Նոր անակնկալ Արթուր Վանեցյանից. ով է տալու պատասխանը

- in Կարծիք

Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հեղափոխությունից հետո ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերի մի զգալի մասը վերականգնված է, դրանք առնչվում են մարտիմեկյան գործին եւ տրամադրվել են նախաքննության մարմնին:

http://lragir.amԱրթուր Վանեցյանը մանրամասներ չի հայտնել, թե ինչ բովանդակության մասին է խոսքը, սակայն ասել է, որ դրանք պարունակում են շատ հետաքրքիր նյութ, որի մասին հայտարարություն կանի նախաքննության մարմինը:

Նախաքննության մարմինը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունն է: Արթուր Վանեցյանի հայտարարությունը փաստացի զուգորդվում է օգոստոսի 7-ին BBC ռուսական ծառայության հրապարակած ծավալուն նյութի հետ, որը վերաբերում է մարտիմեկյան գործին: Հեղինակը, հղում անելով քննչական աղբյուրից իր տրամադրության տակ հայտնված տեղեկատվությանը, գրում է, որ քաղաքացիների դեմ զինված գործողությունն ու գնդակահարությունը ղեկավարել է Արցախից եկած ջոկատը՝ այն ժամանակ ԱՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Հրապարակված տեղեկատվության մեջ խոշոր հաշվով չկա առանձնապես որեւէ տեղեկություն, որ այս կամ այն կերպ հայկական մամուլում չի շոշափվել ավելի վաղ:

Սակայն այդ հանգամանքն էլ ավելի է հետաքրքիր դարձնում, թե ինչու՞ հիմա, ինչու՞ BBC ռուսական ծառայությունը, ինչու՞ է այդ մակարդակով թարմացվում «արցախյան ջոկատի» թեման եւ փաստորեն թիրախավորվում Արցախը, այն էլ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ելույթից եւ Միացում վանկարկումից հետո:

Իսկ կա՞ որեւէ կապ ԱԱԾ-ում վերականգնված նյութերի եւ BBC ռուսական ծառայության հրապարակման միջեւ: Կարո՞ղ է նախաքննության մարմնից որեւէ մեկը ԱԱԾ վերականգնված նյութերից որեւէ տեղեկություն ստանալուց հետո այն փոխանցած լինել լրատվամիջոցին: Դրանք իհարկե հիպոթետիկ բնույթի հարցեր են, ինչպիսիք կարող են լինել բազմաթիվ:

Փաստ է այն, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո BBC ռուսական ծառայության հրապարակած տեղեկությունը գործնականում եթե ոչ ամբողջությամբ, ապա էապես փոխում է ելույթի այսպես ասած համահայկական համատեքստը, հանրային գիտակցության մեջ թիրախավորում Արցախը: Ակնառու է, որ գործադրվում է բավական հմուտ տեղեկատվական տեխնոլոգիա Հայաստանի դեմ:

Միեւնույն ժամանակ, աներկբա է, որ մարտիմեկյան գործը շարունակաբար լինելու է այդպիսի թիրախավորումների առիթ: Կա տեղի ունեցած ոճրագործությունն ու տասը մարդու սպանությունը, չկան դրա վերաբերյալ հանրությանը ներկայացվող միարժեք պատասխաններ: Կա գործ, որ վարում է ՀՔԾ-ն, որի մի մասը՝ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով, կարծես թե դատարանում է, սակայն չի մեկնարկում դատավարությունը, օրերս էլ կալանքից ազատվեց սպանությունների հարցում առայժմ առաջին ու միակ մեղադրյալ, ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը:

Իսկ կա՞ր կապ Գեղամ Պետրոսյանի կալանքի խափանման միջոցի փոփոխության ու BBC ռուսական ծառայության հրապարակման միջեւ: Ինչու՞ է փոխվել Պետրոսյանի խափանման միջոցն ու նա ինչու՞ է ազատ արձակվել:

Աներկբա է, որ մարտիմեկյան գործը Հայաստանի պետականության, պետական ընթացքի համար դարձել է յուրօրինակ մի ծուղակ, որից դուրս գալը չափազանց բարդ է լինելու: Մի կողմում մարդկային կյանքերն են, մյուս կողմից պետության կյանքն է, որը թվում է անվերջ կարող է կանգ առնել մարտիմեկյան այս օղակի մեջ:

Ե՞րբ եւ ո՞վ է տալու հարցերի պատասխանը, որը դուրս կբերի պետությունն այդ ծուղակից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան