Ոչ վաղ անցյալի պատմության սարսափելի մի դրվագ

- in Վերլուծական

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ իրենք կարողացել են Հայաստանն ու Արցախը զերծ պահել օտարերկրյա ուժերի միջամտություններից:

«Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք», ասել է Վանեցյանը:

Ստացվում է՝ եղել են միջամտության փորձեր, որոնք կանխվել կամ չեզոքացվել են: Ինչ փորձեր եւ որ ուղղությամբ են եղել՝ Արթուր Վանեցյանը չի մանրամասնել: Միեւնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է արտաքին միջամտությունների վտանգի մասին, այդ թվում Ստեփանակերտի օգոստոսի 5-ի հանրահավաքի իր ելույթում:

Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ դավադրությունների բացառման մասին, իսկ ավելի վաղ, անդրադառնալով Արցախի իրավիճակին, նա չէր բացառել, որ որոշ ուժեր փորձում են լարել իրավիճակը շփման գծում, տարածքներ հանձնել ու մեղքը բարդել կառավարության վրա:

Արդյոք նման դավադրության մասին է խոսքը, եւ հնարավոր է դարձել կանխել այն: Շատերին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անհավանական էր թվացել, եւ իսկապես դժվար է պատկերացնել նման բան:

Միեւնույն ժամանակ, արժե հիշել 1990-ականների սկիզբը, երբ պատերազմական գործողություններին զուգահեռ, Հայաստանի ու Արցախի այն ժամանակվա իշխանությունների միջեւ բավական լարված հարաբերություններ էին, եւ Երեւանը խնդիր դրեց ասպարեզից հեռացնել Արցախի իշխանությանը:

Գործադրվում էին ամենատարբեր մեթոդներ, ընդհուպ զենքի, վառելիքի եւ այլ մատակարարումների հարցում: Դա ուղեկցվում էր տարածքային խոշոր կորուստներով: Զուգահեռ Երեւանն ամեն ինչ անում էր, որ իշխանության բերի Ռոբերտ Քոչարյանին, ում օգնում էր Սամվել Բաբայանը, Երեւանից էլ պարբերաբար էմիսարներ էին այցելում Ստեփանակերտի հայտնի «գառաժ»: Սկզբնական շրջանում, չկարողանալով «վերցնել» Արցախի Գերագույն խորհուրդը, ստեղծեցին Պաշտպանության պետական կոմիտե, որի ղեկավար դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Ի վերջո, Երեւանը հասավ իր նպատակին:

Այդյոք այս «նախադեպը» նաեւ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, այն ժամանակվա գործող անձինք, երեւանյան էմիսարները ներկայում բավական կոշտ դիմակայության մեջ են նոր կառավարության հետ, որն արտահայտվեց մասնավորապես Արցախում իշխանության ձեւավորման առաջիկա փուլի համատեքստում: Բավական ակտիվ քարոզչական աջակցություն կա նաեւ կրեմլամերձ որոշակի «պրոհայկական» շրջանակներից, որոնք բացահայտ փորձում են Արցախը հակադրել Հայաստանին: Ճիշտ է, այդ քարոզչությունը աստիճանաբար վերածվում է հիստերիայի, ներհայկական դիմակայության աստիճանի նվազմանը զուգահեռ: