Սամվել Ալեքսանյանի մտքի կրակը. մոխիրների տակ եղածը

Samvel Akeqsanyan

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն Ազատությանը հայտնել է, որ Մալաթիա մոլ առեւտրի կենտրոնը գործել է առանց շահագործման թույլտվության, ավարտական ակտի համար չի եղել դիմում տեսչական մարմնին, կառուցված է եղել քաղաքաշինական նորմերի խախտումով:

http://lragir.amԱյդ ամենը բարդություն է ստեղծել օրերս առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի մարման աշխատանքի համար: Պաշտոնյան հայտնել է, որ կենտրոնում չի գործել նաեւ հրդեհաշիջման համակարգ:

Մալաթիա մոլ առեւտրի կենտրոնը պատկանում է Հայաստանի ամենահաուստ մարդկանցից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին, նրա բազմաթիվ առեւտրի կենտրոններից մեկն է:

Մալաթիա Մոլում հրդեհը բարեբախտաբար չի բերել մարդկային զոհերի: Հրշեջներին հաջողվել է տեւական պայքարից հետո մարել հրդեհը: Սամվել Ալեքսանյանը դժգոհություն էր հայտնել, որ հենց սկզբից չեն եկել բավարար հրշեջ մեքենաներ, ասելով, թե այդ դեպքում հրդեհը շատ չէր տարածվի: Մինչդեռ, տեսչական կառույցի ղեկավարը հայտնում է, որ քաղաքաշինական նորմերի խախտումով կառուցված լինելու պատճառով, կենտրոնը դժվարամատչելի է եղել հրշեջ մեքենաների համար:

Երեւանում խոշոր առեւտրային կենտրոնների կառուցումը խոշոր հաշվով չէր կարող անմասն մնալ այն կոռուպցիոն համակարգին բնորոշ երեւույթներից, որ գործել է Հայաստանում: Ամեն ինչ որոշել են ոչ թե նորմերը, այլ նպատակահարմարությունը, կառուցապատողի ազդեցիկությունը եւ այլն:

Այստեղ դրսեւորվում է առանցքային մի խնդիր՝ մի կողմից կոռուպցիայի հարցը, որը փաստացի խանգարել է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, մյուս կողմից՝ խոշոր կենտրոններ կառուցողների մտածողությունը:

Մեծահարուստը, որը կառուցում է որեւէ խոշոր կենտրոն, ինքը պետք է լինի այդ կենտրոնի անվտանգության նորմերի հարցում ամենից շահագրգռվածը, որովհետեւ արտակարգ որեւէ իրավիճակի դեպքում հարվածի տակ է հայտնվում հենց իր սեփականությունը:

Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցավ ողբերգական հայտնի հրդեհը՝ առեւտրի խոշոր կենտրոններից մեկում, որի հետեւանքով զոհվեցին բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում երեխաներ: Ողբերգության պատճառը դարձյալ անվտանգության նորմերի ոտնահարումն էր: Դրա համար պատասխան են տալիս սեփականատերը, մենեջերները:

Հայաստանը կոռուպցիոն կառավարումից օրինականության հիմքի վրա տեղափոխելու գործընթացում շատ կարեւոր է մարդկանց մտածողության փոփոխությունը, այդ թվում խոշոր կապիտալի կրողների: Նրանց «առաքելությունն» այդ գործում միայն ստվերից հարկային բաց դաշտ դուրս գալը չէ, այլ նաեւ «անձնական նպատակահարմարությունից» օրինական անվտանգային նորմերի դաշտ դուրս գալը:

Իհարկե, այդ գործում պետք է բավականին խիստ լինի պետական վերահսկողությունը, սակայն անվտանգությունն ի վերջո պետք է դառնա մշակույթ, մտածողություն՝ կենցաղից մինչեւ խոշոր ամենատարբեր տնտեսական եւ քաղաքական մակարդակներ:

Անվտանգությունը պետք է մտածողության, գիտակցության շրջանակում դրսեւորվի ընդհուպ ինքնապաշտպանական բնազդի կերպով, երբ ոչ միայն պետական կառույցները իրավաբանական եւ ֆիզիկական սուբյեկտներից կպահանջեն պահպանել անվտանգության կանոնները, այլ ավելի շուտ հենց իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կլինեն անվտանգության գլխավոր պահանջատերը բոլոր մակարդակներում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան