Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է, իր իսկ ձևակերպմամբ, «Սփյուռքի մայրաքաղաք»։ Վարչապետը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի «Գրանդ Փարկ»-ում հանդես կգա ելույթով:

Նա նշել է, որ վաղուց արդեն պլանավորում է Լոս Անջելեսում հանդիպում, և բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում են այդպիսի հանդիպում: «Նախորդ տարի, ցավոք, երբ Նյու Յորքում էի, չկարողացա այցելել, և ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա»,- ասել է նա: «Հույս ունեմ, որ մենք կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք նաև վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում, և հույս ունեմ այդ օրը մի լավ, ջերմ, հայկական հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որը ոմանք արդարացիորեն համարում են Սփյուռքի մայրաքաղաք»,- ասել է նա:

Վարչապետը նկատել է, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր, և բարձր է գնահատում նրանց աջակցությունը:

Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը խիստ ուշագրավ է ու մի շարք ուղղություններով մտորելու, եզրակացություններ անելու հնարավորություն է ընձեռում։

Վարչապետի խոսքը միայն ներհայկակա՞ն միջոցառման մասին է, թե՞ ԱՄՆ-ում պլանավորված են նաև պաշտոնական հանդիպումներ։ Այս հարցը դեռևս հստակեցված չէ, սակայն անտարակույս դառնալու է քննարկումների, անգամ՝ շահարկումների թեմա, որովհետև հայ-ամերիկյան հարաբերություններն ակնհայտորեն հեռու են բավարար լինելուց և, այսպես ասած, ռեստարտի կարիք ունեն։

Մյուս կողմից՝ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում Ստեփանակերտի ելույթի, այլ խոսքով՝ համազգային օրակարգի վրա, ու կասկածից վեր է, որ նրա այցը պատմական է լինելու ամեն դեպքում։ Բանն այն է, որ Արցախում Փաշինյանը ձևակերպեց ռազմավարական խնդիրներ, հարցեր, որոնց շուրջ պետք է ձևավորվի համազգային կոնսենսուս, ու այդ օրակարգն իրապես բովանդակային քննարկման անհրաժեշտություն ունի, ոչ միայն՝ Հայաստանում և Արցախում։

Սփյուռքը, անշուշտ, հեղափոխության կաիք ունի, ու այդ խնդիրը թերևս առաջացել է Երրորդ հանրապետության ծննդյան պահից, սակայն կասկածից վեր է նաև, որ համազգային նոր օրակարգի ձևավորման հիմքում չպետք է դրվի միայն թավշյա հեղափոխությունը, առնվազն՝ նրա ֆետիշացումը, որը երբեմն մեր իշխանություններին կտրում է իրականությունից, երևույթներն ավելի համակողմանի գնահատելու հատկությունից։

Իսկ Սփյուռքում հեղափոխությունն անհրաժեշտություն է, պետք է մերժվեն հին համակարգերը, կարծրատիպերը։ Եթե ուզում ենք արդյունավետ Սփյուռք ունենալ, ապա պետք է հրաժարվել պատմական արդարության վերականգնման համար կռիվ տալուց, միայն Ցեղասպանության կամ պահանջատիրության հարցը օրակարգում պահելուց։ Դրանք այլևս կորցրել են իրենց արդիականությունը, կոնսոլիդացնող նշանակությունը ու հանգեցրել են ինստիտուցիոնալ ճգնաժամի ոչ միայն համահայկական կառույցներում, այլ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Սփյուռքի կոնսոլիդացիայի աղբյուրը, նպատակն այլևս պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, նման բազմաշերտ տրանասֆորմացիան հնարավոր է՝ ինստիտուցիոնալ արդյունավետ լուծումներ գտնելու պարագայում։

Պետք չէ միամիտ լինել ու կարծել, թե Սփյուռքի արմատական բարեփոխումը ծափահարություններով է ընդունվելու ավանդական կառույցների կողմից, որոնք հաճախ խաղարկել են գաղթօջախների խնդիրը՝ որպես դիվիդենտ, իրենց ազդեցության ցուցիչ։ Այս համատեքստում, իհարկե, անչափ կարևոր է, թե Փաշինյանի լոսանջելեսյան այցին ինչպիսի արձագանք ցույց կտա ՀՅԴ-ն։ Փաշինյանի նախաձեռնությունը միաժամանակ թե՛ մարտահրավեր է, թե՛ շանս ավանդական կուսակցության համար։ Կարո՞ղ է ՀՅԴ-ն հաղթահարել հայաստանյան բարդույթները և ինտեգրվել նոր իրողություններին՝ իր կառույցներով, պատմական փորձառությամբ, թե՞ Փաշինյանին համարելու է մրցակից նաև Սփյուռքում՝ կառչած մնալով հին օրակարգերին ու կարծրատիպերին։

Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերում մի շատ կարևոր, նուրբ տողատակ կար։

Բացի նրանից, որ Փաշինյանի նախաձեռնած համազգային երկխոսության առաջին կանգառը Լոս Անջելեսն է, նա նաև այն անվանեց «Սփյուռքի մայրաքաղաք»՝ ինչ-որ իմաստով հակակշիռ ստեղծելով ռուսաստանահայ համայնքի համար, որի վերնախավը շատ դեպքերում դառնում է Հայաստանում ռուսական ազդեցության գործիք։ Չենք պնդում, սակայն Փաշինյանի երեկվա խոսքը թերևս իշխանության ավելի գլոբալ վերանայումների, արժեքային նոր պատկերացումների հետևանք է, որը, անշուշտ, իր ազդեցությունն ունենալու է ոչ միայն ներհայկական հարցերում, այլ նաև արտաքին քաղաքականության մեջ։ Փաշինյանը նրբանկատորեն անում է քայլեր, որոնք ի վերջո կարող են հանգեցնել Հայաստանում Մոսկվայի միակողմանի ազդեցության սահմանափակմանը և Երևանի կողմից ավելի ճկուն ու բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացմանը։ Այս համատեքստում կարևոր դերակատարություն ունեն համազգային նոր օրակարգն ու դրա իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ գործիքները։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...