Սերժ Սարգսյանը նույնպես չի խուսափի մեղադրանքից

Serzh Sargsyan

Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանն էլ է բացատրություններ տվել որպես վկա, հետագայում դեպքերը ինչպես կզարգանան՝ դժվարանում եմ ասել, բայց եթե էդ ամբողջ ծավալով դրանք հաստատվեն, բնականաբար, Սերժ Սարգսյանը նույնպես չի խուսափի մեղադրանքից․ «Ազատության» եթերում նման տեսակետ է հայտնել խորհրդարանի պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ, Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադռնալով BBC-ի հայտնի հրապարակմանը։

Անդրանիկ Քոչարյանը, հասկանալի պատճառներով, Մարտի 1-ի գործի գրեթե բոլոր մանրամասներին քաջածանոթ մարդկանցից մեկն է, եթե չասեք՝ խնդրի լավագույն փորձագետը։ Նրա առաջ քաշած վարկածները հիմնված են ոչ թե քաղաքական կողմնորոշումների կամ գնահատականնների, այլ կոնկերտ ուսումնասիրությունների վրա, որոնցում գերակշռում է իրավական, մասնագիտական բաղադրիչը։ «Երրորդ նախագահը եղել է այդ ժամանակ հանրապետության վարչապետը, առանց որի գիտության ո՛չ Արցախից որևէ մեկը կարող էր գալ Հայաստան, ո՛չ էլ տեղակայվել կառավարության տպարանի տարածքում՝ էդ պադվալը տպարանն է կառավարության, որտեղ, չգիտես ինչի, բոլորը իրենց կցված սպառազինությամբ եկել էին Երևան, որպեսզի պաշտպանեին կարևորագույն օբյեկտները: Ոստիկանության ուժերը, Ազգային անվտանգության, Հայաստանում այլ ուժեր դա չէին կարողանում անել՝ դիպուկահարների ներգրավմամբ Արցախից ուժե՞ր էին բերել»,- նույն հարցազրույցում տրամաբանական հարցադրում է անում Քոչարյանը՝ ըստ էության, հակափաստարկից զրկելով մարդկանց, որոնք հետևողականորեն առաջ են քաշում Սարգսյանի «անմեղության» թեզը։

Սրան հավելենք այն ակնհայտ իրողությունը, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի հիմնական շահառուն է, որովհետև նախագահի աթոռին հասել է հենց արյունոտ իրադարձությունների հետևանքով։ Եթե մի պահ ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանն է Մարտի 1-ի միակ կազմակերպիչը, ապա Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարիների ընթացքում ուներ բոլոր հնարավորությունները՝ ոճրագործության ամբողջական բացահայտմանը հասնելու և դրա քաղաքական հետևանքները վերացնելու համար, սակայն տեղի է ունեցել հակառակ գործընթացը, ինչի համար էլ այժմ մեղադրանք է առաջադրվել գործի քննությունն նախկինում իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի հիմնական դերակատարները երկուսն են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

BBC-ի հայտնի հրապարակման մեջ իրապես չկան սենսացիոն բացահայտումներ, որոնք կարող են զարմացնել մեր հասարակությանը։ Ամբողջ խնդիրն այն է, որ դրանք մատուցվում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի կողմից ու, որ շատ կարևոր է՝ մի ժամանակահատվածում, երբ թվում էր՝ Սերժ Սարգսյանին հաջողվել է խուսափել պատասխանատվությունից, ավելին՝ կարևոր դերակատարություն ստանձնել Արցախի ներքաղաքական կյանքում նախագահական առաջիկա ընտրությունների համատեքստում։

BBC-ն հիմնվել է փաստական տվյալների վրա ու, ըստ ամենայնի, մեծ լսարանին մատուցել է ճշմարտությունը։ Այլ խնդիր է, որ այդ ճշմարտությունը ծանր են տանում ՀՀԿ վերնախավում, ու դրա պատճառն ակնհայտորեն այն է, որ Արցախում առաջիկա ընտրություններով Հայաստանում իրավիճակ փոխելու՝ Սերժ Սարգսյանի պլանն է ձախողվում, մանավանդ, որ տխրահռչակ Օգանովսկին այդ կոմբինացիայի կարևոր դերակատարներից մեկն է։

Իհարկե, հայտնի հրապարակումը հարցեր է ծնում նաև ՀՔԾ-ի առնչությամբ, որովհետև նրա իրականացրած կիսատ նախաքննությունն առայժմ ընտրովի արդարադատության տպավորություն է ստեղծում՝ մի կողմից հնարավորություն չստեղծելով Մարտի 1-ի լիարժեք բացհայտման համար, մյուս կողմից՝ քաղաքական շահարկումների ճանապարհ բացելով։