Հայաստանում ներքաղաքական պայքար է ընդդիմության, ոչ թե իշխանության համար: Տրամաբանական է, որ այդ պայքարը պետք է ուղեկցվեր և կառուցվեր իշխանության հասցեին քննադատությամբ, որ պետք է հիմնական անելիք դիտարկեն պայքարի մասնակից սուբյեկտները, սակայն խորքային նպատակը իշխանությունը չէ, այլ ընդդիմությունը, կամ այսպես ասենք՝ իշխանությունն ընդդիմության դաշտում:

Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ աշնանը քաղաքական պայքարը կստանա համակարգված և մասշտաբային բնույթ, ապա գործնական առումով խոսքը հենց ընդդիմության դաշտում հաստատվելու մասին է, որ երկրորդ նախագահի ակնհայտորեն գերակա նպատակն է: Ավելին, այդ նպատակի իրագործումը նրա համար կդիտվի մեծ հաջողություն: Ավելին, այստեղ հնարավոր է նշմարել նաև Քոչարյանի և նոր իշխանության որոշակի ընդհանուր շահ, որքան էլ դա տարօրինակ չհնչի: Այդ շահը, իհարկե, կարճաժամկետ է, առավելագույնը՝ միջնաժամկետ, եթե դիտարկենք Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի առողջ զարգացման ու էվոլյուցիայի կանխավարկածի շրջանակում:

Այդուհանդերձ, այդ կանխավարկածով առաջնորդվելու պարագայում անգամ իշխանությունը կարճաժամկետ հատվածում ունի ընդհանուր շահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր հավակնության հետ: Երկրորդ նախագահը նոր իշխանության համար հարմար ընդդիմություն է, շատ հասկանալի պատճառով: Սա չի նշանակում, որ այդպիսով իշխանությունն ուզում է ձերբազատվել անհարմար ընդդիմությունից: Պետք է արձանագրել նաև, որ անհարմար ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի: Ու չի էլ նշմարվում, որ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական որևէ այլ ուժ կարող է դառնալ նոր իշխանության համար անհարմար ընդդիմություն:

Բայց մի բան է անհարմար ընդդիմություն չունենալը, մեկ այլ բան է՝ հարմար ընդդիմություն ունենալը, սրանք տարբեր քաղաքական իրավիճակներ են, որովհետև հարմար ընդդիմության հանգամանքը թույլ է տալիս լուծել ընթացիկ և միջնաժամկետ ավելի շատ քաղաքական հարցեր, քան անհարմար ընդդիմություն չունենալու ռեժիմը:

Կլինի՞ Հայաստանում քաղաքական ուժ, որն աշնանը, օրինակ, կկարողանա Ռոբերտ Քոչարյանին խանգարել ընդդիմադիր դաշտի համար պայքարում, անգամ եթե այդ դաշտը ունի չափազանց նեղ և կարճ տարածություն՝ դարձյալ հասկանալի իրողությունների բերումով: Իշխանությունը չի խանգարի, այլ կկառավարի գործընթացը, քանի որ չունի խանգարելու անհրաժեշտություն և մոտիվ թե՛ իր, թե՛ որևէ այլ ուժի համար, որովհետև, եթե իշխանությունը պետք է ստերիլ դաշտ ապահովի այսպես ասած նոր ընդդիմության կայացման համար, եթե իշխանությունը պետք է ջերմոցային պայմաններ ստեղծի նոր ընդդիմության համար՝ ապահովագրելով թեկուզ նախկին ուժի հետ մրցակցությունից, ապա այդ ընդդիմությունը հանրության համար ավելի շատ խնդիրներ կստեղծի, քան կտա գործիքներ: Վերջին հաշվով, քաղաքական մրցակցությունը պետք է կայանա թեկուզ եղած դաշտի ու սուբյեկտների պայմաններում, որպեսզի դրանից ծնվեն իրապես կարող ուժեր: Վախենալ պետք չէ, որովհետև նրանց ընտրելու է հանրությունը, հանրությունն է որոշելու, թե ով է լինելու ընդդիմություն, ու երբ, ինչպես որոշեց, թե ով է լինելու իշխանություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...