Tigran Sargsyan

Կիրգիզիայում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական Խորհրդի նիստից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել ԵՏՄ նախագահող երկրի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հաղորդակցվե՞լ են արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանն Իսիկ-Կուլի ափին արտաետմական, ավելի կոնկրետ՝ համահայկական օրակարգով, որի շուրջ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել Ստեփանակերտում:

Բանն այն չէ, որ համահայկականության մի ուղղություն էլ եվրասիական տարածքն է հայկական իր ներուժով, եւ ինչպես Մեդվեդեւը կասեր՝ «բալշոյ նաչալնիկ» Տիգրան Սարգսյանով:

Երբ զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը, Տիգրան Սարգսյանն ինքն էլ շեշտադրում էր Հայաստանի խնդիրների լուծման հարցում համահայկական ռեսուրսի ՕԳԳ եւ կառուցվածքային մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը, առաջ քաշելով «Հայկական աշխարհի» գաղափարը:

Տիգրան Սարգսյանի այդ օրակարգը բխում էր թե նրա, թե նաեւ Սերժ Սարգսյանի քաղաքական անհրաժեշտությունից, որը 2008-ից հետո կանգնել էր ոչ միայն մարտիմեկյան ողբերգության բեռի, այլ նաեւ ֆինանսական լրջագույն բացի առաջ, որն էլ ավելի էր ծանրանում համաշխարհային տնտեսական ճգնաժամով, դրա՝ ռուսական տնտեսության վրա ազդեցությամբ:

Հայաստանում 2008 թվականի նախագահափոխությունից հետո առաջացել էր ֆինանսական դիսբալանս՝ իշխանության համար պատասխանատվության հարաբերակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, փոխվել էր, իսկ կապիտալի հարաբերակցությունը՝ ոչ: Իսկ Հայաստանում իշխանությունը որոշում էր կապիտալը:

Դրան զուգահեռ, կապիտալի արտաքին աղբյուրները «ցամաքում» էին, որքան էլ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանը խաղաղ նավահանգիստ է անդորր փնտրող կապիտալի համար: Հայաստանում անդորր էր միայն առերեւույթ, եւ Տիգրան Սարգսյանը դա ամենից լավ գիտեր, որը վարչապետի պաշտոնում զգում էր իր վրա ներհամակարգային փոթորկի ամբողջ ուժը:

Ադ իրավիճակում էլ նա առաջ քաշեց «Հայկական աշխարհի» գաղափարը, որը սակայն մի կողմից բախվեց նույն ներհամակարգային փոթորկին, մյուս կողմից՝ իշխող համակարգի եւ դրա գրեթե բոլոր ներկայացուցիչների հանդեպ հանրության կոշտ անվստահությանը: Ընդ որում, այդ անվստահությունը 2008-ից հետո հավասարապես բորբոքում էին թե ընդդիմությունը՝ իհարկե ոչ առանց հիմքի, թե նաեւ իշխող համակարգի մի շարք թեւեր, արդեն ներհամակարգային հաշիվների բերումով:

Այդ միջավայրում Տիգրան Սարգսյանը դատապարտված էր, այդ թվում իր «Հայկական աշխարհով»:

Ներկայում ոչ բառացի, սակայն գործնականում այդ գաղափարն է օրակարգ բերում, կամ փորձում բերել Նիկոլ Փաշինյանը, ինչը հստակ արտահայտված էր Ստեփանակերտի ելույթում: Կասկած չկա, որ Փաշինյանի նախաձեռնությունն էլ արժանանալու է լրջագույն հարվածների, ամենատարբեր ուղղություններից: Դրանց դիմակայելու համար կա կարեւոր մի ռեսուրս՝ Փաշինյանի վարկանիշը եւ վստահելիությունը: Սակայն դա անհրաժեշտ, սակայն բավարար ռեսուրս չէ: Որովհետեւ խփելու են ոչ միայն ներսից, եւ ոչ միայն նաեւ յուրայիններից շատերը, այլ նաեւ դրսից, որովհետեւ «Հայկական աշխարհը» գործնականում զուտ համահայկական հանգամանք չէ, այն համաշխարհային քաղաքականության սուբյեկտային իրողություն է, անգամ իր չամբողջացված տեսքով:

Ըստ այդմ, շատ կարեւոր է, որպեսզի գաղափարն ուղեկցվի առավել դետալային պատկերացումներով, միաժամանակ նաեւ նախկինում եղած մարտահրավերների փորձից քաղված դասով: Մարտահրավերները չեն լինելու նույն ամբողջությամբ, բայց փորձը կարեւոր է, եւ այդ իմաստով Տիգրան Սարգսյանը կարող է լինել թե պատկերացումների, թե հարվածների դասն ունեցող խորհրդատու: Պատրա՞ստ է նա կիսել փորձը Փաշինյանի հետ եւ թեկուզ անուղղակի, բայց երկրորդ անգամ՝ արդեն նրա միջոցով փորձել իր գաղափարը, թեեւ այժմ չունի այն քաղաքական մոտիվացիան, ինչ վարչապետի պաշտոնում:

Եվ հետաքրքի՞ր է այդ փորձն արդյոք Նիկոլ Փաշինյանին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...