Ռուսաստանը Բաքվին կարող է սպառազինել՝ Թուրքիայի միջոցով

- in Միջազգային
Inqnatir

Թուրքիան դիտարկում է ռուսական Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը, գրում է թուրքական մամուլը:

Թուրքիային այդ կործանիչները մատակարարելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարել էր ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի բարձրաստիճան պաշտոնյան: Այդ օդանավերի ձեռքբերումը պայմանավորվում է նրանով, որ ԱՄՆ-ն, իբրև պատժամիջոց, դադարեցրել է ամերիկյան Ֆ-35 նորագույն կործանիչների մատակարարումն Անկարային: Վաշինգտոնի այդ որոշումն էլ պայմանավորված էր այն բանով, որ Անկարան, չնայած բազմաթիվ զգուշացումներին, չհրաժարվեց ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգի ձեռքբերումից: Որքանո՞վ միս ու արյուն կարող է ստանալ ռուս-թուրքական նոր՝ օդանավային գործարքը, դեռևս պարզ չէ, սակայն այդ գործարքը Հայաստանի համար, թերևս, տալիս է առավել մտահոգության տեղիք, քան ՀՕՊ համակարգի գործարքն էր:

Եթե ՀՕՊ համակարգը, այսպես ասած, պաշտպանական նշանակության սպառազինություն էր, ապա Սու-35 օդանավերը ռուսական նորագույն կործանիչներ են՝ հարձակողական, բազմաֆունկցիոնալ: Իսկ հարցն այն է, որ Հայաստանն իր նոր պաշտպանական ռազմավարության մեջ հայտարարել է հարձակողականության անցում, որի առանցքում է նաև օդային գերակայության խնդիրը: Այդ խնդիրը լուծելու համար Երևանը Մոսկվայից ձեռք է բերում Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնց առաջին խմբաքանակը սպասվում է արդեն 2020 թվականի հունվարին: Հայ-ռուսական հնարավոր գործարքի վերաբերյալ ռուսական փորձագիտական որոշ հրապարակումներում դեռևս նախնական փուլում եղան կարծիքներ, որ Մոսկվան Երևանին այդ օդանավերը վաճառում է, հետո Բաքվին Սու-35 վաճառելու համար: Ընդ որում, Բաքվին էլ մատակարարելու պատրաստակամության մասին խոսել են ռուսական ռազմաարդյունաբերողները: Իհարկե, մի բան է նրանց, այսպես ասած, մասնագիտական պատրաստակամությունը, մեկ այլ բան է խնդրի քաղաքական որոշման ասպեկտը:

Ռազմաարդյունաբերողները կարող են պատրաստ լինել, բայց անել, թե ոչ, դա որոշելու է քաղաքական ղեկավարությունը: ՌԴ քաղաքական ղեկավարությունն Ապրիլյան պատերազմից ու Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո որոշակի հանգամանքներով կաշկանդված է Բաքվին այդօրինակ ռազմավարական նշանակության սպառազինություն վաճառելու հարցում: Երևանը թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր կամ հավանական որևէ պատերազմի քաղաքական պատասխանատվությունը դրել է ՌԴ վրա: Այստեղ խնդիրներն իսկապես լուրջ են:
Բայց միաժամանակ լրջանում է նաև մտահոգության առիթը, որ կաշկանդված լինելով Երևանի առաջ որոշակի իրողություններից, Ռուսաստանը Բաքվին կարող է սպառազինել այսպես ասած՝ Թուրքիայի միջոցով: Սա է, որ պետք է Երևանի համար դառնա քաղաքական լուրջ ուշադրության առարկա, որպեսզի կանխարգելիչ քայլեր արվեն հնարավոր որևէ գործարքի դեպքում Բաքվի անուղղակի շահերը և, առավել ևս, մատակարարումները բացառելու համար: Ընդ որում, անգամ եթե Ռուսաստանն ինքը ամենևին չի դիտարկում թուրքական տարբերակը որպես Բաքվի հետ միջնորդավորված ռազմա-տեխնիկական առևտրի տարբերակ, միևնույն է, պետք է այդ դեպքում ձեռնարկի կանխարգելիչ քայլեր, այսպես ասած, ակամա այդպիսի առևտրի մեջ չհայտնվելու համար, Անկարայից ձեռք երելով երաշխիքներ, որ սպառազինությունը չի տրամադրվի երրորդ երկրի: Այդ պրակտիկան կա և ռուսական կողմն այն կիրառել է անգամ Երևանի հետ հարաբերությունում, հետևաբար պարտավոր է անել նույնը Թուրքիայի հետ ռազմական առևտրում, եթե, իհարկե, այն հասնի Սու 35-երի վաճառքի:

Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը վստահ է, որ Ռուսաստանը պետք է ավելի զգուշավոր լինի՝ Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը քննարկելիս։

Նա ընդգծել է, որ Անկարային ոչ մի կերպ չի կարելի հուսալի գործընկեր համարել, որը միշտ կկատարի իր պարտականությունները։

Մագենը նշել է, որ Ռուսաստանի համար պայմանագիրը կոմերցիոն առումով ձեռնտու է, բայց այն լիարժեք դաշնակցության չի հանգեցնի։

«Թուրքիան Ռուսաստանի համար միանգամայն կասկածելի գործընկեր է, քանի որ այսօր թուրքական շահերն այստեղ են, իսկ վաղն՝ այնտեղ։ Թուրքիան պարում է բոլոր հարսանիքների ժամանակ և նստում բոլոր աթոռներին»,-ասել է նախկին դեսպանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ից ոչ մի տեղ չի հեռանա, ինչը նշանակում է, որ այն Ռուսաստանին դաշնակից չէ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...