Նիկոլ Փաշինյանի ամենահաջող կադրը. նոր նշանակում

- in Ով ով է ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել այն մասին, որ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվելու է վարչապետի խորհրդական՝ Կալավան գյուղի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ:

 http://lragir.amՌոբերտ Ղուկասյանը կալավանցի է, որն իր նախաձեռնությամբ Գեղարքունիքի գրեթե մոռացված լեռնային գյուղը դարձրել է Հայաստանում ուշադրության առարկա, նախաձեռնելով գյուղի «տնտեսական հեղափոխության» գործընթաց, կամ ավելի շուտ՝ մտքի հեղափոխության, ինչպես բնորոշել է Ղուկասյանը վարչապետի հետ հանդիպմանը, երբ Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել էր գյուղ եւ «լայվ» մտել Ռոբերտ Ղուկասյանի հետ:

Ընդ որում, Ղուկասյանը «մտքի հեղափոխությունն» արել է մինչ Հայաստանում թավշյա հեղափոխությունը, մինչ քրեաօլիգարխիկ համակարգի մերժումը, Կալավանում նախաձեռնելով զբոսաշրջային տնտեսական ծրագրերն ու գյուղին հաղորդելով նոր շունչ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը նոր շունչ կարող է տալ Ռոբերտ Ղուկասյանի «մտքի հեղափոխությանը»: Նրա՝ վարչապետի խորհրդական նշանակումն այդ իմաստով հետհեղափոխական կադրային որոշումների թերեւս ամենահաջողվածներից է: Խոսքն ավելի շուտ այդ նշանակման ֆունկցիոնալ գործակցի կամ շրջանակի մասին չէ, այլ հենց առաքելության, փիլիսոփայության: Այդ իմաստով, Ռոբերտ Ղուկասյանը կլինի Նիկոլ Փաշինյանի «ամենահաջող կադրերից» մեկը:

Եվ ոչ թե իբրեւ վարչապետի խորհրդատու կամ խորհրդական, այլ իբրեւ օրինակ հանրության համար, որ ֆունկցիոնալ հնարավորությունների ու միջավայրի ստեղծումը նպատակ չէ, այլ միջոց: Միջոց այն մարդկանց համար, ովքեր իրենց մեջ իրականացնում են մտքի հեղափոխությունն ու այն վերածում գործողության: Գործողություն, որի հիմքում մարդու՝ լուծումների փնտրտուքն է նախ ինքն իր մեջ, ինքն իր դերի, կարողությունների, ուժի, մտքի արժեվորմամբ, որով ստեղծվում է նոր իրականություն:

Ռոբերտ Ղուկասյանը դա ստեղծել էր մինչեւ թավշյա հեղափոխությունը: Միաժամանակ, թավշյա հեղափոխությունն ինքնին Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների մոտ մտքի հեղափոխության դրսեւորում էր, երբ մարդիկ դադարեցին մտածել, թե իրավիճակն անհույս է եւ համակարգն անպարտելի, իսկ իրենցից կախված չէ ոչինչ: Նրանք մի պահ, մի քանի օր, մի քանի շաբաթ մտածեցին, որ իրենք ուժ են, իրենցից յուրաքանչյուրն իր տեղում, իր բակում, իր փողոցում կարող է ստեղծել նոր իրավիճակ եւ փոխել, մերժել հինը:

Ու ստացվեց աներեւակայելի թվացող թավշյա, ոչ բռնի հեղափոխական իշխանափոխություն: Սակայն, ամբողջ հարցն այն է, թե մարդիկ շարունակելու՞ են մտածել այդպես, թե ոչ, թե՞ դա մտքի հեղափոխության առկայծում էր, մարդկանց մեծ մասի մոտ այն ավարտվել է, եւ սկսվում է «նվնվոցի հակահեղափոխությունը»:

Ռոբերտ Ղուկասյանը իրականացնելու է այդ բարդ առաքելությունը՝ պահպանել մտքի հեղափոխության տոնուսն ու այն վերածել երկարատեւ գործընթացի, տարածելով գյուղից-գյուղ ու քաղաքից քաղաք: Իհարկե հասկանալի է, որ Ղուկասյանը դա չի աանելու անձամբ՝ ֆիզիկապես, ցուպը ձեռքին:

Բայց նա իրապես լինելու է այն օրինակը, թե խոշոր հաշվով որտեղ է գլխավոր խնդիրն ու դրա լուծումը՝ մարդկանց գլխում, եւ ոչ թե ինչ որ մարդկանց գլխատելու մեջ: