Որո՞նք են այն ստրատեգիական ուղղությունները, որոնցով Հայաստանը կարող է ակնկալել խոշոր ներդրումային հոսքեր

- in Տնտեսական
Hayastan

Բնապահպանական, քաղաքական հանգամանքներից և շերտերից զատ, Ամուլսարի խնդիրը, անշուշտ, նաև տնտեսական է, և այստեղ կա քննարկման իսկապես լուրջ հարց: Ամուլսարի նախագիծն աննախադեպ խոշոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար, որն ունի հույժ կարևոր նշանակություն:

Սա ամենևին չի կարող նշանակել, որ այդ պատճառով պետք է աչք փակել բնապահպանական ռիսկերի վրա, աչք փակել վտանգների վրա: Հարցն այն է, որ խնդրի շրջանակում առկա կարևոր խոսակցությունների առարկա պետք է լինի նաև այդ հարցը՝ Հայաստանի տնտեսության համար ընդգրկուն կտրվածքով: Հայաստանի տնտեսությանը պետք են խոշոր ներդրումներ:

Ներառական տնտեսության վրա հիմնված տնտեսական հեղափոխության կոնցեպտը, անշուշտ, կարևոր է, սակայն պետք է արձանագրել, որ այն առավելապես առնչվում է փոքր և միջին ձեռնարկատիրական դաշտին, որտեղ կարող են, իհարկե, լուծվել սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրներ:

Սակայն, Հայաստանը Եվրոպայի կենտրոնում գտնվող, բարեկեցիկ միջավայրում ապրող մի պետություն չէ, որը կարող է այդ մասշտաբում լուծումներ գտնել և բավարարվել դրանով: Հայաստանին տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են պահանջվում միայն բանակի համար՝ նվազագույնը:

Մենք դատապարտված ենք ապրել այդ ռեժիմում, որովհետև այդպիսին է անվտանգության մեր միջավայրը, մեր ռեգիոնն իր խնդիրներով, շահերի բախումով, կարևորությամբ:

Ըստ այդմ, փոքր ու միջին բիզնես տիրույթում նշանակալի զարգացումներով և սարսափների բումով Հայաստանը չի կարող լուծել իր անվտանգության ամբողջական դիապազոնով պահանջվող կարիքները: Դրանց համար պահանջվում են խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք կամրացնեն տնտեսությունն ու նաև կստեղծեն խորքային ռեֆորմացիայի և տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ քայլերի որոշակի հենք: Մինչդեռ, Հայաստանում խոշոր ներդրումների բացակայությունն արդեն մի քանի տարի մեր տնտեսության քրոնիկ խնդիրներից է: Այն շարունակում է լինել նաև թավշյա հեղափոխությունից հետո: Ինչպես լուծել այդ խնդիրը, ինչպես ներգրավել Հայաստան խոշոր ներդրումներ: Սա հարց է, որի պատասխանը թե բիզնես գրավչության, թե արտաքին քաղաքականության տիրույթում է:

Ահա այս համատեքստում է նաև, որ Ամուլսարի խնդիրն ամենևին պարզունակ խնդիր չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Սակայն սա ընդամենը առիթ է իրականում շատ ավելի խորքային անհրաժեշտության շուրջ խորհելու համար:

Որո՞նք են այն ստրատեգիական ուղղությունները, որոնցով Հայաստանը կարող է ակնկալել խոշոր ներդրումային հոսքեր՝ տարեկան մի քանի հարյուր միլիոնի կտրվածքով: Այդ ուղղություններն անխուսափելիորեն պետք է լինեն նաև ռազմա-քաղաքական երկխոսության ուղղություններ, որովհետև խոշոր ներդրումները ժամանակակից աշխարհում առավելապես կախված են լինելու այդ հանգամանքից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...