման մտադրությունը, որի մեջ կարող է արդյունավետ ու կենսունակ լինել արցախյան նոր ռազմավարությունը և Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու քաղաքական որոշման սկզբունքային սպասարկումը: