Ովքեր են եղել սպանողները. ինտրիգ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանից

- in Հրապարակ

Հայաստանում բանակն առաջին անգամ Երեւան է մտել 1996-ին, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: 1996-ի իրադարձությունների կապակցությամբ այդ հիշատակումները նոր չեն, եւ իբրեւ հակափաստարկ բերվում է այն, որ ընդդիմությունը գնացել է ԱԺ ճաղերը կոտրելու:

http://lragir.amՈրքանով է ամուր այդ հակափաստարկը, պատասխանում է թերեւս այդ շրջանում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը «100 տոկոս ձայնի» մասին:

Հայկ Ալումյանը նաեւ հայտարարել է, որ մարտի 1-ի գործում կա տասը զոհ, բայց մինչեւ հստակ չբացահայտվի, թե ով է եղել ամեն զոհի դեպքում կոնկրետ մարդասպանը, անհնարին է ասել, թե ով է եղել հրաման տվողը: Ըստ նրա, պետք է պարզել դեռ, թե ո՞ր կողմից են եղել սպանողները:

Մարտիմեկյան գործի առանցքային հանգամանքը անշուշտ զոհերն են: Եթե չլինեին զոհեր, ապա մարտի 1-ն իր «պատվավոր» տեղը կունենար Հայաստանում քաղաքական մրցակցությունը բռնությամբ եւ ուժով ճնշելու բոլոր այն փորձերի շարքում, որ տարբեր առիթներով եղել են Հայաստանում առնվազն 1995-96 թվականների ընտրական փուլից սկսած, թեեւ Պարույր Հայրիկյանը սկսում է 1991 թվականի Պառավաքարից:

Զոհերի հարցում կա մեկ մեղադրանք՝ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար ձերբակալկվեց, մեղադրվեց ու կալանվեց Գեղամ Պետրոսյանը՝ ներքին զորքերի շտաբի նախկին պետը, բայց օրերս նա ազատ արձակվեց՝ նրա կալանքի ժամկետը լրացել էր, իսկ նորը քննչական խումբը չպահանջեց:

Ասում են, որ ապացույցները ոչնչացված են, փամփուշտները փոխված, ինչի համար արդեն մի քանի ամիս հետախուզվում է, իսկ իրականում Ռուսաստանում բացահայտ պատսպարվում քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:

Գիտե՞ Հարությունյանը, թե ովքեր են սպանել: Հայկ Ալումյանն ասում է, որ պետք է հասկանալ, թե ո՞ր կողմից են եղել սպանողները: Ինչպե՞ս հասկանալ դա: Մեղադրանք կամ ենթադրություն, որ կարող էին լինել ընդդիմությունի՞ց, թե՞ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ակնարկում է, որ սպանողները կարող էին լինել իշխանության մի որեւէ թեւից: Թե՞ «երրորդ կողմի» ակնարկն է, որի մասին խոսել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս 2011 թվականից:

Եթե սպանողները լինեին «ընդդիմադիր» կողմից, ապա կասկած չկա, որ իշխանությունն անցնող տարիներին կբացահայտեր դա՝ ապացույցները ոչնչացնելու փոխարեն, եւ այդպիսով կազատվեր մարտիմեկյան արյան համար պատասխանատվությունից կամ դրա առնվազն ամենածանր մասից:

Հետեւաբար, եթե սպանությունների մասին պաշտպանական հարցադրումները պարզ երեսպաշտություն ու ցինզիմ չեն, ապա վարկածային դիտարկման առումով խոսք կարող է գնալ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն էլ ակնարկում է՝ կամ իշխանության որեւէ թեւ է սպանել քաղաքացիներին, կամ որեւէ «երրորդ ձեռք»:

Այդ պարագայում իհարկե կարող էր լինել «կոնսենսուս»՝ ապացույցները վերացնելու հարցում, որովհետեւ իշխանության որեւէ թեւի պարագայում կար փոխադարձ կախվածություն՝ բացահայտման անհնարինության առումով, իսկ «երրորդ ձեռքի» պարագայում էլ ըստ երեւույթին այդ ձեռքը իշխանությունից շատ ավելի ուժեղ կլիներ՝ եթե ի վիճակի էր գնալ Հայաստանի ներքին լարվածությունը մարդասպանությամբ միջամտելու քայլի:

Բայց, այդ դեպքում կնշանակի, որ նախկին իշխանությունը ոչ թե հարցադրման, այլ իրազեկման մակարդակում է տիրապետում հարցին, թե ովքեր են եղել սպանողները:

Ինչ մակարդակով է այդ հարցին տիրապետում նոր իշխանությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...