Սերժ Սարգսյանը մտահոգել է Ռուսաստանին

Serj Putin

Ռոբերտ Քոչարյանն ու Փաշինյանը միշտ եղել են տարբեր ճամբարներում, անդրադառնալով երկրորդ նախագահի գործին, հայտնել է ռուսական Ռոսիա 24 հեռուստաալիքը:

http://lragir.amԱլիքն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցի ՍԴ քննությանը, որը պետք է մեկնարկեր օգոստոսի 29-ին, սակայն նախօրեին ՍԴ որոշմամբ կլինի սեպտեմբերի 3-ին:

Երկրորդ նախագահի գործին ռուսական հեռուստաալիքների եւ մեդիայի անդրադարձերը Հայաստանում թերեւս այլեւս որեւէ մեկին չեն զարմացնում, թեեւ դրանք Հայաստանի հանրային ընկալումներում միշտ էլ աշխատել են ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանի դեմ, քան օգնել են նրան: Ո՞րն է այդ անդրադարձերի նպատակը եւ արդյոք դրանց կազմակերպման գործում նախաձեռնողը հենց երկրորդ նախագահն է, կամ նրա թիմը: Թե՞ Ռուսաստանում կան թիմեր, որ նրա կամքից անկախ փորձում են Քոչարյանի գործը օգտագործել իրենց նպատակների համար, իսկ դիմադրել դրան, պահանջել, որ իր մասին չխոսեն՝ երկրորդ նախագահը պարզապես չի կարող ինչ-ինչ պատճառներով:

Հնարավոր է երբեմն նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանից է, երբեմն էլ անկախ նրա կամքից: Համենայն դեպս, կա հարց, թե ո՞րն է ռուսական մեդիայում նրա գործին այդօրինակ անդրադարձերի էֆեկտը հենց երկրորդ նախագահի համար: Բարոյակա՞ն «հաղթանակը», թե՞ կա քաղաքական որեւէ արդյունք: Եթե այն կա, ապա համենայն դեպս հանրային դաշտում տեսանելի չէ:

Մյուս կողմից, այդ անդրադարձերը մեծ հավանականությամբ ամենեւին էլ չեն թիրախավորում հենց հայաստանյան լսարանը, այլ դրանց հասցեատերերը կամ Ռուսաստանում են, կամ Հայաստանի նախկին իշխող համակարգում, կամ նոր իշխանության մեջ:

Այդ համատեքստում բավականին ուշագրավ է ձեւակերպումը, որ Քոչարյանն ու Փաշինյանը «միշտ էլ տարբեր ճամբարներում են եղել»: Եվ այդ հանգամանքը հետաքրքիր է ոչ միայն ՍԴ-ում գործի քննության, այլ նաեւ օրերս Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին ինտենսիվ տեղեկատվական եւ քարոզչական շրջանառության ֆոնին, որ սկսվեց Սարգսյանի շրջապատից: Նրանք Նիկոլ Փաշինյանից գրեթե պահանջում էին ձերբակալել Սերժ Սարգսյանին, թերեւս լավ պատկերացնելով, որ այդ դեպքում հաստատ այդպիսի բան տեղի չի ունենա:

Նրբերանգն այստեղ թերեւս այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մարտիմեկյան գործում իբրեւ մեղադրյալ ներգրավվելուց ի վեր բազմաթիվ անգամ ակնարկել է, թե ինչու է միայն ինքը հետապնդվողի կարգավիճակում: Ավելին, Քոչարյանը բաց տեքստով ասել է, որ ինքը հեռացող նախագահ էր, եւ իրեն բացարձակապես պետք չէր նախագահության վերջում ունենալ այդպիսի բեռ:

Երկրորդ նախագահն ըստ երեւույթին դրանով ակնարկում էր, որ մարտիմեկյան իրողությունների գլխավոր շահառուն Սերժ Սարգսյանն էր, քանի որ նա էր «սկսում» իր նախագահությունը եւ նրա հեռանկարն էր վտանգված:

Իհարկե այստեղ կա որոշակի հարաբերականություն, որովհետեւ ֆորմալ առումով լինելով հեռացող նախագահ, Ռոբերտ Քոչարյանն այդուհանդերձ ուներ շահեր թեկուզ Սերժ Սարգսյանի նախագահության հարցում:

Սակայն, տվյալ պարագայում Ռոբերտ Քոչարյանի ակնարկների տողատակը բավականին հստակ է, եւ այդ իմաստով հետաքրքիր է ստացվում Ռոսիա 24-ի ձեւակերպումը՝ որ Քոչարյանն ու Փաշինյանը «միշտ եղել են տարբեր ճամբարներում»: Արդյոք դրանում ակնարկ կա, որ ի տարբերություն Քոչարյանի, Սերժ Սարգսյանը ներկայում Փաշինյանի հետ մեկ ճամբարում է, դրա համար էլ ձերբակալված է միայն Քոչարյանը, ոչ թե Սարգսյանը:

Մյուս կողմից, արդյոք Սարգսյանին չձերբակալելը այս փուլում ավելի շատ Ռուսաստանի որեւէ ազդեցիկ շրջանակի է հուզել կամ մտահոգել, քան Ռոբերտ Քոչարյանին, ինչի համար էլ ռուսական մեդիայում դարձյալ հիշել են Ռոբերտ Քոչարյանի գործը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան