Վազգեն Մանուկյանի անսպասելի հայտարարությունն ու հրաժարումը

- in Կարծիք
Vazgen Manukyan

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ հեռանկարներին, խոսել է նաեւ 1996 թվականի ընտրության մասին եւ անսպասելի հայտարարություն արել:

«Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար», ասում է Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը փաստացի հրաժարվում է 1996 թվականի «պահանջից»: Այդ պահանջը իրավա-քաղաքական առումով նա երբեք չի էլ ներկայացրել, սակայն աներկբա է նաեւ, որ իբրեւ քաղաքական գործիչ Մանուկյանը դուրս չի եկել 1996-ի «բարդույթից»՝ Հայաստանում ձեւավորվող ամբողջատիրական համակարգին առաջինը հաղթողի եւ առաջինը խլված հաղթանակի տիրոջ «բարդույթից», միաժամանակ նաեւ հաղթանակին առաջինը «տեր կանգնել չկարողացած» գործչի «բարդույթից»:

Դա հետագայում շոշափելի ազդեցություն ունեցավ Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերայի հարցում, որը գնաց սրընթաց նվազման, թեեւ այդ գործում իհարկե իր դերն ունեցավ նաեւ իշխանության այն շրջանակը, որը 1998-ին եկավ առաջին դիրք եւ «ընդդիմության» առաջին դիրք բերեց Կարեն Դեմիրճյանին:

Վազգեն Մանուկյանն այժմ հայտարարում է 1996 թվականի պահանջից փաստացի հրաժարվելու մասին, ինչը նշանակում է, որ Մանուկյանը հաղթահարում է այդ «բարդույթները»: Ի՞նչն է բերել դրան, դժվար է ասել՝ որեւէ քաղաքական նպատակահարմարություն, կամ այլ հանգամանք: Ի վերջո, պետք է արձանագրել, որ պետական մակարդակում Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո է առաջին անգամ ճանաչվել Վազգեն Մանուկյանի խախտված իրավունքը: Դա տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Հանրային խորհրդի անդամներին, Վազգեն Մանուկյանին դիմելով խոսեց նրա քաղաքական հետապնդման եւ իրավունքի խախտման ենթարկված լինելու մասին:

Իսկ այդ խոսքը հանդիպումից մի քանի ժամ առաջ Փաշինյանի հղած ուղերձի փաստացի շարունակությունն էր: Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով հղված ուղերձը Փաշինյանը փաստացի վերածեց Հայաստանի հետանկախական շրջանի ներքին կյանքի քաղաքական գնահատականի, պետության անունից ներողություն խնդրելով ոչ միայն մարտի 1-ի զոհերի հարազատներից եւ տուժածներից, այլ ընդհանրապես քաղաքական հետապնդման եւ այդ շարժառիթով իրավունքի խախտման ենթարկվածներից:

«2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երեւույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում: Անթույլատրելի այդ երեւույթները մեր կյանքում ցավալիորեն արագ արտահայտվեցին Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ թվում էր, թե ժողովրդավարությունը հաղթել է անշրջելիորեն», մարտիմեկյան ուղերձում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

1996-ի վերաբերյալ Վազգեն Մանուկյանի ներկայիս հայտարարությունը շոշափում է Հայաստանի համար սկզբունքային հասարակական-քաղաքական հարցեր, որոնք խորքային առումով բխում են հենց Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձից:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ունի անցյալի գնահատման կարեւոր անհրաժեշություն, բայց ամենեւին ոչ այդ անցյալի հետ հավերժական վիճաբանության կամ «ռազբորկայի» սնուցման հարմարավետ նպատակով: Անցյալն անշուշտ ունի իր շոշափելի համակարգային հետքը ներկայում, սակայն խոշոր հաշվով ներկայի խնդիրը այդ հետքը ջնջելը չէ, որովհետեւ դրա համար անընդհատ հարկ է լինելու նայել հետ: Հրամայականը անցյալի հետքից առաջ պոկվելն է, արագացնելը:

Դա իհարկե հեշտ չէ, որովհետեւ մշտապես լինելու են անցյալը հիշեցնողներ, այսպես ասած «հետեւից ձայն տվողներ», եւ միշտ լինելու է «գլուխը հետ դարձնելու» գայթակղություն, որովհետեւ դա ավելի դյուրին է, քան արագ առաջ շարժվելը: Այդպես, մինչեւ անցյալի թեման իհարկե կսպառվի, ու հանկարծ կպարզվի, որ ձեւավորված, մշակված եւ համակարգային առումով «ցրցամ տրված» չէ ապագան:

Այդ իմաստով, Վազգեն Մանուկյանը ցույց է տալիս անձնական օրինակ: Իհարկե, նրա դիրքում դա ավելի հեշտ է, քան քաղաքական իշխանության, որովհետեւ բացարձակապես տարբեր են մարտահրավերները եւ խնդիրները: Բայց սկզբունքորեն, մոդելը դառնում է ավելի ու ավելի անհրաժեշտ հենց թավշյա հեղափոխության միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների ու նպատակների սպասարկման տեսանկյունից, որովհետեւ կարճաժամկետ եւ օպերատիվ խնդիրներն ու նպատակները հեղափոխությունն արդեն լուծել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...