Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով այն գնահատականին, թե Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը որպես «կաշառք» է ընկալվում, հակադարձել է. «Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը շատ երկրներում է կիրառվում. ընդունված սխեմա է: Ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է, իսկ նախագծով առաջարկվում է հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկան ՍԴ անդամի հարցը կարգավորել»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք սա քաղաքական որոշում չէ՞, որն ուղղված է ՍԴ գործող դատավորներից ազատվելուն, նախարարը բացասական պատասխան է տվել. «Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից, ու ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է: Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական որոշում»: Նախարարը շեշտել է, որ նախագծի նպատակը Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված մոդելի ՍԴ ունենալն է:

Օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

Ինչքան էլ արդարադատության նախարարը վկայակոչի միջազգային փորձը՝ ակնհայտ է, որ առաջարկվող մոդելը վիճահարույց է՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր։ Նույն Լեհաստանում նույնաբովանդակ ռեֆորմը չարժանացավ ԵՄ մարմինների հավանությանը։

Իրավիճակն իհարկե բավականին նուրբ է։ Մի կողմից՝ ՍԴ այսօրվա կազմը հակոտնյա է Սահմանադրության տրամաբանությանը ու հակադրվում է հեղափոխության օրակարգին, մյուս կողմից՝ առաջարկվող լուծումը վիճահարույց է մի շարք առումներով։

Ինքնին հասկանալի է, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլիներ վեթինգի իրականացումը, սակայն Հայաստանի իշխանությունները չմտածված քայլերով ըստ էության վիժեցրին վեթինգի իրականացման հնարավորությունը ու հիմա ստիպված են գտնել միջանկյալ լուծումներ, որոնց արդյունավետությունը խիստ վիճահարույց է։

Օրինակ՝ արդյոք Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում։ Ինչքանո՞վ է բարոյական մարդուն ամբողջ ծավալով աշխատավարձ տալ, երբ նա չի աշխատում։ Ըստ որոշ հաշվարկների՝ այս վիճահարույց ռեֆորմը Հայաստանի բյուջեի վրա տարեկան մոտ մեկ միլիարդ դրամ է նստելու։ Մոտավորապես մեկ միլիարդ դրամ փող տրամադրել մարդկանց, ովքեր դատավոր չպետք է աշխատեն, արդարադատություն չպետք է իրականացնեն, բայց պետք է ստանան աշխատավարձ և բոլոր սոցիալական երաշխիքները: Սա շատ թանկ հաճույք է, որ հարկատուի հաշվին իշխանությունը ցանկանում է վճարել։ Խնդիրն ունի նաև բարոյական, քաղաքական խնդիր. ստացվում է՝ պետությունը խրախուսում է մարդկանց, դատավորների, որոնք տարիներ շարունակ նպաստել են Հայաստանում ընտրակեղծարարության համակարգի կայացմանը, լեգիտիմացրել են քրեաօլիգարխիկ համակարգի ապօրինի վերարտադրությունը։

Նման մարդկանց պետք է ոչ թե խրախուսել՝ խոստանալով աշխատավարձերի պահպանում հրաժարականի պարագայում, այլ զտել դատական համակարգից։ Հակառակ պարագայում քաղաքական շահարկումների պակաս չի լինելու, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պնդում է, որ ՍԴ կազմը փոխվում է բացառապես երկրորդ նախագահի գործի պատճառով։

ՍԴ գործող կազմի փոփոխությունն անհրաժեշտություն է, հակառակ պարագայում անհնար է խոսել հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի մասին։ Մյուս կողմից՝ ցանկացած քաղաքական լուծում իր մեջ ռիսկեր է պարունակում, ու ամենաարդյունավետ ճանապարհը թերևս սահմանադրական համապարփակ փոփոխություններն են, որոնք հանրության քվեով կլեգիտիմացնեն դատական ռեֆորմը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...