Վարչապետն իր ամենադժվար նպատակի մասին. դիմադրության եռաժանին

- in Հրապարակ

Մեր նպատակն է մարդկանց ոգեշնչել, որպեսզի նրանք դառնան մտքի ակտիվիստ, «Սևան Ստարտափ Սամմիթ 2019» միջոցառմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

http://lragir.amՓաշինյանը հայտարարել է թերեւս իր ամենադժվար եւ բարդ նպատակի մասին՝ Հայաստանում մարդկանց վերածել «մտքի ակտիվիստի», ինչի ներքո թերեւս նկատի է առնվում մարդկանց նախաձեռնողական մտածողություն ձեւավորելը, խնդիրների լուծման մեխանիզմում հենարանը սեփական ուժը, միտքը, ստեղծագործականությունը դիտարկելը:

Բանն այն է, որ Հայաստանում անցնող քառորդ դարի շրջափուլում արվել է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ՝ մարդկանց «մտքի ակտիվիստությունից» հեռու պահելու համար: Եվ դա հաջողվել է, որովհետեւ նպաստավոր բազան կամ նախադրյալն էլ եղել է խորհրդային ամբողջատիրության տասնամյակների նստվածքը: Ամբողջատիրական համակարգերը ընդհանրապես «մտքի ակտիվիստությունը» դիտարկում են վտանգ: Ավելի մեծ վտանգ, քան օրինակ պարզապես «ակտիվիզմը»: Որովհետեւ պայմանական «պարզապես ակտիվիզմը» մեծ հաշվով համարձակ, համառ, հետեւողական, սակայն անընդհատ պահանջ է իշխանությանը, որը հնարավոր է կառավարել մերթընդմերթ դրանք կառավարելով, նաեւ կեղծ առիթներ եւ պահանջներ խթանելով, հրահրելով, ավելի կարեւորներն ու վտանգավորները այդպիսով դուրս թողնելով եւ այլն:

«Մտքի ակտիվիզմը», երբ մարդ ձեռնամուխ է լինում ոչ թե պահանջ ներկայացնելու, այլ իրավիճակ ստեղծելու՝ երբ այդ ստեղծած իրավիճակն է դառնում ինքնին պահանջ, գործնականում անկասելի երեւույթ է: Մեծ հաշվով, Հայաստանում թավշյա հեղափոխությունը հենց «մտքի ակտիվիզմի», այսինքն հանրահավաքների ունկնդիր մարդուց իրավիճակ ստեղծող մարդու անցման գործընթաց էր, որը բերեց անկասելի արդյունքի:

Մյուս կողմից, սակայն, դա շեղում էր ձեւավորված մտածողությունից, բայց ոչ մտածողության փոփոխություն: Առավել եւս, որ կան ամենատարբեր մոտիվներով խմբեր եւ շերտեր, որոնք թե նոր իշխանություն չեն, թե նախկին իշխանություն չեն, բայց որոնց համար եւս անցանկալի է «մտքի ակտիվիստ» քաղաքացու կամ մարդու ձեւավորումը, որովհետեւ այդ մարդը իրավիճակ է ստեղծելու ոչ միայն նոր իշխանության կամ հին համակարգի համար, այլ նաեւ իրենց, պահանջելով քաղաքականությամբ զբաղվելու կամ քաղաքականությունը գնահատելու նոր որակներ, բացառելով «փրկչի» կերպարի խաղարկման հնարավորությունը:

Ըստ այդմ, այդ մարդիկ շահագրգռված են Հայաստանում լոկ «պահանջող» քաղաքացու առկայությամբ, այլ ոչ թե իրավիճակ ստեղծող, որն այդ իրավիճակով է պահանջ դնում որեւէ մեկի առաջ, այդ թվում իրենց:

Մինչդեռ իրենք փայփայում են փրկչի, այսինքն պահանջ կատարողի տեխնոլոգիան իրենց օգտին աշխատեցնելու հույսեր, սպասելով, թե երբ է հանրության մի ստվար զանգված հուսահատվելու այն բանից, որ Փաշինյանը լավ պահանջ կատարող չէ, այլ ասում է՝ ահա հնարավորությունը, ստեղծեք նոր իրավիճակ, նոր իրողություններ: Եվ փրկչի տեխնոլոգիայի կիրառման պատեհ պահին սպասողների համար խոշոր հաշվով նշանակություն չունի, պահանջը ասենք Ռոբերտ Քոչարյանին «գլխատե՞լն» է, թե՞ թոշակ ու աշխատավարձ բարձրացնելը: Նրանց հետաքրքիր է, որ հանրությունը միշտ մնա այդ պահանջի ռեժիմում, որպեսզի մի օր էլ «փրկչի» տեխնոլոգիան աշխատի իրենց օգտին:

Նրանց թվում է, որ թավշյա հեղափոխությանն աշխատել է փրկչի, ոչ թե իրավիճակ ստեղծող մարդու տեխնոլոգիան:

Այլ կերպ ասած, «մտքի ակտիվիստի» ձեւավորման դիմադրությունը գալիս է երեք հիմնական կետից՝ նախկին իշխող համակարգ, դեռեւս ԽՍՀՄ-ից կամ գուցե ավելի վաղուց եկող մտածողական եւ հոգեբանական որոշակի բազային աղբյուրներ, եւ շրջանակներ, որոնք սպասում են «փրկչի» իրենց աստեղային ժամին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան