Նոր Հայաստանի ազատությունն իրեն զգացնել է տալիս ոչ միայն համայնքների ղեկավարների, այլև պարզվում է, դպրոցի տնօրենի ընտրություններում:

Բանն այն է, որ մայրաքաղաքի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցի տնօրենի ընտրություն է տեղի ունենալու օգոստոսի 20-ին, որը ստանձնելու համար առաջադրվել են միանգամից 17 թեկնածուներ, նրանցից երկուսը՝ դպրոցից. Մկրտումյան Արաքսյա և Բադալյան Արմինե: Ի դեպ, վերջինիս հեռախոսահամարն անընդմեջ անհասանելի է, իսկ դպրոցի սաների ծնողների բնորոշմամբ. Հենց նա ամեն բան խառնեց 168-ում ու հիմա բանը հասավ տնօրենի նոր ընտրության:

Թիվ 168 դպրոցում տնօրեն դառնալու համար առաջադրվել է Երևանի թիվ 173 դպրոցի գործող տնօրեն Նաիրա Մատինյանն, ով ռենջռովերով դրիֆտում է դպրոցի մոտ ու ամենուր բարձրագոչ հայտարարում, թե ինքն արդեն թիվ 168-ում ընտրված տնօրեն է, որտեղ աշակերտների թիվը գերազանցում է 1400-ը, իսկ իր տնօրինությամբ՝ ներկայիս 173 դպրոցում, ընդամենը 400 աշակերտներ են սովորում: Ահա այս պատճառով էլ՝ ցանկանում է դառնալ բազմաշակերտ դպրոցի տնօրեն:

Մինչդեռ չար լեզուները փաստում են, թե Ն. Մատինյանն ինչու է ցանկանում 173-ից տեղափոխվել 168, որովհետև այնտեղ ոչ երկար ժամանակահատված տնօրեն աշխատելու արդյունքում ո՛չ ծնողների, ո՛չ մանկավարժական անձնակազմի հետ լեզու չի գտել, չի կարողանում նորմալ հարաբերվել, ուստի պարզապես հեռանում է ավերակածից, դպրոցական դասագրքերում ենք կարդում նաև. Ավերակածս ինչպե՞ս թագավորեմ …

Այս դպրոցի տնօրենի ընտրությունը հետաքրքիր է նաև մեկ այլ առումով, որովհետև կիրառվում է ոչ վաղ ժամանակահատվածում ՀՀԿ-ականների ձեռագիրը՝ նույնանուն թեկնածու առաջադրելու ձևաչափով: Պարզվում է, 17 թեկնածուների թվում ևս մեկ Նաիրա Մատինյան է առաջադրվել, ով աշխատում է թիվ 188 դպրոցում: Տեսնես ո՞ւմ է պետք այդպիսի սցենարն՝ առայժմ պարզել չհաջողվեց, առաջիկա հրապարակման համար՝ ամեն բան կանենք:

Ասում են՝ մեկ էլ Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի բարեկամուհիներից մեկն է թիվ 168 դպրոցի տնօրենի 17 թեկնածուների թվում, բայց ով է անուն – ազգանվամբ, սա էլ առայժմ չկարողացանք պարզել:

Իսկ ինչո՞ւ է թիվ 168 դպրոցում տնօրենի թափուր հաստիք առաջացել ու ինչպե՞ս, ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին նախկին տնօրեն Սոնա Գալստյանն, ում հետ՝ ի թիվս այլոց, զրուցեցինք հեռախոսով. Ինձ բոլորովին հետաքրքիր չէ, թե ով կդառնա թիվ 168 դպրոցի տնօրեն, ես հեռացել եմ դպրոցից՝ ոմանց սարքածների պատճառով, ու անգամ վերջին զանգի միջոցառումներին չեմ մասնակցել, էլ ուր մնաց հետաքրքրվեմ, թե ում են ընտրելու, կամ՝ ինչու: Ես իմ տնօրինության ժամանակահատվածում՝ ինչ կարողացել, այն էլ արել եմ դպրոցի համար, հիմա թող նոր տնօրենը գա, տեսնեմ ի՞նչ կարող է անել, իսկ թեկնածուները թող չմոռանան, որ դա Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինի անվան դպրոցն է ու, եթե արդար չլինի ընտրությունն, ապա Աստծուց կստանան իրենց բարեհաճությունը: Զարմացած եմ, որ մեկ այլ դպրոցում գործող տնօրեն է դիմել այստեղ տնօրեն աշխատելու համար, իմաստը ո՞րն է …

Թիվ 168 դպրոցի գործող ուսմասվար տիկին Մարգարյանի հետ ևս զրուցեցինք հեռախոսով, ով ցանկաց, որ լավ մարդ, լավ մասնագետ մեկը դառնա իրենց դպրոցի տնօրեն, ով կկարողանա ղեկավարել այդքան շատ աշակերտ ունեցող ու լավ դպրոցը: Պարզվում է, տիկին Մարգարյանի համար էլ մեկ է, թե 17 թեկնածուներից ով կդառնա իրենց դպրոցի տնօրեն. Թող ընտրվի արժանավորը,- եզրափակեց նա:

Դպրոցի ուսուցչական կազմից և ծնողկոմիտեից տնօրենի ընտրության հանձնախմբի անդամներից, մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Անդրեասյանն անընդմեջ անհասանելի է նույնպես, Խորասանյան Մարիաննային ուղղված մեր բազմաթիվ հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան, իսկ վերջում պարզվեց, նա ռոումինգի տակ է, այսինքն՝ արտերկրում, իսկ ահա Նունե Կևելյանն, ով դասվար է աշխատում թիվ 168 դպրոցում, զարմացած էր, որ շատ թվով թեկնածուներ են առաջադրվել, բայց ինքն էլ պատճառաբանում էր ազատությամբ ու թեկնածուների տնօրեն դառնալու ցանկությամբ. Ոչ մեկին չեմ ճանաչում, իսկ թե ինչպե՞ս եմ կողմնորոշվելու, թե ում ընտրեմ, կլսեմ ներկայացվող ծրագրերն, ըստ այդմ էլ՝ ընտրություն կկատարեմ: Իսկ թե ինչո՞ւ է մեկ այլ գործող դպրոցի տնօրենը ցանկանում տնօրինել մեր դպրոցը՝ չեմ կարող ասել, նորմալ աշխատող է, թող գործող տնօրենի պաշտոնում աշխատի:

Բավական հետաքրքիր ընտրություն է սպասվում թիվ 168 դպրոցում օգոստոսի 20-ին, հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունն, իսկ մենք էլ մեր հերթին հետևողական կլինենք, գուցե նաև ներկա տնօրենի ընտրության բուն գործընթացին: Հաջողություններ ենք մաղթում բոլոր 17 թեկնածուներին ու թող որ հաղթի արժանավորն ու գործի՝ ի փառս կրթության և գիտության, մատաղ սերնդի դաստիարակության:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...