Հայաստանում ուղղակի հնարավոր չէ «շարունակել» նախկին իշխանության գործը

- in Կարծիք
Mishik

Կասկած չկա, որ Հայաստանի ներքաղաքական ներկայիս գունապնակը գործնականում չի արտացոլում թե արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները՝ որոնք Ստեփանակերտում օգոստոսի 5-ին բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը, և թե ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը:

Ներկայիս քաղաքական գունապնակը գործնականում շարունակում է արտացոլել Հայաստանում գործած նախահեղափոխական համակարգը, իր թե՛ կառուցվածքով, թե՛ տրամաբանությամբ, որը, խոշոր հաշվով, տարբեր քաղաքական-տեղեկատվական տեխնոլոգիաների պարբերական, համակարգային կիրառման, նաև որոշակի արտաքին ազդեցության միջոցով հարմարեցված էր նախկին իշխող համակարգի կարիքներին, անգամ անկախ այդ համակարգի այս կամ այն դերակատարումն ունեցող սուբյեկտների անմիջական գիտությունից ու պատկերացումից:

Հեղափոխությունից հետո փոխվում է իշխանությունը, քաղաքական համակարգի դասավորությունն ու տրամաբանությունը խորքային առումով մնում է անփոփոխ: Հեղափոխական իրողությունները առայժմ իրենց ներգործուն ազդեցության պայմաններում ծածկում են այս դիսբալանսը, սակայն այդ իրողությունները անխուսափելիորեն անցնելու են՝ առկա հանրային, քաղաքական, պետական խնդիրների լուծման ոչ հարթ գործընթացին զուգահեռ, տարբեր առիթներով, ինչպես, օրինակ, Ամուլսարի հարցն է, իսկ քաղաքական համակարգի նոր և հանրային տրամադրություններին ու պատկերին ներդաշնակ լինելու հարցում առավել կենսունակ քաղաքական համակարգի ձևավորումը դանդաղում է: Ավելի շուտ, այդպիսին չկա, չնայած առերևույթ հայտարարված փորձերի: Եթե մի պահ ծածկենք անունները և դեմքերը, եթե ներքաղաքական կյանքը վերածենք զուտ տեքստի, ապա կլինի տպավորություն, որ շարունակում ենք ապրել նախահեղափոխական Հայաստանում, և այն շարունակում է ղեկավարել Սերժ Սարգսյանը: Եվ, եթե անգամ առաջնորդվենք ըստ իսկ խելագարության կանխավարկածով և համարենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Սերժ Սարգսյանի գործը՝ ինչպես Ամուլսարի առիթով սկսեցին պարբերաբար բարձրաձայնել մի շարք քաղաքականապես անմեղսունակ շրջանակներ, միևնույն է, հեղափոխությունից հետո այդ խնդիրը ունի բացարձակապես այլ կառուցվածք և բովանդակություն, քան մինչև հեղափոխությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի գործի շարունակություն դիտարկելը քաղաքական անմեղսունակություն է ոչ թե նրա հանդեպ, այսպես ասած, կասկածի անթույլատրելիության պատճառով, այլ պարզապես Հայաստանում թե՛ նախահեղափոխական, թե՛ հետհեղափոխական իրողությունների գնահատման անհամարժեքության:

Ոչ միայն 2018-ի ապրիլից, այլ գործնականում 2016-ի Ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանում ուղղակի հնարավոր չէ «շարունակել» նախկին իշխանության գործը, և, մեծ հաշվով, այդ անհնարինությունն է այդ իշխանության իսկ երկամյա դիմադրության պարագայում անգամ, ի վերջո, բերել փլուզման և թավշյա հեղափոխության: Եթե Հայաստանում հնարավոր լիներ «շարունակել»՝ օբյեկտիվորեն, ապա դա կանեին, օրինակ, Կարեն Կարապետյանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի միջոցով, որովհետև Կարապետյանի տարբերակը շարունակության գրեթե իդեալական տարբերակն էր: Սա ի միջի այլոց, զուտ «շարունակությունը» քաղաքական անմեղսունակություն դիտարկելու ստուգաբանության տեսանկյունից: Մյուս կողմից, սակայն, այդ «թեզն» առաջ մղելը քաղաքական հին համակարգի անկենսունակության և ինքնապահպանության դրսևորում է, որովհետև Փաշինյանին «Սերժ» հռչակելու մեջ է այդ համակարգը գտնում իր, այսպես ասած, հին տեսքով ու մտքով պահպանությունը՝ քաղաքականից մինչև քաղաքացիական սեգմենտներ: Այլապես, եթե Նիկոլը Սերժ չէ, հարցեր են առաջանում իրենց վարքագծի և թեկուզ պայքարի, բայց մեթոդաբանության մասով: Եթե Նիկոլը Սերժ չէ, դա չի նշանակում, որ նրա դեմ չի կարելի պայքարել, կամ առավել ևս անթերի է կամ իդեալական:

Պարզապես, եթե Նիկոլը Սերժ չէ, դա պահանջում է քաղաքական բացարձակապես այլ, որակապես և բովանդակային առումով նոր վարքագիծ՝ հատկապես ընդդիմության ձևավորման գործում: Իսկ դրան ներկայիս քաղաքական համակարգը՝ իր կառուցվածքով, կազմով ու բովանդակությամբ, ունակ չէ: Ըստ այդմ՝ ելքը փնտրվում է Սերժի տեսքով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments