ՍԴ գործընթացում քոչարյանական թևը դուրս է գալու դադարի վիճակից կամ՝ «թաքստոցից»

- in Կեղտոտ լվացք

Սահմանադրական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությունը, որի գրավոր ընթացակարգով քննությունը պետք է սկսվեր օգոստոսի 29-ին:

Սահմանադրական դատարանը մի քանի օր հետաձգել է հարցի քննության մեկնարկը, պատճառաբանելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Ինչպես հայտնի է, խոսքը խափանման միջոց կալանքի վերաբերյալ դիմումի մասին է, որով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանում վիճարկում են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սահմանադրականությունը: Եթե ՍԴ-ն որոշի, որ կա սահմանադրականության խնդիր, ապա երկրորդ նախագահը հայտնվելու է ազատության մեջ: Եթե իհարկե իշխանությունը չգնա ՍԴ որոշման բացահայտ արհամարման ճանապարհով:

Բայց, այդ դեպքում էլ կլինի խնդիր Եվրամիության, Վենետիկի հանձնաժողովի հետ, որը մի քանի ամիս առաջ ողջունելով, իհարկե, դատական ռեֆորմի վարչապետի նախաձեռնությունն ու հաստատակամությունը, այդուհանդերձ կոչ արեց դադարեցնել «անդամ-դատավոր» բառախաղը կամ այլ կերպ ասած՝ ճանաչել ՍԴ-ն: Ըստ այդմ, եթե դատարանը կայացնի որոշում, որ Քրեական օրենսգրքի հոդվածը սահմանադրական չէ, իշխանությանն այլ բան չի մնա, քան ազատ արձակել երկրորդ նախագահին:

Մյուս կողմից՝ բացառել պետք չէ, որ կալանքի հարցում դատարանը կայացնի իշխանության քաղաքական շահին համահունչ որոշում, այդպիսով ձևավորելով փոքր ծուղակ մեկ այլ՝ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցի առիթով, որի վերաբերյալ դիմումը ևս ՍԴ-ում է, իսկ ՍԴ-ն էլ իր հերթին դիմել է ՄԻԵԴ և Վենետիկ խորհրդատվության համար: Եթե ՍԴ-ն որոշում է, որ կալանքի վերաբերյալ օրենսդրությունը սահմանադրական է, իսկ իշխանությունն էլ ճանաչում այդ որոշումը, ապա անձեռնմխելիության մասին արդեն երկրորդ նախագահին բավարարող որոշման պարագայում տարօրինակ կլինի, եթե իշխանությունը հռչակի, որ այն, այսպես ասած՝ «հակահեղափոխական» է: Այդ իմաստով կստեղծվի, իհարկե, բավականին ուշագրավ մի վիճակ, որում էական կլինի Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական միջամտությունը, ինչի պատրաստակամությունը հանձնաժողովը հայտնել է:

Սակայն, մեծ հավանականությամբ, Վենետիկը չի տա այնպիսի խորհրդատվություն, որը կլինի միարժեք և աներկբա: Ըստ այդմ՝ խորհրդատվությունը յուրովի կմեկնաբանեն թե՛ ՍԴ-ն, թե՛ իշխանությունը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը, թե՛ տարբեր կողմերում գտնվող իրավաբանները: Այդ իմաստով անկասկած է, որ առաջիկայում կմեկնարկի ներքաղաքական նյարդերի և դիրքերի պայքարի մի նոր գիծ, որը իր ազդեցությունը կթողնի արդեն իսկ առկա այլ գծերի, այդ թվում «ամուլսարյան սալի» վրա, որտեղ ևս նկատվում են առնվազն քաղաքական նոր կոնյուկտուրա ձևավորելու մեծ ջանքեր: Ընդ որում, այստեղ ակնհայտորեն խաղում է նաև երկրորդ նախագահը, սակայն հարաբերականորեն պասիվ: Ավելի ակտիվ են արմատական քաղաքական խմբերը, որոնք այդպիսին էին նախկին իշխանության նկատմամբ և որոշակի «մարգինալ» վիճակում են հայտնվել հեղափոխությունից հետո: Այժմ նրանք փորձում են օգտագործել առիթը այդ վիճակից դուրս գալու համար: Այստեղ նախկին իշխանությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի թևը մնացել է որոշակի ստվերում, թեև ավելի շատ այսպես ասած «դադար առնելու» և պահին սպասելու տրամաբանությամբ: ՍԴ գործընթացում այդ թևը կամա թե ակամ դուրս է գալու այդ դադարի վիճակից կամ «թաքստոցից»: Ըստ այդմ, արդյո՞ք հետաձգելու մասին ՍԴ որոշումը կարող է պայմանավորված լինել «թաքստոցում» մի քիչ էլ մնալու և «դադար պահելու» նպատակահարմարության հետ, տեսնելու համար, թե իշխանությունն ինչ է անելու Ամուլսարի հարցում: Իրապե՞ս առաջացել է լրացուցիչ ուսումնասիրության համար գործը հետաձգելու անհրաժեշտություն, թե՞ ՍԴ հետաձգման մասին որոշումը ունի այլ շարժառիթներ, հնարավոր է գնահատել թերևս միայն ենթադրության դաշտում:

Ի վերջո, կա՞ մեծ տարբերություն մի քանի օրվա միջև, որովհետև դատարանը քննության նոր մեկնակետ է սահմանել սեպտեմբերի 3-ը:

Արդյոք կա՞ տեղեկություն, որ այդ օրերին կարող է լինել որևէ զարգացում, օրինակ՝ Ամուլսարի հարցում, որը իրավիճակ կփոխի և կստեղծի ՍԴ-ում երկրորդ նախագահի գործի քննության այսպես ասած՝ նոր մթնոլորտ: Եվ ո՞ւմ համար է լինելու այդ մթնոլորտն ավելի նպաստավոր: Թե՞ ներկայիս հետաձգումը վերջինը չէ, հատկապես հաշվի առնելով, որ առաջինն էլ չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...