«Շան գլուխն» Ամուլսարի հարցում. ԱԱԾ որոշումը

- in Մամուլ
aac

Դատախազությունն ԱԱԾ է ուղարկել Ամուլսարի հարցում կառավարության գործողություններում կոռուպցիոն հանգամանքների առկայության մասին հայտարարություն-տեղեկությունները, որ իրենց հրապարակային խոսքում արել են հանքի շահագործման դեմ պայքարում ներգրավված տարբեր գործիչներ:

http://lragir.amԱյդ հայտարարություններն ԱԱԾ են ուղարկվել ուսումնասիրման համար: Ի՞նչ կանի ԱԱԾ-ն: Կուսումնասիրի եւ կասի, որ այդ հայտարարությունները չունեն որեւէ հիմք եւ ըստ այդմ չկա քրեական գործի եւ շարունակության անհրաժեշտությու՞ն, թե՞ կնախապատրաստվեն նյութեր, կհարուցվի քրեական գործ, կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարող անձինք կներգրավվեն որպես վկա եւ կստանան իրենց հայտարարություններին ընթացք տալու եւ իրենց մատնանշած կոռուպցիայի բացահայտմանն օգնելու, կոռումպացված պաշտոնյաներին պատժելու եւ միաժամանակ Ամուլսարի հարցը ամբողջապես «դիմակազերծելու» հնարավորություն:

Իսկ ի՞նչ կանեն այդ անձինք, եթե ԱԱԾ-ն հայտարարի, որ խնդիր չկա եւ չկա նաեւ քրգործի կամ նյութերի նախապատրաստման անհրաժեշտություն: Կոռուպցիայի մասին հայտարարություն անող անձինք իրենք կդիմե՞ն իրավապահներին՝ հանցագործության մասին հաղորդումով, պահանջելով հարուցել քրգործ:

Թե՞ կգերադասեն մնալ զուտ հռետորաբանության տիրույթում, քանի որ հակառակ դեպքում կարող է առաջանալ հայտարարությունների համար իրավական պատասխանատվության հարց՝ զրպարտության առումով:

Միաժամանակ, ի՞նչ կանի կառավարությունը՝ կոռուպցիայի առկայության մասին մեղադրանքներին ի պատասխան: Կներկայացնի՞ զրպարտության մասին դիմում, իրավապահներից պահանջելով, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն իրեն մեղադրողները:

Եվ այդ դեպքում արդյոք մեղադրողները եւ համակիրները կհայտարարեն իրենց նկատմամբ քաղաքական հետապնդման մասին:

Թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց Ամուլսարի հարցի առիթով ստեղծված ներքին իրավիճակը ջրի երես հանեց հայկական հասարակական-քաղաքական կյանքի արատավոր բնույթը, որ բավականին դյուրամարս էր նախկին իշխող համակարգի պայմաններում՝ ելնելով այդ համակարգի լեգիտիմության բացակայությունից եւ անիրավ բնույթից: Այդ համակարգին կոռուպցիայի համար մեղադրելը բավական տարածված հասարակական-քաղաքական հարմարավետ առօրյա էր, այդ թվում ներկայիս իշխող  ուժի մի շարք ներկայացուցիչների համար:

Թավշյա հեղափոխությունից հետո շատերը կորցրին այդ հարմարավետությունը: Բայց, եթե մի մասը հեղափոխությամբ արձանագրեց կառավարող ուժ դառնալու քաղաքական եւ անձնական հաջողությունը, ուժերի եւ գործիչների մի այլ մաս հեղափոխությամբ կորցրեց նախկին իշխանության նկատմամբ ունեցած դյուրամարս եւ հարմարավետ առավելությունը:

Լեգիտիմ իշխանությունն առաջացրեց մեծ անհարմարավետություն: Չնայած աստիճանաբար գտնվեցին այդ անհարմարավետությունից դուրս գալու փոքր ու միջին այլ առիթներ, այդուհանդերձ Ամուլսարի թեման մեծ ու չաղ առիթ է: Պարզապես, այդ առիթով տարբեր շրջանակներ փորձում են վերականգնել նախկին հարմարավետությունը՝ արդեն նոր կառավարող ուժի հանդեպ, իսկ հանրության հանդեպ էլ փաստորեն վերականգնվում է հասարակական-քաղաքական տարածված մեթոդաբանությունը, որ ամլացրել էր հայկական քաղաքական դաշտը մինչեւ 2018 թվականի ապրիլ, մինչ կիրառվեց բոլորովին նոր մեթոդաբանություն:

Կգործի՞ Ամուլսարն իբրեւ հանք, թե ոչ, սա մի հարց է: Բայց այդ հարցի առիթով էլ առկա է մեկ այլ հարց՝ կձեւավորվի՞ Հայաստանում քաղաքական պայքարի ստեղծարար եւ պատասխանատու միջավայր, թե՞ կվերականգնվի նախկին ամլությունը, մի տարբերությամբ՝ նոր եւ լեգիտիմ իշխանության նկատմամբ:

Նոր կառավարող ուժը, ապավինելով այդ լեգիտիմությանը, իրեն կհամարի այդ երեւույթի նկատմամբ անխոցելի՞, քան լեգիտիմություն չունեցող նախկին իշխանությունն էր: Թե՞ զգալով ամլության դեֆեկտը սեփական մաշկի վրա, իր լեգիտիմությունը կօգտագործի քաղաքական միջավայրում պատասխանատվության մշակույթի եւ ինստիտուտի ներդրման ուղղությամբ կարեւոր քայլերի համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան