Ռոբերտ Քոչարյանի սուղ շնորհավորանքը. ի՞նչ է պատահել

- in Կեղտոտ լվացք

Արցախի նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ են հղել երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այդ ուղերձներն աչքի են ընկնում հետաքրքիր տարբերությամբ:

http://lragir.amՍերժ Սարգսյանը Բակո Սահակյանին շնորհավորել է բովանդակային ուղերձով, հիշելով նրա դերն արցախյան շարժման, պատերազմի ընթացքում, խոսելով ազգային միասնության գործում Բակո Սահակյանի ունեցած ավանդի մասին, հիշատակել նրա լայնախոհությունը, սթափ մտածողությունն ու հավասարակշռվածությունը:

Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը խիստ համառոտ է եւ պարունակում է շնորհավորանք՝ ի սրտե, եւ առողջության ու աշխատանքի բարեմաղթանք՝ ի բարօրություն Արցախի հանրապետության ժողովրդի:

Համեմատության համար՝ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի շնորհավորանքի համար շռայլել է ավելի քան 150 բառ, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի բառերը չեն անցնում 20-ից:

Իհարկե, այդօրինակ ուղերձները չեն կարող չափվել թվաբանությամբ, որովհետեւ հնարավոր է ավելին ասել 10 բառով՝ 1000 բառի համեմատ: Ի վերջո, հիշենք հայտնի խոսքը, որ «համառոտությունը տաղանդի մայրն է»: Այդուհանդերձ, այս դեպքում իհարկե երկրորդ նախագահի ուղերձը իր համառոտության մեջ չի պարունակում առանձնապես ավելի խոսուն բովանդակություն, քան Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

Ինչո՞վ է պայմանավորված երկրորդ նախագահի այդ սղությունը, եթե հաշվի առնենք, որ նա թերեւս պետք է ավելի շռայլ լինել Արցախի նախագահի նկատմամբ, քանի որ Բակո Սահակյանը Ստեփանակերտից եկավ Երեւան, որպեսզի Արկադի Ղուկասյանի հետ միասին դատարանում երաշխավորի Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, ինչը կատարեց իր դերը:

Թե՞ այդուհանդերձ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ Բակո Սահակյանն իր դերը կատարել է ոչ ամբողջությամբ, թերի, կամ ընդհանրապես դա այն դերը չէր, ինչ ակնկալում էր երկրորդ նախագահը:

Նրա ազատությունից հետո իրադարձություններն իհարկե զարգացան մի սցենարով, որտեղ երկրորդ նախագահի հաջողության դրվագները շատ քիչ էին, եւ ի վերջո նա դարձյալ վերադարձավ կալանատուն: Ավելին, այդ իրադարձությունների ընթացքը թողնում է տպավորություն, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը պարզապես առիթ էր այլ ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներ կատալիզացնելու համար, ինչն օգտագործելով, իշխանությունը երկրորդ նախագահին դարձյալ կալանավորեց:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ Բակո Սահակյանն իրականում մասնակցել է այդ կատալիզացիային:

Թե՞ երկրորդ նախագահի դժգոհությունն է առաջացրել այն, որ Արցախի նախագահը Արցախի նախագահի ընտրության համատեքստում չի աջակցում այն թեկնածուին, իսկ գուցե նույնիսկ խանգարում է, որը վայելում է Ռոբերտ Քոչարյանի համակրանքը: Ավելին, օգոստոսի 5-ի հայտնի հանրահավաքում Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի կողքին էր, երբ Փաշինյանը հայտարարում էր Արցախի հարցում համահայկական կոնսենսուսի անհրաժետության, իսկ Արցախի նախագահի ընտրության հարցում արցախցիների ազատ քվեարկության հնարավորության երաշխավորման մասին:

Ի դեպ, այդ հանրահավաքի ընթացքում, երբ վարչապետից առաջ ելույթ էր ունենում Բակո Սահակյանը, որոշ քաղաքական շրջանակների եւ Արցախի նախագահի հավակնություն ունեցող անձանց համակիրներ փորձում էին սուլել Բակո Սահակյանին: Նրանց զսպեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Երկրորդ նախագահը երրորդ անգամ կալանավորվելուց առաջ տված հարցազրույցում հատուկ ուշադրություն դարձրեց այդ թեմային, հայտարարելով, որ ունի իր համար նախընտրելի թեկնածու, սակայն չի ասի, թե ով է այն:

Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու առումով հավակնորդներից խնդիր ունի թերեւս Սամվել Բաբայանը, որը չունի առաջադրվելու իրավունք: Նա փորձում է փոխել Արցախի Սահմանադրությունը եւ այդ պահանջը կատարելու համար խոսել է Արցախի իշխանության նկատմամբ ընդհուպ հանրային ճնշում կիրառելու հնարավորության մասին: Արցախի իշխանությունը հայտարարել է, որ  ներքին կայունությանը սպառնացող այդ քայլը կարժանանա կոշտ հակազդեցության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...