Վարչապետը փակել է ճանապարհը. Կրեմլը առայժմ չի խանգարում

- in Միջազգային
iskander-zenq

Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է Թուրքիա եւ այդ երկրի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը, շնորհակալություն հայտնելով Ղրիմի հարցում դիրքորոշման համար, նշել է, թե համատեղ ջանքով կփոխեն իրավիճակը սեւծովյան ռեգիոնում եւ Ղրիմում:

http://lragir.amՀայտնի է, որ չնայած ռուս-թուրքական գործակցությանը, Թուրքիան հայտարարում է Ղրիմի բռնակցման մասին եւ չի ընդունում Ռուսաստանին միանալը: Դա իհարկե չի նշանակում, թե Թուրքիան Ղրիմը դիտարկում է Ուկրաինայի մաս: Թուրքիան Ղրիմը բռնակցված է համարում, որովհետեւ Ղրիմը համարում է իրենը:

Թվում է, թե սա Հայաստանի տեսանկյունից հեռավոր մի իրողություն է, սակայն Ղրիմի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը կարող է թելերից մեկով ուղիղ կապված լինել Արցախի հարցին, եւ Անկարան համաձայն է ճանաչել Ղրիմը, եթե Մոսկվան համաձայնի «փոխանակել» այն Արցախի հետ:

Այդ իմաստով հատկանշական է Ղրիմի գործընթացի եւ Արցախի շուրջ վտանգավոր զարգացումների ծավալումը: Դրանք տեղի են ունեցել գրեթե զուգահեռ: Ռուսաստանը վերցնում էր Ղրիմը, մյուս ձեռքով Ադրբեջանի հետ մշակում «կազանյան պլանի» ռազմական ճանապարհով իրականացումը:

Եթե դա ստացվեր, Թուրքիան հավանաբար կընդուներ Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին: Իհարկե Թուրքիայի դիրքորոշումը միայն Արցախով պայմանավորված չէ, սակայն դա կարող էր ունենալ նշանակալի ազդեցություն:

Արցախի դեմ ապրիլյան գրոհը կազմակերպվել էր Ռուսաստանի ձեռքով, սակայն հրաման տվողը թերեւս Էրդողանն էր: Ալիեւը չէր շարժվի առանց նրա հրամանի: Ռուսաստանի բաժինն Ադրբեջանին զինելն ու Հայաստանին «զինաթափելն» էր՝ ռազմա-քաղաքական առումով:

«Փոխանակումը» տապալեց հայկական բանակը: Բայց պլանն օրակարգից դուրս չեկավ: Այն դուրս մնաց թերեւս Կրեմլի գլխավոր աշխատասենյակից, որտեղ ապրիլյան պատերազմի օրերին բախվեցին ռեգիոնալ այդ քաղաքական սնանկության հետ: Միաժամանակ սակայն, Կրեմլը անկարող է դուրս գալ այդ քաղաքականությունից: Անկարող էր անգամ թուրքական հարվածից օդանավ ու դեսպան կորցնելու պարագայում:

Այդ հարցում Կրեմլին կարող է օգնել միայն Հայաստանը, եւ Հայաստանն սկսել է օգնել: Հայաստանում թավշյա հեղափոխության հանդեպ իր զուսպ, երբեմն խստաշունչ, բայց շոշափելի լոյալությամբ Կրեմլը գնահատում է այդ օգնությունը:

Իդեալականին մոտ կլիներ, եթե Կրեմլն իր հերթին օգներ Հայաստանին այդ հարցում: Բայց խորքային առումով չկա անգամ դրա կարողությունը եւ առավելագույնը թերեւս այն է, որ Կրեմլը գոնե չխանգարի եւ գործի այսպես ասած ռազմավարական դաշնակցության «ինստրուկցիային» մոտ:

Ռուսական իշխանության եւ մերձիշխանական, այդ թվում պետական պրոպագանդայի ընդհուպ հայկական ազգանուններով շրջանակների վերջին ամիսների վարքագիծը տարակույսն ու դժգոհությունն է այդ կապակցությամբ՝ ինչու՞ Կրեմլը Հայաստանին չի խանգարում ռեգիոնալ խաղի տրամաբանությունը փոխելու հարցում: Այդ դժգոհության նոր ալիքը հաջորդեց Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո: Ալիք, որը ներառում է թե ռուսական, թե հայկական փորձագիտական եւ մեդիաշրջանակներ, «կազանյան պլանը» Կրեմլի գլխավոր աշխատասենյակ վերադարձնելու մեծ նպատակի համար:

Երեւանը թավշյա հեղափոխությունից հետո որոշակի տակտիկական քայլերով փորձել է կանխարգելել այդ հեռանկարը, այդ շրջանակների համար հնարավորինս «փակ» պահելով վերստին Կրեմլ տանող ճանապարհը: Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ներկայացնում էր հայկական պետականության, նաեւ հայ-ռուսական իրապես միջպետական հարաբերության միջազգային նշանակության եւ ընդգրկման համար այդ առանցքային խնդրի առավել երկարաժամկետ, ռազմավարական տրամաբանությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան