Ո՞վ պետք է Վրաստանը պաշտպանի Թուրքիայից եւ Ադրբեջանից

- in Միջազգային
Georgia

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը սեպտեմբերի 2-ին Բաքվում զորավարժություն կանցկացնեն, որի նպատակն է տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը:

Այլ կերպ ասած, Բաքուն ու Անկարան Թբիլիսի հետ «վարժվում» են նավթամուղերի եւ գազամուղերի պաշտպանության հարցում: Թե ումից այն պետք է պաշտպանել, գլխի ընկնելը բարդ չէ, թեեւ մյուս կողմից դժվար է միարժեք ասել, որ միայն Հայաստանը կարող է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում թիրախավորել այդ նախագծերը:

Բայց Բաքվում տեղի ունենալիք զորավարժությանը Թբիլիսիի համար թերեւս ավելի արդյունավետ կլիներ հասկանալ, թե ով պետք է Վրաստանը պաշտպանի Թուրքիայից եւ Ադրբեջանից: Իհարկե, հազիվ թե համատեղ զորավարժությանը մասնակցեն Բաքվի ԳԱԱ պատմաբանները, որպեսզի վրաց զինվորականները նրանց հարցնեն՝ շարունակու՞մ են կարծել, որ Վրաստանի հարավ-արեւելյան տարածքներն ադրբեջանական են, իսկ Թբիլիսին՝ ադրբեջանական մշակույթի տարածք, թե՞ Ադրբեջանը դադարեցրել է Վրաստանի նկատմամբ պատմա-քաղաքական նկրտումներն ու գրոհները:

Շաբաթներ առաջ վրացական հանրությանը վրդովեցրել էր ադրբեջանցի սահմանապահների պահվածքը, որոնք բփակել էին վրաց ուխտավորների եւ զբոսաշրջիկների մուտքը Դավիթ Գարեջիի վանական համալիրի այն հատված, որը գտնվում է Ադրբեջանի վարչական սահմանից ներս:

Իսկ Բաքուն Վրաստանի վարչական շրջանից ներս է վաղուց, ընդ որում ամենեւին ոչ միայն տնտեսական ներկայությամբ: Թբիլիսիի այտին դեռեւս շարունակում է մնալ Ալիեւի ապտակի հետքը՝ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնից ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին առեւանգելու եւ Բաքու տեղափոխելու տեսքով:

Վրաստանն ըստ երեւույթին հույս ունի պայմանավորվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այդպես լուծելով իր նկատմամբ նկրտումների հարցը: Այդ տեսանկյունից լավ խորհրդատու կարող է լինել Պուտինը, որին այդքան չեն սիրում Վրաստանում: Բանն այն է, որ նա էլ փորձում է պայմանավորվել թուրքերի հետ: Առայժմ այդ փորձերի համար իրենց կյանքով վճարել են ռուսաստանցի ռազմական օդաչուն եւ Անկարայում ՌԴ դեսպանը:

Ինչո՞վ է վճարելու պայմանավորվածության իր փորձերի համար Վրաստանը: Ամենայն հավանականությամբ ինքնիշխանությամբ եւ տարածքային ամբողջությամբ, երբ Անկարան ու Բաքուն կպայմանավորվեն Ռուսաստանի հետ:

Բայց պաշտոնական Թբիլիսին հազիվ թե չի պատկերացնում, թե իրականում ինչն է պետք պաշտպանել՝ տարածաշրջանային տնտեսական նախագծերի փոխարեն: Եվ թե ում վրա է հնարավոր հույս դնել այդ պաշտպանության հարցում: Երեւանը հստակ հավաստիացրել է այդ հարցում գործակցելու եւ դաշնակցելու պատրաստակամությունը: Հարցեր իհարկե շատ կան, այդ թվում կապված Ռուսաստանի հետ: Բայց, բանն այն է, որ առանց Հայաստանի հետ ռազմա-քաղաքական սերտ գործակցության Վրաստանի համար Ռուսաստանի հետ կապված այդ հարցերը բացարձակապես չեն նվազում կամ վերանում: Մինչդեռ հակառակ տարբերակը առնվազն տալիս է դրա շոշափելի հնարավորություն, կամ առնվազն առկա ռիսկերը կառավարելու հնարավորություն՝ ռազմավարական անվտանգության անփոխարինելի հեռանկարով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...