Ռուսաստանը կրակների մեջ

- in Սոցիալական
putin

ԱՄՆ նախագահ Թրամփը ՌԴ նախագահ Պուտինին օգնություն է առաջարկել Սիբիրի անտառների հրդեհը մարելու համար: Պուտինը փաստացի հրաժարվել է, ասելով, որ արդեն ձեւավորվել է հրդեհի դեմ պայքարի հզոր ավիացիոն բրիգադ:

Ռուսաստնում անտառային հրդեհները սկսել են հունիսին, սակայն տեղական վարչակազմերը հրաժարվել են մարել այն, հայտարարելով, թե դա տնտեսապես ձեռնտու չէ: Այսինքն՝ այրվող անտառն ավելի քիչ արժե, քան ավիացիայի թռիչքները:
Ներկայում հրդեհը ծավալվելով՝ ընդգրկում է մոտ 3 միլիոն հեկտար տարածք: Ռուսական համացանցում կարծիք կա, որ բոլոր մակարդակներում իշխանության՝ հրդեհը մարելու չկամությունը պայմանավորված է նրանով, որ Սիբիրում ու Հեռավոր Արեւելքում տեղի են ունենում անտառնեի անօրինական հսկայածավալ հատումներ, փայտը տեղափոխվում է Չինաստան, եւ հրդեհը հարմար առիթ է՝ այդ հատումները հրդեհի վրա դուրս գրելու համար:

Թերեւս սա միակ տրամաբանական վարկածն է, նկատի ունենալով ռուսական իրողությունները: Մյուս կողմից, ԱՄՆ օգնությունից Պուտինի հրաժարվելը խիստ նման է Կուրսկ սուզանավի աղետին, երբ Ռուսաստանը հրաժարվեց միջազգային օգնությունից, եւ նավի ողջ անձնակազմը զոհվեց:

Վերջերս աղետի ենթարկվեց ռուսական մեկ այլ սուզանավ, որն, ըստ տեղեկությունների, պետք է փորձարկեր «Պուտինի մուլտֆիլմի» ժամանակ ցուցադրված գերժամանակակից հրթիռը:

Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնք իշխանությունը սկսել է ճնշել դաժան մեթոդներով:

Զուգահեռ, սրվում է պայքարը իշխանության տարբեր ազդեցիկ խմբավորումների միջեւ, իշխանության հավանական տրանզիտի ֆոնին: Ինչպես նշում են ռուս փորձագետներն ու վերլուծաբանները, ներկայում Ռուսաստանում այլեւս չկա «Պուտինի ուղղահայացը», ըստ այդմ՝ իշխանություն որպես այդպիսին գոյություն չունի: Դա են վկայում կուտակվող չլուծված խնդիրներն ու պարբերական դարձող հանրային ցնցումները:

Ըստ վերլուծաբանների, երկրում հասունացվում է ինչ որ ճգնաժամ, որին անմասն չեն նաեւ իշխանության որոշակի խմբավորումները, որոնք կյանքի ու մահվան պայքար են սկսել աստղաբաշխական չափերի թալանը պահպանելու համար:

Թե ինչ հանգուցալուծում կլինի, պարզ կլինի առաջիկա մեկ-երկու տարում: Հայաստանը պետք է արագացնի Զինված ուժերի վերազինումն ու հագեցումը: