Ստեփանակերտում 05.08-ին հնչած ՀՀ վարչապետի ելույթը, դատելով արձագանքներից, կարող է արժանանալ նույն աննախանձելի ճակատագրին, ինչ նախագահ Տեր-Պետրոսյանի 2016 դեկտեմբեր 16-ի տրամագծորեն հակադիր ուղերձը ՀԱԿ համագումարին: Խոսքը երկու դեպքում էլ հանրային ընկալման մեջ իշխող վակուումի մասին է:

Թեեւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատկառելի տարածություն է պահպանում ՀՀ ներկայիս վարչապետից [Լ.Տեր-Պետրոսյան …Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակը չէ, iLur.am Երեւան 23.02.19], Փաշինյանի ձգտումը տրամաբանական հստակության, ըստ երեւույթին, նրան է փոխանցվել մետրից: Համենայնդեպս, կոմերիտական սխոլաստիկան երկուսին էլ խորթ է: Հավանաբար հենց դա է խանգարում հայ քաղաքական դասին՝ վարժ հայերեն, սեւը սպիտակին շարադրած տրամաբանական համակարգը ընկալել իբրեւ ընդունելի կամ մերժելի, բայց, տրամաբանական համակարգ՝ ոչ թե խոստում:

Հանրային ընկալումը բաղկացած է պառլամենտական, կառավարական, նախագահական եւ մամլո՝ ազատ եւ պաշտոնական, ինտերպրետացիաներից: Քաղաքական դասը՝ թե հապճեպ զորակոչված կառավարող թեւը, թե իրական քաղաքականություն չտեսած «հին» ռեժիմականները, թե պառլամենտական հավելակցորդի «30-տոկոսանոցները» ի վիճակի չեղան նույն հող ու ջրի ծնունդ մարդու խոսքը մեկնաբանել: Այս պայմաններում սրվում է պետությամբ լիազորված քարոզչական մարմնի կողմից դրա իմաստը ընդարձակ տեսքով ուղղակի ժողովրդին հասցնելու անհրաժեշտությունը:

Այն, ինչ մեր համեստ նպաստով ջանում ենք անել վարչապետի սեղմ ելույթի վերաբերյալ, պիտի տասնապատիկ ծավալով կատարվեր ազգային քարոզչության միջոցներով: Դրա համար կա Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, Հանրային Ռադիո եւ Հանրային Հեռուստատեսություն պետական պրոպագանդայի «ահեղ եռաժանին»: Սակայն սրանց եթերի եւ մակերեսի զգալի մասը զբաղեցնում է կառավարող ռեժիմի պարզունակ, թող ներվի՝ տաղտուկ փաստաբանումը, որի ոճը անփոփոխ է դեռ Լեոնիդ «բարեգութ» Բրեժնեւի օրերից: Ավաղ, անբովանդակ կոմերիտ-տիրացուական շաղակրատանքի հակումները հեշտությամբ են փոխանցվում սերնդեսերունդ:

Շեշտենք. թվարկածը՝ պետական քաղաքականության լուսաբանման հարցում ժամկետանց, XX դարամիջի խմբագրաոճով, այդուհանդերձ, ազգային քարոզչամիջոցներն են: Ի տարբերություն ռուսական հսկողության տակ գտնվող ՄՀՌ ՓԲԸ «Միր», RT պետական գործակալության մասնաճյուղ «Սպուտնիկ-Արմենիա», ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարած RFE/RL կայանի բյուրո «Ազատություն», վերջինիս հարազատ եղբայրներ Օզոդի, Օզոդլըղ, Ազատիկ եւ, նույնիսկ, Ազատլիկ փաղաքուշ ու բարեհունչ օտար միջոցների:

Միջին Արեւելքի եթերում են անդուլ ԱՄՆ Կոնգրեսի եւ Հեռասփռողների խորհրդի անունից գործող, MEBN ընկերությամբ ղեկավարվող VOA-ի պարսկալեզու «Ֆարդա» (Էգուց) եւ արաբալեզու շուրջօրյա «ԱլՀուռռա» (Ազատ) եւ «Սավա» (Միասին) արբանյակային, ռադիոեթերային եւ առցանց լրատվամիջոցները, որ նոր անուններով են հանդես գալիս ավանդական «Սեդայե Ամրիկա» եւ «Սաուտու Ամերիկա» կայանների փոխարեն: Ֆրանսիական France 24 արաբերենին եւ RFI պարսկերենին ավելացել է RMC երբեմնի հանրաճանաչ կայանի անվանումն օգտագործող «Ռադիո Մոնտե Կարլո ԱդԴուալիյա» արաբալեզու առցանց կայանը: Առցանց եթերից անպակաս է 14 լեզվով քարոզող «Կոլ Յիսրայել»-ը եւ, իհարկե, ռեգիոնալ RT «Իսփութնիկ-Թյուրքիե»-ն ու «Ռուսյա ԱլՅոում»-ը:

Տրամաբանական քաոս տրամաբանելուն անսովոր հասարակության մեջ

Համապատասխան օտար կառավարությունների շահերը հետապնդող եւ հարկատուների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների այս հսկայական «էսկադրան» շուրջօրյա նավարկում է բնիկների ազգային ջրերում եւ օդապարիկ-ցեպելինների պես սավառնում գլխավերեւ, ունկնդրին օր ու գիշեր ռմբակոծելով հաճախ մոծակի խայթի պես բարակ, իսկ երբեմն էլ՝ ատոմային ուժգնության լիցքերով:

Այժմ քարոզչության ատոմային մահակը, Փաշինյանի ստեփանակերտյան ելույթի անմիջական առիթով, հայտնվել է BBC-ի ձեռքին: Ի տարբերություն RFE/RL/VOA, այս մեկը France24/FMM, DW եւ RT-ի պես չի շտապում անվանափոխվել, փայփայելով մետրոպոլիայի անցյալի քաղցր հուշը: Ինչպես կարող ենք համոզվել BBC վերջին օրինակից, հուշը այնքան էլ հուշ չէ: Ավելի ստույգ՝ մեր իրազեկման գաղութային ներկան այնքանով է ներկա, որքան մենք պատրաստ ենք հանդուրժել:

Իսկ մենք հանդուրժում ենք գրեթէ առանց սահմանափակման: Արդյունքում, վարչապետ Փաշինյանի ելույթի առթիվ քարոզչության ատոմային մահակը ձեռքից ձեռք է անցնում խնդրո առարկա 1923թ. Լոզաննի կոնֆերանսի օգտատերերի միջեւ [RFI: Փաշինյանի ելույթն ու BBC հետաքննությունը, 08.08]: Բրիտանական հաթաթային ձայնակցում է ոչ միայն պաշտոնական Փարիզի խոսափողը, այլեւ ռուսական RT/Սպուտնիկն, ինչպես եւ, բնականաբար, մեր սիրելի Ազատիկն ու Ազատլիկը: Վերջինի դերը երկրում գաղափարային եւ տրամաբանական քաոս սերմանելու գործում առանձնահատուկ է եւ առաջատար: Շուրջօրյա հայերեն հեռարձակող Ազատությունը, բնականաբար, մի առ ժամանակ պիտի զիջեր ռմբարկուի դերը այլ միջոցի, հետագայում դամքաշի դերը ստանձնելու համար: Ինչը եւ տեղի է ունենում:

Ուրիշ ի՞նչ դեր պիտի ունենային օտար լրատվամիջոցները ազգային քարոզչության «եռաժանու» թյուրիմաց ֆոնին: Ինչ դեր պիտի լիներ, եթե պետական կյանքի շատ ոլորտներում տիրող քաոսի վերաբերյալ ՀՀ վարչապետը հարցազրույցի է բռնվում քաոսը ըմբոշխնող օտար լրատվամիջոցի հետ [Ն.Փաշինյան-Հ.Թամրազյան RFE/RL 17.07]: Չմոռանանք, որ մերժված նախագահ Սերժ Սարգսյանը եւս երկրի կյանքին՝ տարածքներ հանձնելու իր որոշմանը [Ս.Սարգսյան, Der Standard 23.02.12] եւ «մենք միջազգային դեր չունենք» տերպետրոսյանական դրույթին իր հավատարմությանը վերաբերող խոստովանությունները կատարել է նույնպես օտար գործակալություններին [Ս.Սարգսյան, EFE 13.03.17]:

Քայլ առ քայլ, շինծու ներքին օրակարգի շուրջ հաշիվներ մաքրող հայաստանյան կողմերը հանդես են գալիս ոչ միայն տեղեկատվական ասպարեզը, այլեւ իրավականը օտարի տնօրինության հանձնելու օգտին: Խոսքը ոչ միայն ազգային բացառիկ իրավասությանը պատկանող խնդիրները օտար իրավարարությանը վերապահելու մասին է, այլեւ դատաիրավական ոլորտը ամբողջությամբ օտարերկրյա ֆինանսավորման անցկացնելու վարչապետ Փաշինյանի որոշման մասին [նույն՝ Ն.Փաշինյան RFE/RL 17.07]:

Տեղեկատվական-քարոզչական, սահմանադրական-իրավական ոլորտում ազգային ինքնիշխանությունը կամովին զիջած, ի՞նչ ակնկալիք ուներ ՀՀ վարչապետը Ստեփանակերտում իր ճառն արտասանելիս: Հայաստանի ջախջախման եւ հայ ժողովրդի ոչնչացման ու «գլոբալ» տարագրման իրավական հիմքը կազմող Լոզանն 1923-ի արեւմտյան եւ ռուս ճարտարապետները «բրավո» չպիտի ասեին:

Հուսահատ խռովություն ռեզերվացիայում

Ստեփանակերտի առիթով BBC եւ Co գործողությունը իր  քայքայիչ ուժով նման է, թերեւս, ԱՄՆ կառավարվող լրատվամիջոցների զանգվածային արշավին ի պաշտպանություն 2010-ին թուրքական «Մավի Մարմարա» նավակի հակաիսրայելյան գործողությանը:  Հակահայ ներկայիս արշավը ակներեւ կերպով ցույց տվեց տեղեկատվական ինքնիշխանության զիջման հետեւանքների ծանրությունը:

Ստեփանակերտյան ելույթի հայ-հայկական փոխազդեցության՝ Կոնստանդնուպոլսից մինչեւ Անի, Անտիոք եւ Եդեսիա (Մուսալեռ եւ Ուրֆա -խմբ.) միջակայքում դարերի ընթացքին հազվադեպ լուծված ծանրագույն խնդրին, այնուհետեւ Լոզանն 1923-ի մերժման՝ այն է ազգային տարածքները Երեւանի հովանու ներքո պաշտպանելուն եւ հայրենիքում բնակչության կրկնապատկմանը, տեխնոլոգիական վերազինմանը, «ընտանիք թե հայրենիք» ընտրությանը եւ կարեւորագույն՝ «պատերազմ թե կոտորած» ընտրությանը նվիրված լայնածավալ եւ բազմագույն կտավը պետք է որ շոկ եւ հիստերիա առաջացներ շուրջբոլորը:

Նախագահ Տեր-Պետրոսյանի նախընտրած «սովորական ազգի» փիլիսոփայությանը տրամագծորեն հակադիր փաշինյանական տրամաբանական համակարգը լուրջ բացատրության եւ լայն լսարանին հասկանալի քարոզչության կարիք ունի: Դրա բացակայության դեպքում լավ էր չհեռանալ մետրի դիրքերից, քանզի արտաքին դիմադրության վնասները, որին ականատես ենք, գերազանցելու են ենթադրյալ օգուտներին:

Բնական գավառական սահմանափակությունը հաղթահարելու փորձ կատարող պաշտոնական Երեւանը պետք է առաջին շարքի կադրային այլ դիմագիծ ներկայացնի եւ, համապատասխանաբար, բոլորովին այլ վերաբերմունք ինքնիշխանություն հասկացությանը: Տնտեսության, պետական շինարարության, տեխնոլոգիաների եւ, ամնենակարեւորը՝ կրթության եւ արվեստների ասպարեզում 4-5 տարվա ընթացքին թռիչքաձեւ աճի հավակնությունները էլիտայի ներկայիս վիճակով կասկածելի են:

Կադրային համալրումը անխուսափելի է: Այլապես՝ անխուսափելի են BBC-ն, Ազատիկն ու Ազատլիկը, Սպուտնիկ-Ռեգնումները եւ ուրիշներ: Այլապես՝ չարժեր գրգռել բարբարոսների այս բազմադեմ համույթին:

Մեզ պարտադրված արտաքին պայմաններով ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչված է բավականին տեւական մի պրոցեսի: Այդ ընթացքին, Առաջին աշխարհամարտի արեւմտյան հաղթողների կողմից «Սովետսկայա Արմենիյա» ռուսական ռեզերվացիային հանձնված հայությունը, կտրվելով արտաշեսյան, բյուզանդական եւ մեծհայքյան մարտնչող եւ հաղթող ազգի իր ժառանգությունից եւ դառնալով Կովկասի քույր ազգերի կրտսեր եղբայրացուն, պիտի մածամասամբ տարագրվի նաեւ այդ տարածքից, ինչը եւ բարեհաջող տեղի է ունենում ահա 30 տարի: Հայերի քաղաքակրթական նշանակությունը, մշակութային արժեքը պիտի հնարավորինս նվազի, դառնա «սովորական ազգին» վայել:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...