Վահագն Հայրապետյան, Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

- in Մշակույթ

Օգոստոսի 23-ից Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը:

8 օր շարունակ տեղի ունենալիք փառատոնի շրջանակում կկայանա երկու բացման արարողություն. Օգոստոսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում – քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի եւ քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, որը ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է:

Իսկ օգոստոսի 24-ին Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացման արարողությունը, որտեղ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու եւ Վահագն Հայրապետյանի կատարմամբ կհնչեն Կոմիտասի գործերը:

Փառատոնային յուրաքանչյուր օրվա մեկնարկ կտրվի համերգային ծրագրով: Երգահան Վահան Արծրունին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին: «Հատուկ այդ համերգային միջոցռանումները կազմակերպելու համար բեմահարթակ է կառուցվել Կարապի լճի վրա եւ ամեն օր փառատոնի ընթացքում տեղի է ունենում համերգներ: Համերգային ծրագրի բացումն անելու ենք ես եւ Արտո Թունջբոյաջյանի կազմը, իսկ 27-ին համերգաշարը փակում եմ դարձյալ ես, ամբողջական համերգաշարով:

Խոսելով ստեղծագործական բաղադրիչների մասին՝ երաժիշտը նշեց, որ այս տարի ձեռագործ աշխատանքների եւ ֆոտո ցուցահանդեսներ են լինելու: Արծրունու խոսքով՝ փառատոնը գնալով դուրս է գալիս ավանդական կինոփառատոնի շրջանակներից, դառնալով լրջագույն մշակութային իրադարձություն, որը ընդգրկում է՝ կինոն, կերպարվեստն ու երաժշտությունը:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնը Հայաստանում իրականանում է 2014 թվականից: Փառատոնի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ֆրեսկոն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից ժամանած արվետագետների, հոգեւորականների:

Ամենամյա փառատոնը փորձում է ստեղծել մի հարթակ, որտեղ մարդիկ ապրեն եւ միասին կիսեն սեր, խաղաղություն, մարդասիրություն եւ համամարդկային արժեքներ:

«Ֆրեսկո» կամփոփվի ամենասիրված ծրագրերից մեկով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Սաղմոսավանքում: