Պուտինի կողմից Քոչարյանի գործոնի հմուտ խաղարկումը հայ-ռուսական հարաբերություններում

Այսօր Հայաստանի երկրոդ նախագահ, Մարտի 1-ի գործով ազատազրկված Ռոբերտ Քոչարյանի 65-րդ տարեդարձն է ու թերևս հիմնական ինտրիգն այն էր, թե արդյոք Վլադիմիր Պուտինն անցած տարվա օրինակով շնորհավորելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանին, թե՞ խուսափելու է Քոչարյանի հետ իր անվան հերթական հրապարակային ասոցացումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փաստը Հայաստանում ոչ միանշանակ գնահատականի է արժանանում։

Թվում է՝ անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն արել է առավելագույնը Պուտինի վստահությանն արժանանալու համար։ Միայն այն հանագմանքը, որ Փաշինյանը համաձայնեց հումանիտար առաքելություն ուղարկել Սիրիա՝ արդեն անգնահատելի ծառայություն էր Պուտինին, սակայն հայ-ռուսական հարաբերություննները ներկայումս գտնվում են ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, որի պատճառներից մեկը թերևս Ռոբերտ Քոչարյանի գործոնն է, այլ խոսքով՝ երկրորդ նախագահի գործոնը խցանել է հայ-ռուսական հարաբերություննները։

Մի առիթով Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր ու Վլադիմիր Պուտինի մտերմության մասին, ասել էր, թե իրենց միջև յուրահատուկ «քիմիա» է ձևավորվել, ու երկրորդ նախագահը թերևս չէր սխալվել։ Այսօր Ռուսաստանի նախագահը դարձյալ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ անուղղակիորեն շեշտելով իր անվստահությունը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հանդեպ։

Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

Հատկանշական է, որ Պուտինը հայ-ռուսական հարաբերություններում հերթական լարվածությունն առաջացնում է իր երևանյան այցից ընդամենը մեկ ամիս առաջ։ Արդյո՞ք սա քաղաքական ուղերձ է որ Պուտինը գուցե հոկտեմբերին չժամանի Երևան՝ ԵՏՄ գագաթաժողովին մասնակցելու համար, թե՞ Ռուսաստանի նախագահը Հայաստանի իշխանությունններին հասկացրել է՝ մեծ սպասելիքներ չունենալ իր հետ սպասվող բանակցություններից, մանավանդ, որ դրանցում քննարկվելու է նաև գազի սակագնի հարցը։

Ի դեպ, խնդիրն ոչ այնքան Քոչարյանն է, որքան Պուտինի կողմից նրա գործոնի հմուտ խաղարկումը հայ-ռուսական հարաբերություններում։ Ռուսաստանի նախագահը հայ-ռուսական հարաբերություննները թողել է Քոչարյանի ստվերի տակ՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն ավելի կաշկանդելու նպատակով, մյուս կողմից՝ Հայաստանում նպաստելով այնպիսի քաղաքական համակարգի ձևավորմանը, որը գործնականում վերահսկելի կլինի Մոսկվայի կողմից։ Պուտինն այս հարցում հաջողել է՝ առնվազն արտաքին քաղաքական հարաբերություններում թույլ չտալով հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան։