serzh-sargsyan

Հայաստանում ստեղծված իրողությունների հանգուցալուծման տարբերակ կամ, գրեթե, նույնիսկ միակ բալասան է դիտարկվում Սահմանադրության փոփոխությունը: Այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ և կարևոր հարց է, աներկբա է:

Սակայն մեղմ ասած՝ մտորելու տեղիք է տալիս այն, որ խնդիրների լուծման խոչընդոտ է դիտվում Սահմանադրությունը, կամ Սահմանադրությունը դիտվում է լուծման միակ բալասան: Այստեղ մեծ է պարզապես մեխանիկական դիտարկման հավանականությունը, որովհետև այդ կերպ Սահմանադրությունը խնդիրների լուծման առօրյա գործիք դիտարկելը, նախկին համակարգին բնորոշ իրողություն էր:
Ըստ այդմ, 1995-ին օրվա խնդիրը լուծելու համար մի Սահմանադրություն պարտադրվեց, 2005 թվականին օրվա խնդիրն այլ էր՝ այլ դարձավ նաև Սահմանադրությունը, և 2015-ին էլ՝ օրվա խնդրի հետ փոխվեց Սահմանադրությունը: Հիմա փաստորեն առաջարկվում է օրվա խնդիրների հետ հերթական՝ չորրորդ անգամ փոխել Սահմանադրությունը: Վաղը օրվա խնդիրը կփոխվի՞ դարձյալ, դարձյալ կառաջարկվի փոխել Սահմանադրությունը:

Ընդ որում, այդ ամենն արվում կամ ասվում է այնպիսի իմպերատիվ տոնով, որ ստեղծվում է տպավորություն կամ միջավայր, որտեղ հակառակ կարծողը դիտարկվում է իբրև «Սերժիկի Սահմանադրության պաշտպան»: Հետաքրքիր է, սակայն, որ 2015 թվականին «ոչ» ասողները չէին դիտարկվում կամ ինքնադիտարկվում որպես «Ռոբերտի Սահմանադրության պաշտպան»: Չէ՞ որ, եթե 2015-ին Սերժ Սարգսյանը չփոխեր Սահմանադրությունն օրվա խնդիրների՝ իր լուծումների համար, ուժի մեջ էր մնալու Ռոբերտ Քոչարյանի գրած և ընդունած Սահմանադրությունը: Ըստ այդմ, Սահմանադրություն փոխել-չփոխելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե որն է օրվա խնդիրը, ինչի՞ց է այն առաջացել, որտեղ է արմատն ու ճյուղավորումը, մետաստազները: Դիցուկ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը: Առնվազն սահմանադրա-իրավական պատկերացումների թերամտություն է կարծել, թե կա սահմանադրական փոփոխությամբ ելքի տարբերակ: Որովհետև սահմանադրա-իրավական տրամաբանության շրջանակում, օրինակ, Հրայր Թովմասյանի «դիրքային հենքը» 2015-ի Սահմանադրությունն է, իսկ սահմանադրա-իրավական փիլիսոփայությունն ունի պարզ կանոններ, որ օրենքների և Սահմանադրությունների փոփոխությունները չեն կատարվում նախկին, այսպես ասած, «պոզիտիվ» նորմերի ոտնահարումով: Իհարկե կարելի է ոտնահարել այդ նորմերը, բայց հենց դա է, որ որևէ աղերս չի ունենա սահմանադրական լուծման հետ, թեև անունով կլինի «սահմանադրական լուծում»:

Հետևաբար պետք է դադարել օրվա խնդիրների լուծումը դիտարկել նախկին համակարգի տրամաբանությամբ՝ փոխել Սահմանադրությունը, և վերջ: Որովհետև Սահմանադրությունն օրվա խնդիրների լուծման գործիք չէ, այն ապագայի գծագիրն է, հանրային համակեցության երկարատև ժամանակահատվածի մոդելային մշակումը և հիմնական ուղենիշների արձանագրումը: Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է փոխվի, երբ հանրությունը լուրջ քննարկումների արդյունքում կգա այդ հարցերում շատ, թե քիչ կայուն ընդհանուր հայտարարի: Որպեսզի մի քանի տարի անց հանկարծ չպարզվի, որ նոր Սահմանադրությունն էլ լուծել է ընդամենը հեղափոխական օրերի խնդիրներ, իսկ ապագային՝ չի բավարարում, որովհետև հանրությունը խորապես չի էլ մտածել ապագայի մասին և հարկ չի համարել դրա շուրջ գալ կոնսենսուսի: Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց ոչ թե այսօր ինչ-որ խնդիր լուծելու համար, այլ այսօրվա խնդիրները լուծելու արդյունքում: Աներկբա է, թե ինչը պետք է փոխել, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչով ենք փոխում, որպեսզի հետո չստացվի, թե վատնել ենք եռանդ ու ժամանակ, սակայն ստացել ենք գրեթե զրոյական արդյունք: Իսկ ներկայիս խնդիրները լուծելու գործիքներ, հնարավորություններ տալիս է նաև ներկայիս Սահմանադրությունը, այո՝ իր ամբողջ թերություններով հանդերձ: Գլխավոր խնդիրն այն է, թե ինչ վիճակ է լուծումների պատկերացումների իմաստով, որովհետև պատկերացումների հարցում շարունակում է գերակշռել Սերժ Սարգսյանը, որը հեռացել է պաշտոնից, սակայն համառորեն չի հեռանում շատ գլուխներից: Մյուս կողմից հասկանալի է, թե ինչ պատճառով: Ի վերջո, շահեկան է պահել Սարգսյանին որևէ տեղ, թեկուզ սեփական գլխում, ու ամեն ինչ կառուցել՝ հենվելով նրա գոյության վրա: Ինչի՞ վրա հենվել, երբ հանկարծ նա չկա, իսկ իրավիճակը պահանջում է ստեղծագործական մոտեցումներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...