eshelon ishxanutyun

Հեղինակավոր BBC ընկերության ռուսական ծառայության անդրադարձը Մարտի 1-ի իրադարձություններին ոչ միայն սկանդալային է ու սենսացիոն, այլ իսկական ռումբ է հայաստանյան նախկին համակարգի համար։

Կայքն իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի հիման վրա բացահայտել է, որ 2008-ի մարտյան օրերին Հայաստանում է գտնվել Արցախից բերված 20 հոգանոց խումբ՝ ՊԲ հրամանատարի այդ ժամանակվա տեղակալ՝ Օգանովսկի անունով հայտնի Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, որն էլ իրականացրել է տասը սպանությունները։ BBC-ն իրեղեն ապացույցների հիման վրա պնդում է, որ Օգանովսկու զինված ջոկատը ոչ միայն Հայաստանում է եղել, այլև տեղակայվել է Բաղրամյան 26-ում՝ նախագահի աշխատակազմի շենքում։ Ըստ կայքի հրապարակման, Արցախից բերված խմբին պարբերաբար այցի են գնացել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ BBC-ն գրում է նաև, որ Արցախից բերված զինված խմբին ֆինանսավորել են օլիգարխներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը։

Հեղինակավոր հրատարակության հրապարակումն, ըստ էության, արձանագրումն է այն իրողությունների, որոնք առանց այդ էլ հայտնի էին հայ հանրությանը և ավելի քան տասը տարի թևածում էին օդում։ Սրանք տեղեկություններ են, որոնք Մարտի 1-ի քննությամբ զբաղվող քննչական մարմինների կողմից պետք է ստանան իրավական գնահատական և արտացոլվեն դատական վճիռներով։ Մյուս կողմից, սակայն, սրանք ոչ միայն ու գուցե ոչ այնքան իրավական, որքան քաղաքական գնահատականի կարոտ տեղեկություններ են։ BBC-ի ոչ այնքան ծավալուն, սակայն խոսուն հրապարակմամբ, ըստ էության, ներկայացվում է այն համակարգի դեմքը, որը 20 տարի շարունակ իշխել է Հայաստանում՝ իրեն ինտեգրելով նաև Արցախի վերնախավին։ Դա այն համակարգն է, որին անցած տարիներին արդարացիորեն տրվել են «քրեաօլիգարխիա», «ղարաբաղյան կլան», «բռնազավթված իշխանություն» և այլ բնորոշումները։ Դա այն համակարգն է, որն իր պահպանության և վերարտադրության համար պատրաստ է եղել սպանել սեփական ժողովրդին։ Եվ սպանել է։ Ընդ որում, շղթան, որի միջոցով իրականացվել են Մարտի 1-ի սպանությունները, ընդգրկում է այդ համակարգի բոլոր օղակներն ու սեգմենտները՝ բարձրագույն իշխանություն, բանակի միավորներ, օլիգարխներ, քրեական տարրեր։

BBC-ի հրապարակմամբ, հերթական անգամ, բայց աշխարհահռչակ լրատվամիջոցի կողմից բացահայտվում է Հայաստանում երկու տասնամյակ իշխած կլանների դեմքը։ Այս հրապարակումը հետաքրքիր զուգադիպությամբ հաջորդեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական ինստիտուտներին տված գնահատականին։

Օգոստոսի 4-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկիրը գտնվել է ինստիտուցիոնալ ճգնաժամի պայմաններում, համակարգերի կաթվածահար վիճակում։ BBC-ի հրապարակումը կարծես գալիս է լրացնելու Հայաստանի վարչապետի այդ գնահատականը՝ ի ցույց դնելով, թե այդ կաթվածահար համակարգերը ինչին են ծառայել ու ինչ խնդիրներ են լուծել տարիներ շարունակ։

Այս հարցում, սակայն, կա մեկ այլ խնդիր. Նիկոլ Փաշինյանը, առնվազն առայժմ, հանդես է եկել միայն այդ խնդիրը, ճգնաժամը արձանագրողի դիրքերից, նրա հայտարարությունները չեն ունեցել հետևանքներ, երկիրը ինստիտուցիոնալ ճգնաժամի հասցրած որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Հայաստանի տնտեսության ողնաշարը շարունակում է համարվել օլիգարխիան, որի դիրքերի աննշան սասանումը կարող է կաթվածահար անել տնտեսական կյանքը։

BBC-ի հրապարակումը, ըստ էության, այն խտացված գնահատականն է, որը հնչեցնելու պահանջ Հայաստանի հանրության տարբեր շերտեր հղում են գործող իշխանությանը։ Խոսքը նախկին իշխանությունների գործունեությանը տրվելիք իրավաքաղաքական գնահատականի մասին է, ինչից խուսափում է Նիկոլ Փաշինյանը։ Մարտի 1-ը, ի դեպ, այդ հարցում առանցքային, սակայն ամենևին ոչ միակ դրվագն է։ Մարտի 1-ն ընդամենը նախկին համակարգի հանցավորության խտացված արտահայտությունն է։ Այդպիսին լինելով՝ այն բազմաշերտ է ու բազմագործոն և դրա բացահայտումը չի կարող սահմանափակվել լոկ մի քանի պաշտոնյաների ազատազրկմամբ։ Մարտի 1-ի իրական բացահայտումը հնարավոր է միայն նախորդ երկու իշխանությունների, նրանց սպասարկած ֆորմալ և ոչ ֆորմալ համակարգերի գործունեության ամբողջական գնահատականի, դրան հետևող քրեական գործերի դեպքում։ BBC-ի անդրադարձը վկայում է, որ դրան սպասում է ոչ միայն հայ հասարակությունը, այլ նաև քաղաքակիրթ աշխարհը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...