Տեխզննման կայանները պետությանն ահռելի նյութական վնաս են պատճառել

- in Պաշտոնական

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների հստակեցման նպատակով:

Արդյունքում նախ պարզվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող կայանների կողմից տևականորեն, համատարած կերպով կիրառված կոռուպցիոն հանցավոր սխեմաներով պետությանն ահռելի նյութական վնաս է պատճառվել: Արդեն տեղեկացվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու, կեղծիքների և պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում հարուցվել է ընդհանուր 26 քրեական գործ:

Վերջիններիս նախաքննությամբ պարզվել է, որ նշված ոլորտում տեխզննման կայանների պատասխանատու աշխատակիցները 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայություններ մատուցելու, այսինքն առանց տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու, քաղաքացիների կողմից բանկերում կատարվող՝ այդ ծառայության համար նախատեսված 5500-10500-ական ՀՀ դրամ գումարների վճարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարություն և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող այդ գումարները:

Նախնական հաշվարկներով պատճառված վնասը կազմել է շուրջ 2մլրդ 150մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում, 2019թ. հուլիսի 30-ի դրությամբ, վերականգնվել է ավելի քան 840 մլն ՀՀ դրամը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նկարագրված կոռուպցիոն մեխանիզմների ձևավորմանը նպաստել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունում առկա որոշակի բացերը, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծել վարորդների կողմից իրենց տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության ենթարկելու պարտականությունը որպես կանոն չկատարելու համար, ինչն ինքնին ստեղծում է ճանապարհատրանսպորտային երթևեկության անվնտանգության ռիսկեր:

Օրենսդրական բացերը հիմնականում պայմանավորված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցնելու կամ չանցնելու փաստը միայն կտրոնի առկայության կամ բացակայության հանգամանքով պայմանավորելուն հանգեցնող իրավական լուծումների, տեխզննության գործընթացի նկատմամբ պետության վերահսկողական հստակ իրավական մեխանիզմների անլիարժեքության հետ: Բացի այդ՝ առկա են նաև անհստակություններ տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման, վճարման գործընթացի իրավակարգավորումներում։

Ելնելով օրենսդրական այդ բացերը վերացնելու, երթևեկության մասնակիցների անվտանգության երաշխավորման պետության պարտավորությունը պատշաճ իրականացնելու, կոռուպցիոն դրսևորումներին նպաստող գործոնները բացառելու անհրաժեշտությունից՝ կատարված ուսումնասիրության արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին։

Տարածվել է տեղեկություն, որ գլխավոր դատախազությունը հաղորդում է ներկայացրել վարչապետին՝ ավտոմեքենաների տեխզննման գործընթացում կոռուպցիոն չարաշահումների եւ պետությանը պատճառած խոշոր վնասի վերաբերյալ գործի առիթով: Դատախազությունն արձանագրել է, որ տեխզննման կայանները կեղծիքով ներկայացրել են տվյալներ, պետությունից ստանալով մեծ փողեր: Միաժամանակ, դատախազությունն արձանագրել է, որ պատճառներից է օրենսդրական բացը, մասնավորապես այն, որ տեխզննման փաստը արձանագրում է միայն կտրոնի առկայությունը կամ բացակայությունը:

Ի՞նչ է հետեւելու դատախազության հաղորդմանը: Տեխզննման թեման վերջին շաբաթներին արդիական էր դարձել նաեւ ողբերգական վթարների վիճակագրության առիթով: Ոստիկանապետ Օսիպյանն էր օրինակ կառավարության նիստում խոսել պարտադիր տեխզննման վերաբերյալ:

Պարտադիր տեխզննումը չեղարկվեց դեռեւս Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում: Այդ ժամանակ ամրագրվեց, որ բավարար է կտրոնի առկայությունը, որը վարորդը գնում էր բանկից: Այլեւս չկար մեքենան տեխզննման կայան տանելու պարտավորություն: Պետք է արձանագրել սակայն, որ այդ քայլը թերեւս ավելի ազնիվ էր նաեւ վարորդի հանդեպ, որովհետեւ տեխզննման կայաններում մեքենան անցնում էր ձեւական, այսինքն ընդամենը «ներկա» էր դնում, առանց մեքենայի տեխնիկական վիճակն իրապես ստուգելուն:

Տիգրան Սարգսյանն ըստ երեւույթին եզրակացրել էր, որ անիմաստ է լինելու այդ ձեւականության դեմ պայքարի այլ տարբերակ, քանի որ տեխզննման կայանները ամենեւին պատահական անձանց չէ, որ պատկանում են, դրանց տերերը այդ ժամանակ իշխող համակարգի ազդեցիկ ներկայացուցիչներ էին, որոնք համակարգային իմաստով դիմադրում էին Տիգրան Սարգսյանի որեւէ ռեֆորմի:

Ըստ այդմ, Սարգսյանը հասավ առավելագույնը նրան, որ ոչ պարտադիր դարձավ առանց այդ էլ ձեւական տեխզննումը: Բայց, տեխզննման կայանների տերերին թողնվեց մի հնարավորություն, թերեւս որպես փոխզիջում, դրանից զրկել նրանց Տիգրան Սարգսյանը չկարողացավ: Բանկից գնված կտրոնը ուներ կից հատված: Վարորդը կարող էր մեքենան տանել տեխզննման կայան, կից հատվածը կտրում էին եւ վերցնում: Հետո տեխզննման կայանը յուրաքանչյուր այդ կտրոնի դիմաց պետությունից ստանում է 5 հազար դրամ: Բայց, մեքենան միեւնույն է՝ դարձյալ չէր անցնում տեխզննում:

Այդ մեխանիզմում էլ ինչ կեղծիք են թույլ տվել կայանները, թե՞ հենց ձեւականությունն է դատախազությունը դիտարկում կեղծիք եւ դրանով պետությունից փողի կորզում, թերեւս պարզ կարող է լինել գործի առավել հանգամանալից բովանդակությունից:

Այդ իմաստով, կար օրինակ տարածված երեւույթ, երբ տեխզննման կայաններից մեկի տերը, իշխող կուսակցության անդամ թաղային հեղինակություններից մեկը, վարչական շրջաններից մեկի շենքում եւ այլ մի քանի տարածքներում, որտեղից վարորդները կտրոն էին ձեռք բերում, «տեղակայել» էր իր խմբերը, եւ նրանք վարորդներից հավաքում էին տեխզննման կտրոնի կից կտրոնները, որոնք հետո «վաճառում» էին պետությանը՝ հատը 5 հազար դրամով:

Ի՞նչ է հետեւելու դատախազության բացահայտմանը: Պարտադիր տեխզննու՞մ, թե՞ պարզապես ձեւականության դիմաց պետության գրպանից 5000 կորզելու հնարավորության վերացում: Նոր կառավարությունը կկարողանա՞ տեխզննման սեփականատերերին կտրել պետության հաշվին ստացվող այդ փողից, թե՞ պարտադիր կդարձնի տեխզննումը: Պարտադիր տեխզննման դեպքում կերաշխավորվի՞ այնպիսի մեխանիզմ, որ վարորդները չդառնան այդ գործընթացի «զոհ», իրականում վճարելով, բայց չստանալով պատշաճ ծառայություն: Այն էլ մի երկրում, որտեղ մեքենաների գերակշռող մասը ունի բավականին մեծ տարիք, եւ այդ մեծ տարիքով մեքենաների վրա տեխնիկական որեւէ խնդիր հայտնաբերելը չի ներկայացնի որեւէ բարդություն: Կկարողանա՞ կառավարությունը մշակել այնպիսի չափանիշներ, որ տեխզննումը վարորդի համար չդառնա նոր գլխացավանք: Առավել եւս, որ Հայաստանում վթարների վիճակագրության տեսանկյունից մեղմ ասած խիստ կասկածելի է, թե դրանցում շոշափելի է տեխզննման պարտադիր չլինելու հետեւանքը: