Տարօրինակ վիճակ. ՀՔԾ-ն խոսել է BBC սկանդալային նյութի մասին

- in Մամուլ

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործի հետ կապված որեւէ տեղեկատվություն չի տրամադրել BBC ռուսական ծառայությանը:

http://lragir.amԱյդ հարցը առաջացել է ծառայության հրապարակած արդեն հայտնի նյութի կապակցությամբ, որը մարտիմեկյան գործի մասն է եւ որտեղ շեշտադրվում է, որ ցուցարարների վրա կրակի գործողությունը ղեկավարել է Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, որն «արցախյան հատուկ ջոկատով» այդ օրերին եկել է Երեւան:

BBC ռուսական ծառայության հրապարակման մեջ տեղեկատվությունը տրվում է անանուն աղբյուրին հղումով: Աղբյուրը չի բացահայտել նաեւ նյութի հեղինակ հայ լրագրողը՝ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում, թեեւ հավաստիացրել է, որ հրապարակել են միայն համոզվելուց հետո, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Հետաքրքիր է, որ առայժմ լռում են Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնց անունը եւս շոշափվում է հոդվածում, այն համատեքստում, որ ըստ նյութերի նրանք են ֆինանսավորել ջոկատի հայաստանյան կեցությունը:

Իհարկե Գագիկ Ծառուկյանն այլ առիթներով մի քանի անգամ հայտարարել է, թե իր անունը Մարտի 1-ի ուժային գործողության հետ կապելը անբարոյականություն է:

Տվյալ պարագայում խոսքը հանցագործության մասին է, երբ քրեական գործի նյութերը հայտնվում են որեւէ լրատվամիջոցի տրամադրության տակ: Հատուկ քննչական ծառայությունը փաստացի ասում է՝ «ես կապ չունեմ»: Իսկ ո՞վ կապ ունի: Ենթադրվում է, որ դա պարզելը պետք է լինի իրավապահների գործը: Առավել եւս, որ մարտիմեկյան գործի առնչվող արտահոսքերն ամենեւին նորություն չեն: Պարզապես, փաստացի ստացվում է, որ դրանք արդեն ստանում են միջազգային մասշտաբ:

Իսկ դա թողնում է տպավորություն, որ, կամ գործի համար պատասխանատու իրավապահ կառույցները չեն կարողանում իրացնել իրենց պատասխանատվությունը, կամ հնարավոր է գործը այսպես ասած պաշտոնական խողովակով առաջ մղելու հնարավորությունը տապալել են եւ մնացել է զանազան մասշտաբի արտահոսքով այն առաջ մղելու եւ հանրության պահանջը «հագեցնելու» հնարավորությունը:

Իսկ դա կարող է նշանակել, որ Հայաստանի հանրությունը հայտնվել է լրջագույն, պետական եւ թերեւս համահայկական նշանակություն ունեցող մի հարցում տեղեկատվական «մագնիսական փոթորկի» դաշտում, որտեղ այլեւս ջնջված են իրականության, կասկածի, հավաստիության, մտացածինության եւ հնարավոր բոլոր սահմանները: Դա թերեւս պետք է լինում կամ հանցագործներին, կամ նրանց, ովքեր չեն կարողանում բացահայտել կամ ապացուցել հանցագործությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան