Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթը մի քանի օր է՝ քննարկվում է բոլոր հնարավոր հարթակներում՝ քաղաքական շրջանակներում, փորձագիտական հանրության կողմից, մամուլում, սոցիալական ցանցերում։ Սա պետք է համարել Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենադրական արդյունքը։

Խնդիրն այն չէ, որ վարչապետի ցանկացած ելույթ, այսպես թե այնպես, դառնում է քննարկման առարկա։ Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը իր բովանդակությամբ ու արծարծված հարցերով սկզբունքորեն տարբերվում էր նրա նախկին գրեթե բոլոր ելույթներից։ Ամենամեծ տարբերությունն այն է, որ, ի տարբերություն այլ ելույթների, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում խոսում էր Հայաստանի, համայն հայության ապագայի մասին՝ ներկայացնելով զարգացման ռազմավարական նպատակադրումներ։ Այդ նպատակադրումներն արդեն իսկ հասցրել են ենթարկվել քննադատության, ծաղրի, հեգնանքի։ Բայց դա, մեծ հաշվով, էական չէ։ Կարևորն այն է, որ իր այդ ելույթով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքական օրակարգը լցրել է ապագայի մասին դիրսկուրսով։ Թող որ նրա ներկայացրած նպատակները լինեն անիրատեսական, թող որ դրանք լինեն թույլ հիմնավորված կամ չփաստարկված։

Դա խնդրի մի կողմն է միայն։ Սակայն չափազանց կարևոր է, որ այդ նպատակների ներկայացմամբ Նիկոլ Փաշինյանը հարուցել է ապագայի, զարգացման տեսլականների և ուղղությունների մասին բանավեճ։ Եվ նույնքան կարևոր է, որ այդ բանավեճը, այդ քննարկումները լինեն տևական ու շարունակական և չսահմանափակվեն վարչապետի ելույթի արձագանքի տիրույթում միայն։

Իր ելույթով Նիկոլ Փաշինյանը մարտահարվեր է նետել ինչպես իր իշխանությանը, իր ղեկավարծ քաղաքական թիմին, այնպես էլ քաղաքական դաշտի մյուս սուբյեկտներին։ Ելույթի՝ իշխանությանը նետված մարտահրավերի էությունն այն է, որ իշխող քաղաքական թիմը, կառավարությունը, իշխանությանը ծառայող ուղեղային կենտրոնները պետք է կարողանան Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նպատակադրումներին տալ ռազմավարական, ծրագրային ձևակերպումներ ու ներկայացնել դրանց հասնելու ճանապարհային ոչ թե մեկ, այլ բազմաթիվ քարտեզներ, քայլերի կատարման ամենատարբեր սցներաներ ու այլընտրանքներ։ Սա չափազանց լուրջ խնդիր է իշխանության համար՝ հաշվի առնելով այն կադրային բազան, որին տիրապետում է իշխանությունը։ Այդ կադրերը չեն կարողացել անգամ կառավարության հոդաբաշխ ծրագիր մշակել, և չափազանց տարակուսելի է, որ կարողանալու են ծրագրային տեսք տալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարական նպատակներին։

Քաղաքական դաշտին Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերի էությունն այն է, որ քաղաքական ուժերը միայն քննադատության տիրույթից, այսպիսով, ստիպված են լինելու անցնել ծրագրերի, ռազմավարությունների ներկայացման հարություն։ Բոլոր այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանին, պարտավոր են ներկայացնել Հայաստանի զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրերը՝ համապատասխան, Փաշինյանի ներկայացրածից ավելի փաստարկված հիմնավորումներով։ Դա ժամանակի ու տարածության մեջ կհարուցի առողջ, ծրագրային բանավեճ, որից կշահի առաջին հերթին իշխանությունը՝ ապագայի ռազմավարությունների մշակման հարցում ինչ-որ իմաստով վերցնելով նաև այլ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, փորձագիտական հանրության, քաղաքացիական միավորների ներկայացրած ծրագրերն ու այլընտրանքները։

Ահա այս իմաստով, Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը կարելի է հաջողված ու արդյունավետ համարել, եթե անգամ նրա ներկայացրած բոլոր նպատակադրումներն անիրականանալի են ու չփաստարկված։

Քաղաքական օրակարգը ապագայի մասին դիսկուրսով չցնելու այս քայլը չափազանց կարևոր է, եթե հաշվի առնենք, թե ինչ, ըստ էության՝ դեգրադացված, աղճատված վիճակում է գտնվում Հայաստանի քաղաքական համակարգն այսօր։ Մարտի 1-ի գործի վերաբացումից ու Ռոբերտ Քոչարյանի՝ հրապարակային դաշտ վերադառնալուց հետո մեր քաղաքական օրակարգն ամբողջովին լցվել էր ու է անցյալի ու ներկայի միջև հակադրությամբ, անցյալի դեմ իռացիոնալ պայքարով։

Դրա համար նույն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը շատ է քննադատվել, քանի որ իշխանությունն ինքը տուրք է տվել անցյալի հետ այդ հակադրությունը քաղաքական օրակարգ բերելու գայթակղությանը, որովհետև դրանից ստացել է որոշակի վարկանիշային օգուտներ։ Անցյալի դեմ պայքարը, սակայն, երկրորդական պլան է մղել ապագայի, վաղվա մասին դիսկուրսը։ Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանն իր ստեփանակերտյան ելույթով, ըստ էության, ուղղում է իր սխալը՝ քաղաքական օրակարգը անցյալի հետ անպտուղ բանավեճից տեղափոխելով ապագայի մասին քննարկումների հարթություն։

Դա օգոսոտոսի 5-ին Ստեփանակերտում նրա ունեցած ելույթի արդյունքներից մեկն է։ Գուցե՝ ամենագլխավորը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...