Putin

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ հայտարարելով, որ իրավիճակը բախումների հասցնելու իրավունք ոչ ոք չունի, իսկ մեղավորները պետք է պատժվեն:

«Բայց ոչ ոք, ոչ իշխանությունները, ոչ էլ քաղաքացիների ինչ որ խմբեր իրավունք չունեն խախտել գործող օրենքը և իրավիճակը հասցնել անհեթեթության կամ իշխանությունների հետ բախման: Դա օրենքի խախտում է, և յուրաքանչյուր ոք, ով մեղավոր է այդ խախտումների համար, պետք է պատասխանատվության ենթարկվի Ռուսաստանի հենց այդ օրենքին համապատասխան»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի լրագրողներին բացատրել է, որ Մոսկվայում անկարգությունները կապված են ընտրական ցիկլի հետ, քանի որ սեպտեմբերին տեղի են ունենալու Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները: Պուտինը նշել է, որ հուլիսին և օգոստոսին մայրաքաղաքում տեղի ունեցած փողոցային ակցիաները արտոնված են եղել իշխանությունների կողմից և անցել են առանց ավելորդ միջադեպերի:

«Ես կցանկանայի, որ մեզ մոտ հետագայում ամեն ինչ տեղի ունենար այս ձևով, և այլ երկրներում նույնպես՝ առանց ծայրահեղությունների և օրենքի խախտումների: Ինչպես գիտենք, միայն Ռուսաստանում չեն նման իրադարձություններ տեղի ունենում»,- ասել է Պուտինը՝ հիշեցնելով Ֆրանսիայում ձգձգվող զանգվածային անկարգությունների մասին:

«Բոլորս ենք տեղյակ դեպքերին, որոնք կապված են, այսպես կոչված, դեղին բաճկոնավորների հետ, որի ընթացքում, ինչպես մեզ է թվում, մեր գնահատականներով զոհվել է 11 և վիրավորվել է 2.5 հազար մարդ, այդ թվում՝ 2 հազար ոստիկաններ»,- նշել է ՌԴ նախագահը՝ խոստանալով անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի իշխանությունների և հասարակության միջև քաղաքական երկխոսությունը մնա օրենքի շրջանակներում:

Օգոստոսի 3-ին Մոսկվայի կենտրոնում անկախ թեկնածուներին չգրանցելու հետ կապված չարտոնված հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է մոտ 600 մարդ: Դրանից առաջ, հուլիսի 27-ին տեղի ունեցած չարտոնված բողոքի ակցիան ձերբակալությունների թվով ռեկորդ է սահմանել՝ բերման է ենթարկվել 1373 մարդ (ըստ OVD-Info), որից ավելի քան 600-ը այլ քաղաքների բնակիչներ: Օգոստոսի 10-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված երթին մասնակցելու համար ոստիկանության և Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից ձերբակալվել է 136 մարդ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...