Ռոբերտ Քոչարյանը կտեղափոխի՞ իր կոնսոլիդացիոն ծրագիրը ձմեռ, կամ` գարուն

- in Վերլուծական

Հայաստանում սպասվող թեժ աշունը շուտ եկավ՝ ամառը չավարտված: «Աշունը» եկավ Ամուլսարի հարցի առիթով, որն առաջացրել է հանրային քաղաքականապես և քաղաքացիականապես ակտիվ շերտերի փոխհարաբերության մեծ լարվածություն: Առավել ևս, որ հեղափոխությունից հետո ընդհանուր լարվածության որոշակի աստիճանը պահպանվել է միշտ:

Ներկայիս իրավիճակի առանձնահատկությունը, սակայն, այն է, որ այս դեպքում լարվածությունն առաջացել է ոչ թե նոր ու նախկին «ֆորմուլայով», այլ հեղափոխության, այսպես ասած, մի կողմում գտնվող ուժերի միջև՝ ընդհուպ նույն իշխանության մեջ գտնվող ուժերի: Միևնույն ժամանակ, բավականին կոնկրետ է նաև լարվածության առիթը՝ հանքավայրի շահագործման հարցը, կոնկրետ է դիմադրության շարժումը, և հստակ է, որ պետք է լինի ինչ-որ որոշում:

Հայաստանում թեժ աշուն խոստացել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրան հարող այլ շրջանակներ: Ուղիղ խոստում, իհարկե, չէր եղել, բայց Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ աշնանն ընդդիմադիր ուժերի մեծ կոնսոլիդացիա կլինի, և քաղաքական պայքարն իշխանության դեմ կդառնա ավելի համախմբված և համակարգված: Այդ հարցազրույցից հետո նկատելի էր նաև զարգացման այդ սցենարի որոշակի նախապատրաստական քարոզչա-տեղեկատվական աշխատանք: Ընդհանուր առմամբ, իհարկե, նախկին իշխանության շրջանակում ընդդիմադիր դիրքավորման մտադրությունն ու քայլերը ունեն բավականին հասկանալի տրամաբանություն: Ի վերջո, գործ ունենք իշխանություն ու դիրք կորցրած ուժի հետ, որը, միևնույն ժամանակ, իշխանության կորստով չի ազատվել բոլոր մարտահրավերներից: Եվ առավել ևս նոր իշխանության մի շարք հարցադրումները՝ անցնող տարիներին կուտակած հարստության, յուրացված հանրային ու պետական ռեսուրսների վերաբերյալ, հանրային պահանջներն այդ առիթով առաջացնում են պաշտպանության անհրաժեշտություն, որի ձևերը ոչ միայն իրավական են, այլ նաև քաղաքական և, թերևս, ավելի շուտ քաղաքական:

Ըստ այդմ, խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չէ, քանի որ անկախ դրանից՝ նախկին իշխող համակարգն ունենալու էր թերևս քաղաքական դիրքավորման մի քանի այլ մոտիվացիոն մեկնակետ, այդ թվում նաև որոշակիորեն արտաքին, քանի որ Հայաստանում իշխանությունից այդ համակարգի հեռացումը նշանակում է դիրքերի և ազդեցության կորուստ այն շրջանակների համար, որոնց հետ գործակցում էր այդ համակարգը՝ իր արտաքին տնտեսա-քաղաքական կապերով: Խոսքը առավելապես ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակների մասին է: Այդ ամենին գումարվում է այն, որ հեղափոխությունից հետո բաց է ընդդիմադիր դաշտը: Թե ԲՀԿ, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եղան այդ բացը լրացնելու և ընդդիմադիր նոր նշաձողեր սահմանելու անկարող, ամեն մեկը յուրովի պատճառով: Նախկին իշխանությունը բաց չթողեց «սուրբ տեղը դատարկ» չթողնելու հնարավորությունը:

Աշունը հայտարարվեց մոբիլիզացիոն մեկնակետ, սակայն Ամուլսարի հարցը, կամա թե ակամա, փաստացի «առաջ բերեց» մեկնակետի խնդիրը՝ առնվազն մի քանի շաբաթով: Ակնառու է, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցնելու մարտավարությունը որդեգրած հին իշխանական թևը ներգրավված է Ամուլսարի շահագործման դեմ պայքարի ներկայիս գործընթացում, ինչպես, իհարկե, մի շարք այլ քաղաքական խմբեր՝ տարբեր, այսպես ասած, ձևաչափերով: Զուտ քաղաքական շահի և տրամաբանության տեսանկյունից հասկանալի է, որ քաղաքական ուժը կարող է օգտագործել որևէ հնչեղ առիթ քաղաքական միավոր հավաքելու և մրցակցի կամ հակառակորդի դիրքերի թուլացմանը նպաստելու համար:

Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե արդյոք ներկայիս գործընթացը չի՞ խախտում «թեժ աշնան»՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած տրամաբանությունը, որովհետև Ամուլսարի հարցը փաստորեն դառնում է յուրօրինակ հնչեղ կոնսոլիդացիայի մի կետ, որի շուրջ կորիզը ձևավորված է դեռևս նախկին իշխանության շրջանում, հանքի շահագործման թույլտվություն տալուց հետո: Եվ այդ կորիզը, համենայնդեպս, մինչ այժմ իր վարքագծով ցույց է տվել, որ չի կարող ասոցացվել նախկին իշխանության քաղաքական շահի հետ: Իհարկե, քաղաքականության մեջ խաբուսիկությունը նորություն չէ, սակայն, այդուհանդերձ, կա առերևույթ պատասխանատվության նշաձողերի հանգամանքը: Ըստ այդմ ստացվում է, որ «թեժ աշունը» կարող է մնալ «թեժ նախաաշնան» կամ «թեժ աշնանամուտի» ստվերում, որը ձևավորվում է Ամուլսարի առիթով և որի շուրջ կոնսոլիդացվում է թավշյա հեղափոխության մի մասը: Ռոբերտ Քոչարյանը կտեղափոխի՞ իր կոնսոլիդացիոն ծրագիրը ձմեռ, կամ` գարուն: