BBC ռուսական ծառայության հայտնի աղմկոտ հրապարակումը գործնականում ստվերեց օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում պատմական նշանակության իրադարձությունը՝ Հայաստանի վարչապետի ելույթը: Դրան հաջորդած հրապարակումը մեդիատիրույթում գրավեց այն քննարկումների տեղը, որոնք ծավալվում էին ելույթի կապակցությամբ:

Գործնականում, դա հրապարակման թերեւս մի խիստ տեսանելի եւ շոշափելի էֆեկտ էր, այսպես ասած առաջին էֆեկտը: Դրանից հետո ակնառու է, որ սկսեց ծավալվել այլ էֆեկտներ ստանալու փորձերի մի ամբողջ շարք: Թե իշխանության, թե հեղափոխության եւ իշխանության աջակիցների, թե նախկին իշխող համակարգի, թե դրա աջակիցների կամ համախոհների, թե «երրորդ ուժի» դիրքերից հանդես եկող շրջանակների մի զգալի մաս, ու թե անգամ Ադրբեջանը, սկսեցին նյութը սեփական շահին ծառայեցնելու յուրովի փորձերը:

Ո՞վ կստանա ամենամեծ էֆեկտը, բավական բարդ է ասել: Մի բան է աներկբա, որ ամենամեծ հարվածը ստացավ օգոստոսի 5-ի ելույթը, որտեղ վարչապետ Փաշինյանը փորձում էր Հայաստանում հետհեղափոխական դիսկուրսը «նախկին-նոր» հավերժական վեճից տեղափոխել համահայկական երկխոսության եւ կոնսենսուսի տիրույթ:

Այլ հարց է, թե ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ելույթային այդ շարժառիթը, նա ինքը հակվա՞ծ է այդ երկխոսությանը, թե՞ Ստեփանակերտում արել է պարզապես իրավիճակային մարտավարական հայտարարություններ:

Հազիվ թե վարչապետը չպատկերացներ ելույթի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին հնչեղությունը, ըստ այդմ հազիվ թե զուտ ներքին նկատառումների համար աներ հայտարարություններ, որոնք արտաքին վերափոխումների լրջագույն հայտ էին՝ միաժամանակ լինելով ներքին պատասխանատվության լուրջ նշաձող:

Ո՞վ էր BBC ռուսական ծառայության հրապարակումով կամա թե ակամա «կոնսենսուս մինուս մեկ» տրամաբանության առաջմղողը: Թե՞ այն մեկը չէր, այլ մի քանիսը: Կամ, գուցե ոչ թե Նիկոլ Փաշինյանի առաջրկած կոնսենսուսից դուրս մնացողի հարց է, այլ կոնսենսուսով Նիկոլ Փաշինյանին դուրս թողնելու հարց: Խնդիրն այն է, թե ինչի՞ց, ո՞ր շրջանակից, ովքե՞ր:

Բանը հրապարակման «դավադրապաշտ» մոտիվացիան չէ, այլ եղած հրապարակումը, ինչ մոտիվով էլ այն եղած լինի, խիստ կոնկրետ հետեւանքի բերելը, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր օգոստոսի 5-ի ելույթով փաստացի մնում է մենակ:

Այդ մենակությունն իհարկե միարժեք գնահատելը բարդ է: Հաճախ դա կարող է վերածվել անգամ առավելության, հատկապես հաշվի առնելով այն միջավայրային խորխորատները, որոնք գործնականում բոլոր դաշտերում ի հայտ են գալիս հեղափոխությունից հետո:

Այդ ամենով հանդերձ, անշուշտ կա ողբերգական իրողության ցավալի փաստը՝ տասներկու տարի առաջ Երեւանի կենտրոնում սպանվել է 10 մարդ եւ առ այսօր պարզ չէ, թե ով է սպանել, ով է տվել սպանելու հրաման:

Գործնականում, հենց այդ ողբերգական արյան փաստով է Մարտի 1-ը առանձնացել Հայաստանում ռազմա-ֆեոդալական եւ քրեա-օլիգարխիկ ամբողջատիրության ավելի քան քառորդ դարի զանազան աստիճանի բռնությունների եւ հետապնդումների շղթայում: Ընդ որում, այստեղ թերեւս չափազանց կարեւոր ու հատկանշական է Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձի արձանագրումը. «2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երեւույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում: Անթույլատրելի այդ երեւույթները մեր կյանքում ցավալիորեն արագ արտահայտվեցին Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ թվում էր, թե ժողովրդավարությունը հաղթել է անշրջելիորեն»:

Չլիներ մարդկային կյանքի գործոնը, Մարտի 1-ը կլիներ շղթայի մի «սովորական» օղակ: Հետեւաբար, սպառիչ եւ համոզիչ պատասխան պետք է ստանան ոչ թե «սովորական» հարցերը, այլ բացառիկը՝ 10 սպանության կոնկրետ դեպքերը, որպեսզի Մարտի 1-ը դադարի համակողմանի «աշխատել», կամ «աշխատեցվել» պետության դեմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...