Վարչապե՞տը, թե կոռուպցիան. բարձր գին

- in Կարծիք

Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում լինելու է հետեւողական, հակակոռուպցիոն ռազմավարության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

http://lragir.amՆա թերեւս չի տվել դրան կասկածելու առիթ: Բայց, կասկած չկա նաեւ, որ կոռուպցիան էլ հետեւողական է լինելու կառավարության դեմ պայքարում: Խոսքն իհարկե կորսվող դիրքերը ոչ միայն հնարավորինս պահելու, այլ նաեւ հնարավորության դեպքում քայլ առ քայլ վերականգնելու մասին է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կա ինստիտուցիոնալ կարողությունների խնդիր: Նա առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին: Հայաստանում կան ինստիտուտներ, բայց դրանք չեն աշխատում: Ավելին, դրանք իրենց հոգեբանությամբ վաղուց արդեն, տարիներ շարունակ գտնվում են կոռուպցիայից կախվածության վիճակում եւ այդ հոգեբանությունը շատ ինստիտուտների դեպքում ներծծված է անգամ պատերի մեջ:

Սակայն գլխավոր խնդիրը իհարկե պատերից դուրս է եւ գտնվում է մարդկանց գլուխներում: Բանն այն է, որ այստեղ է կոռուպցիայի դեմ պայքարի հետեւողականության գլխավոր հարցը: Մինչդեռ, հանրության գլուխներում ավելի մեծ հենարան ունի կառավարության դեմ կոռուպցիայի հետեւողականության հեռանկարը, քան կոռուպցիայի դեմ կառավարության պայքարը:

Այդ իմաստով, կառավարության հետեւողականության բազան հանրային լեգիտիմությունն է: Բայց այդ լեգիտիմությունը խիստ անորոշ կամ խիստ խառնածին է իր կառուցվածքում: Հանրության համար սահմանված չէ, թե ո՞րն է լեգիտիմության գինը: Հեղափոխության օրերին դա Սերժ Սարգսյանին մերժելն էր եւ համակարգը դուխով քննադատելը: Ո՞րն է լեգիտիմության գինը հեղափոխությունից հետո՝ նու՞յնը, ձերբակալվողների քանակը, անունը, նախկին պաշտո՞նը: Թե սոցիալ-տնտեսական արդյունքը: Իսկ ի՞նչ գնով արդյունքն է, որ հանրության համար կազմում է իշխանության լեգիտիմության գինը: Այդ հարցի պատասխանը չկա, մինչդեռ լեգիտիմության գնագոյացման այդ մեխանիզմը արդեն բավականին անկայուն, հեղհեղուկ է, ինֆլյացիայի մեծ հավանականությամբ:

Իսկ խնդրի արմատը իհարկե անցյալում է, եւ դրա համար պատասխանատուն որքան նախկին իշխանությունն է, նույնքան ընդդիմությունը: Որովհետեւ նախկինում ընդդիմությանը հետաքրքրել է իշխանության ամեն գնով հնարավորինս ապալեգիտիմացումը, իշխանության «գնագոյացման» մեխանիզմների ինստիտուցիոնալ եւ հոգեբանական աղավաղումների գնով:

Ավելին, խնդիրը գուցե այն տիրույթում է, որ լեգիտիմությունը Հայաստանում ունի գին, ոչ թե արժեք, եւ խորքային առումով հարցը հենց լեգիտիմությանը գնի փոխարեն արժեքը ձեւավորելն է: Դրանից է կախված խոշոր հաշվով՝ կոռուպցիայի դեմ պայքարում նոր կառավարությու՞նը կմնա իր հետեւողականության մեջ մենակ, թե՞ կոռուպցիան մենակ կմնա կառավարության դեմ իր պայքարում հետեւողականության հարցում:

Թե՞ մենակ կմնա հանրությունը՝ հոգեբանական եւ մտածողական, արժեհամակարգային ընկալումների տիրույթում լեգիտիմության արժեք սահմանելու փոխարեն պահանջելով բարձր գին, ով կվճարի՝ կառավարությու՞նը, թե՞ կոռուպցիան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...