Naxagahakan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ավարտվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում հանդիպմանը մասնակցած բնապահպան Հակոբ Սանասարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե հանքը կշահագործվի:

«Նա նման բան չի ասել: Ես հույս ունեմ, որ կառավարությունը կուսումնասիրի ԷԼԱՐԴ-ի փորձաքննությունը և որոշում կկայացնի: Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել, եթե Քննչական կոմիտեն նրան ապակողմնորոշում է, նման ողբերգական վիճակ է ստեղծվել: Հավանաբար Լիդիանն այնպես է կաշառում բոլորին, որ առայժմ որևէ արդար խնդիր հնարավոր չէ լուծել: Քննչական կոմիտեն կամ հավանաբար խնդիրը չի հասկանում, կամ դիտավորյալ վարչապետին սխալ տեղեկություն է տալիս»,- ասաց Սանասարյանը:

Բնապահպան Նազելի Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պարոն վարչապետը հայտարարեց, մեկ նախադասությամբ ակնարկեց, որ նոր փորձաքննություն կլինի»: Նազելի Վարդանյանը նաև ասաց, որ սպասվում էր, թե լուրջ մասնագիտական քննարկում պետք է լիներ այսօր, բայց այդպես չէր:

Միեւնույն ժամանակ, թե հանդիպման մասնակից որոշ բնապահպաններ, թե վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին հանդիպումից հետո հայտնել են, թե վարչապետն ասել է, որ նոր փորձաքննության համար հիմքեր չկան:

Ամուլսարի հանքավայրի հարցը կքննարկվի նաև Ջերմուկում, վարչապետը հրավիրվել է Ջերմուկ, այսօր լրագրողներին ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

«Վարչապետը հստակ չշեշտեց, որ հանքը պետք է շահագործվի:  ԷԼԱՐԴ-ի փորձաքննության տվյալներով՝ բնապահպանական խնդիրներ չեն առաջանալու, նաև առաջարկություն կա, որ նոր փորձաքննություն կլինի»,- Բաղրամյան 26-ում հանդիպումից հետո ասաց համայնքապետը:

Նա նշեց, որ հաջորդ քայլն այն է լինելու, որ ջերմուկցիները վարչապետին հրավիրեցին Ջերմուկ՝ հարցը քննարկելու ու ուսումնասիրելու:

«Սա իմ անձնական կարծիքը չէ, լինելու է Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքը, դա նրանց կյանքի, հետագա ապրելու հարցն է: Մենք վստահում ենք մեր վարչապետին ու կառավարությանը»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...