Aram Harutyunyan

Խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավի կուլմինացիոն դրվագներից մեկը վերաբերում էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից խոշոր կաշառք վերցնելու դրվագին։

Դեռ անցած տարվա դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ: Փաշինյանի խոսքով՝ սա հերթական ապացույցն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է հետևողական. «Այս գործի օրինակով ես ցանկանում եմ պարզաբանել, թե ինչու են կոռուպցիայի դեմ պայքարի գործերը տևում երկար: Այս գործի վերաբերյալ քաղաքացին հայտարարություն տվել է մոտավորապես 4-5 ամիս առաջ: Քանի որ այդ գործողությունները, ըստ քրեական գործի նյութերի և նախնական տվյալների, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, քրգործի քննությունը չէր կարող պատշաճ կերպով շարունակվել, քանի դեռ այդ պետություններից մեկից պաշտոնական պատասխան չէր ստացվել:

Ես դեռ ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու հանդես եկած ժամանակ հայտնել եմ, թե ինչպես են կատարվում ընթացակարգերը: Այդ պատասխանը, որին մեր քննչական մարմինները սպասում էին, տևեց մոտ 4-5 ամիս»:

Նույն օրը Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Բայց այս դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի գործը ոչ թե «երկար տևեց», այլ կարելի է ասել՝ անժամկետ ձգձգվեց, համենայն դեպս՝ Արամ Հարությունյանը մինչև այսօր հայտնաբերված չէ, ինչը զանազան վարկածներ առաջ քաշելու հնարավորություն է տալիս՝ պարարտ հող նախապատրաստելով շահարկումների համար։ Համենայն դեպս, իշխանությունների հետևողականության վարկածը, որն առաջ էր քաշվել Փաշինյանի կողմից, մնաց նախընտրական հայտարարության մակարդակում։

Արամ Հարությունյանին իրավապահները չեն կարողանում հայտնաբերել, քանի որ նա «լավ է թաքնվում», երեկ դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հարությունյանի գործով տուժող, գործարար Սիլվա Համբարձումյանը։ Այս հայտարարությունը նույնիսկ զավեշտալի է, որովհետև Արամ Հարությունյանի գործի կամ, այսպես կոչված, «դարի կաշառքի» մասին Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր դեռ անցած տարվա հոկտեմբերին՝ խորհրդարանում ունեցած ելույթում։ Առնվազն տարակուսելի է, որ իրավապահ մարմինները ամիսներ շարունակ իմացել են պոտենցիալ հանցագործի մասին, սակայն նա կարողացել է «խնամքով» թաքնվել, այլ խոսքով՝ դուրս է մնացել իրավապահների տեսադաշտից։ Այս հանգամանքը բազմաթիվ հարցեր է ծնում։ Օրինակ՝ իրավապահ մարմիննե՞րն են անփույթ գտնվել, թե՞ իշխանությունները, մեղմ ասած, չեն «խանգարել», որպեսզի Հարությունյանը թաքնվի։

Կամ՝ երբ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի կուլմինացիոն փուլում Փաշինյանը կատարում էր հերթական կոռուպցիոն «բացահայտումը», տեղյա՞կ էր, որ Հարությունյանն արդեն «լավ թաքնվել» է։ Եթե՝ այո, ապա հնչել է հերթական պոպուլիստական հայտարարությունը՝ խորհրդարանական ընտրությունններում ավելի համոզիչ հաղթանակ տանելու նպատակով։ Նույնքան վատ է նաև այն վարկածը, որ Փաշինյանի հայտարարությունից անցել է յոթ ամիս, սակայն իրավապահները չեն կարողանում հայտնաբերել «դարի կաշառակերին»։ Սա խոսում է իրավապահ մարինների պրոֆեսիոնալիզմի բացակայության կամ անգործության մասին։ Ոմանք պնդում են, որ այսօրվա իրականության մեջ հնարավոր չէ տևական ժամանակ թաքնվել իրավապահներից, ուրեմն՝ տեղ ունի նաև այն վարկածը, որ տարբեր պատճառներով Հարությունյանին պարզապես լավ չեն «փնտրում»։

«Հարց է ծագում՝ այդ նախարարը, որ կաշառք ա վերցրել, ինքն այդ 14 մլն դոլար կաշառքը վերցրել է, դրել գրպանը և ազատ պտտվե՞լ: Հարց է ծագում՝ իսկ արդյոք այդ կաշառքներն ավելի վերև հոսե՞լ են, թե՞ չեն հոսել: Այդ ամենը կարող ենք ենթադրել, բայց այդ հարցերի պատասխանը կարող է տալ նախաքննությունը»,- քարոզարշավային ելույթի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը:

Միանգամայն ճիշտ հարցադրում է, սակայն մենք էլ իրավունք ունենք իշխանությանը հարցնել, թե ինչո՞ւ մինչև հիմա հայտնաբերված չէ Արամ Հարությունյանը, ինչի հետևանքով վարչապետի նկարագրած ենթադրյալ կոռուպցիոն սխեման բացահայտված չէ։ Փաստորեն ստացվում է, որ «տուշոնկա» գողացած Մանվել Գրիգորյանը հեշտությամբ կալանավորվեց, սակայն 14 մլն դոլար կաշաք վերցնողը դարձել է «անորսալի Ջոն»՝ բոլորի մեջ կասկածներ ստեղծելով, որ Արամ Հարությունյանը լավ «լեզու գտնող» է ու ոչ միայն՝ նախկինների հետ։

Նիկոլ Փաշինյա՞նը հրատապ չի համարում Հարությունյանի կալանավորումը, իրավապահնե՞րն են թերանում, թե՞ «անտեսանելի» մի ուժ սատարում է «դարի կաշառակերին»։ Սրանք հարցեր են, որոնք շարունակում են հուզել հասարակությանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...