Պատմական հրաժեշտ Ստեփանակերտում. Հայկական մեծ նախագծի նոր փուլը

- in Կարծիք
LGHH

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն ու ելույթը պատմական եւ խորհրդանշական էր մի քանի իմաստներով: Դրանցից առանցքայիններից մեկը, կամ գուցե առանցքայինը, արցախյան շարժման այսպես ասած Առաջին սերնդի ճանապարհումն էր դեպի պատմություն:

http://lragir.amԸնդ որում, այդ հանգամանքի գուցե նաեւ քաղաքական, բայց ավելի շատ իհարկե ֆունկցիոնալ իմաստով: Վերածննդի հրապարակում Արցախի շարժման մեկնարկի երեսնամյա սահմանագծին Հայաստանի նոր վարչապետի ելույթը ազդարարեց հայկական մեծ նախագծի սերնդափոխությունը, այդ նախագծի սպասարկման նոր փուլին ընդառաջ: Թերեւս հենց այդ խնդրով էր նաեւ պայմանավորված հենց Վերածննդի հրապարակում «անցումը» ազդարարելը:

Նախորդ փուլը գործնականում անցել է չափազանց ծանր ճանապարհով, պատերազմով, շարժման որակի հետեւողական դուրսմղումով, այն կրողների դեմ հայտարարված ներքին պատերազմով, հետո ներքին հարաբերությունների պարզման երբեմն դաժան հաշվեհարդարների, երբեմնի ընկերների թշնամանքի, զուգահեռ՝ պետականաշինության փոխարեն ռազմա-ֆեոդալական եւ քրեա-օլիգարխիկ բարքերով քվազիպետական համակարգի ձեւավորման, այդ պատմության արյունոտ շրջափուլերով: Եվ այդ ընթացքում ամեն ինչի առանցքում եղել է փողի ու իշխանության գայթակղությունը:

Այդ իրողության պատմական շերտերը կուտակվել են մոտ երեք տասնամյակի ընթացքում, հանգուցալուծվելով 2018-ի գարնանը՝ Արցախի շարժման երեսնամյա տարեդարձի սահմանագծին: Այդ իրադարձությամբ պետությունը զատվել է շարժման առաջին սերնդի ալիքից, այն ժամանակ, երբ հնարավոր էր փրկել գոնե այդ սերնդի գլխավոր ձեռքբերումը՝ հաղթանակը, չնայած ահռելի արատներին եւ կոռուպցիոն սխեմաներին, չնայած մեծ մարտահրավերներին եւ նաեւ ռեսուրսային մեծ մսխմանը՝ դեռեւս հաղթանակի ռեժիմում գտնվող պետականությունը: Որովհետեւ իրավիճակի շարունակության դեպքում հաջորդ մսխվողը լինելու էր արդեն հենց այդ, վերջին թելը, որ փրկեց բանակը 2016-ին, բայց միայն բանակն այլեւս անզոր էր լինելու փրկել հետագայում, եթե չլիներ սպառված սերնդի փոփոխությունը:

Ստեփանակերտի հրապարակում Փաշինյանը գործնականում հայտարարեց այդ գործընթացի մասին, ազդարարելով Հայաստանից սկսված այդ մեծ անցումը Արցախ հասցնելու եւ Արցախում անցնցում անցման երաշխավոր լինելու հանգամանքը:

Արցախի շարժման ու հաղթանակի հայկական մեծ նախագիծը ունի նոր սերնդի հրամայական: ժամանակակից աշխարհի իրողություններն ու մարտահրավերները դարձրել են այդ խնդիրը կենսական: Ընդ որում, խնդիրը արձանագրված էր անգամ նախորդ իշխող համակարգի շրջանում եւ նրբորեն արտացոլվում էր Սերժ Սարգսյանի հանրային ելույթների տողատակերում: Սարգսյանը միայն ընթերցու՞մ էր դրանք, թե՞ նաեւ խորապես պատկերացնում անհրաժեշտությունը, առանձին դիտարկման, եւ ներկայումս թերեւս ոչ այդքան կարեւոր հարց է:

Կարեւորն այն է, որ անհրաժեշտ պահին նա կարողացավ կողմնորոշվել ճիշտ եւ ընդունել սխալ լինելու հանգամանքը, կամա թե ակամա նպաստելով խաղաղ, անցնցում, ոչ բռնի հեղափոխությանը, որը խորքային առումով՝ արցախյան հարցում, ասել է թե հայկական պետականության հարցում պատմական սերնդափոխություն է:

Ինչ սերունդ է ձեւավորվում: Դա է ներկայում գլխավոր հարցը: Փաշինյանն այդ իմաստով Ստեփանակերտում շարադրել է նշաձողերն ու շրջանակը: Նոր սերունդը լինելու է համահայկական շրջանակում եւ ձեւավորվելու է հենց այդ նշաձողերի հանգույն՝ ովքեր իրենց որեւէ գործունեությամբ կնպաստեն հռչակված նպատակների ու նշաձողերի իրականացմանը, կամա թե ակամա կկազմեն հայկական մեծ նախագծի բյուրեղացման նոր երեսնամյակի լոկոմոտիվ սերունդը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան